Քաղաքապետարանի և կադաստրի ամանորյա նվերը՝ գործարարին
«Մոտ մեկ ամիս առաջ մեր ասոցիացիային դիմել էր մի անհատ ձեռնարկատեր, որը հասարակական նշանակության իրեն պատկանող շինությունն ընդարձակել էր: Արդեն չեմ ուզում անդրադառնալ, թե այդ մոտ 18 քմ կցակառույցի համար վերջինս ինչ ճանապարհ էր անցել՝ շինթույլտվություն, նախագիծ և այլն: Միայն, որպեսզի պատկերացնեք, շինությունն անելու համար ավելի քիչ գումար էր ծախսել, քան թույլտվությունների, նախագծերի համար պետական և «ոչ պետական» վճարների համար: Վերջում դիմել էր կադաստրի վկայական ստանալու համար, մերժել էին:
Հիմա ուշադրություն՝ շեղում են հայտնաբերել մի կողմից՝ 3 սմ, մյուս երկու կողմերից՝ իրար հետ 10 սմ: Սա եղել է երեսպատման սալիկի հաստությունը։ Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ է զգում տվյալ փոքր բիզնեսը, երբ միևնույն ժամանակ՝ հեռուստացույցով տեսնում է՝ մեկ այլ արտոնյալ գործարար մի քանի 100 քմ-անոց շինություն է կառուցել քաղաքի սրտում, պաշտոնական բացում է արվում, և բնական է՝ նրա մոտ «ոչ մի սմ-ի խախտում» չկա»,- 168.am-ի հետ զրույցում Ամանորին ընդառաջ՝ ուսանելի պատմություն պատմեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը։
Ըստ նրա՝ այս հարցով դիմել են վարչապետի հանձնարարականով ստեղծված Թեժ գծերով զբաղվող անձանց, բայց արդեն մեկ ամիս է անցել, դեռևս զանգում են մի պետական մարմնից՝ մյուսին: