«Եթե Հայրիկյանը քեզ դիմում է, դու չես արձագանքում, դա ցույց է տալիս, որ դու լավը չես». Հայրիկյանը՝ «Ելք»-ին

«Հուսով եմ՝ այս ասուլիսից նրանք ինչ-որ բաներ կքաղեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Ելք» դաշինքի մասին՝ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը, ինչպես ցանկացած երկիր, գաղափարական ուժերի անհրաժեշտություն ունի, որովհետև գաղափարն է պետությանն առաջ մղող ուժը.

«Բայց մեզնից ո՞վ չգիտի, որ որևէ քայլ կատարելուց առաջ դու տեսնում ես՝ այս մարդն աշխարհում ինչ է արել։ Կարո՞ղ եք նշել մի գործ, որում նրանք մասնակից են եղել և հաջողություն են ունեցել, չեք կարող, հետևաբար, իրավունք ունեք վերապահությամբ վերաբերվելու իրենց հայտարարություններին, գնահատականներին՝ և՛ «Լուսավոր Հայաստանը», և՛ Նիկոլ Փաշինյանի կառույցը, և՛, մանավանդ, «Հանրապետությունը»…»։

Պ. Հայրիկյանը նշեց, որ այդ ամենով հանդերձ՝ ինքը վաղը եթե տեսնի նրանց կողմից դրական մոտեցում այն մոտեցումներին, որով իրենք են հանդես եկել, սիրով ինքն անձամբ կոչ կանի համագործակցել նրանց հետ.

«Մենք իրենց նախապես դիմել ենք, իրենք պատշաճ արձագանքի չեն արժանացրել։ Եթե Հայրիկյանը քեզ դիմում է, էլ չեմ ասում՝ ԱԻՄ-ն  է քեզ դիմում, դու չես արձագանքում, դա ցույց է տալիս, որ դու լավը չես, գոնե պետք է ասեիր՝ մենք այս կետերի հետ համաձայն չենք, իսկ այս դեպքում ինձ համար ակնհայտ է, որ իրենք ունեն հետին նկատառումներ»։ Հիշեցնենք, որ ԱԻՄ առաջնորդը նաև հայտարարեց, որ իրենք բանակցում են Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի  հետ՝ նախընտրական դաշինք ստեղծելու ուղղությամբ։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս