Տեղի է ունեցել «Տու-154» ինքնաթիռի զոհերի առաջին հուղարկավորությունը
Նախօրեին Մերձմոսկվայի ռազմահուշարձանային գերեզմանատանը տեղի է ունեցել ռուսական «Տու-154» ինքնաթիռի զոհերի առաջին հուղարկավորությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը։
«Մենք հայտնել ենք զոհերի ընտանիքներին, որ դաշնային ռազմահուշարձանային գերեզմանատունը նրանց տրամադրության ներքո է։ Երեկ այնտեղ տեղի է ունեցել առաջին հուղարկավորությունը»,- ասել է Պանկովը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա հավելել է, որ մյուս զոհերի հուղարկավորությունը տեղի կունենա բժշկական փորձաքննության ավարտից հետո։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Միտիշչայում հուղարկավորվել է ՌԴ պաշտպանության նախարարության մշակույթի բաժնի ղեկավարի օգնական Օքսանա Բատրուդինովան։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել փակ ռեժիմով։ Եվս 13 զոհի հարազատները ցանկություն են հայտնել, որ իրենց մտերիմները հուղարկավորվեն այդտեղ։