«ԱՄՆ-ն փորձում է խանգարել Աստանայում Սիրիայի հարցով կայանալիք բանակցություններին». ՌԴ ԱԳՆ
Մինչ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը փորձում են պայմաններ ստեղծել Աստանայում սիրիական կարգավորման հարցով բանակցությունների համար, ԱՄՆ-ը ձգտում է խախտել Սիրիայում փխրուն խաղաղությունը զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների ճանապարհով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Նրա խոսքով՝ չնայած «Վաշինգտոնի ապակայունացնող գործողություններին», իրավիճակը սիրիական կարգավորման ընթացքում զգալի բարելավվել է, իսկ հրադադարին հետևում են անգամ այն ուժերը, որոնք չեն մասնակցել բանակցային գործողություններին։
«ՌԴ ԱԳՆ-ն առաջնորդվում է նրանով, որ Աստանայում բանակցությունները կայանալու են հունվարի 23-ին»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան հաշվարկում է, որ սիրիական կարգավորման հարցով հանդիպումը նոր ուղի կհարթի Սիրիայում խաղաղություն հաստատելու ճանապարհին և կխթանի բոլոր կողմերի կառուցողական աշխատանքը ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցային գործընթաց սկսելու համար։
Զախարովան ընդգծել է, որ բանակցություններին ակտիվ աշխատանքը Ղազախստանի մայրաքաղաքում շարունակվում է։ Մասնակիցների կազմը, հանդիպման ձևաչափն ու այլ դետալներ ներկայումս քննարկման փուլում են։