Բաժիններ՝

«Ամանորին ընդառաջ՝ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի ավելի պասիվ գնաճ է եղել». Մելիտա Հակոբյան

«Շուկայում ընդեղենի գների աճը բավականաչափ բարձր տեմպեր է հավաքել»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։ Նա նշեց, որ վաճառողներն ընդեղենի գների աճը հիմնավորում են նրանով, որ Լարսի ճանապարհը փակ է եղել.

«Բայց մենք դրանից հետո էլ կատարեցինք ուսումնասիրություն, ոչ մի փոփոխություն չկար։ Եթե ընկույզը, պնդուկը դրա հետ է կապված, բայց չէ՞ որ՝ դեղձը, ծիրանը մերն են։ Դրանց հետ կապված էլ ասում են՝ էս տարի քիչ է եղել։ Ընդհանուր առմամբ՝ մսի շուկայում շատ քիչ փոփոխություն կա, որովհետև միս շատ կա։

Միս-մսամթերքը չի փոխվել, նույնն է մնացել, բայց, չգիտես ինչու, խանութները տարբեր տեսակի մսամթերքների վրա ավելացնում են գինը մոտավորապես 50 տոկոսով, հատկապես դա բաստուրմային է վերաբերում։ Ասենք, արտադրողը խանութին տալիս է 5000-ով, խանութը վաճառում է 9000-ով։ Մնացածի առումով դեռևս թանկացում չի եղել»։

Ըստ Մ. Հակոբյանի՝ Ամանորին ընդառաջ՝ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի ավելի պասիվ գնաճ է եղել։ Նրա դիտարկմամբ՝ դա պայմանավորված է նրանով, որ մարդկանց մոտ գնողունակությունն է պակասել, սպառողների դեֆիցիտ է.

«Մենք սպառող չունենք, որ գնի ապրանքներ, իսկ նրանք, ովքեր Հայաստանում են մնացել և գնումներ են կատարում, ավելի շատ գնում են առաջին անհրաժեշտության ապրանքները»։

Հարցին, թե՝ վարչապետը հանձնարարել էր հատկապես նոր տարվա շեմին վերահսկողության տակ պահել գների աճը, հայտարարությո՞ւնն է զսպել, որ գների շատ մեծ աճ չլինի՝ Մ. Հակոբյանն այսպես պատասխանեց.

«Չգիտեմ՝ հայտարարությո՞ւնն է զսպել, թե՞ մարդիկ փող չունեն, առևտուր չեն կարողանում անել»։ Մ. Հակոբյանը հիշեցրեց, որ հայտարարել էին, որ «Բեկոն պրոդուկտի» և «Բարի Սամարացիի» ապրանքների որակը կասկածելի է.

«Առաջարկել էինք լրագրողներին՝ գնալ և անակնկալ մատուցել այդ արտադրողներին։ «Բեկոն պրոդուկտ» եկան ընդամենը 3 լրատվամիջոց, իսկ «Բարի Սամարացի»՝ ոչ մեկը չեկան։ Մենք մեր մասնագետներով գնացինք ու ուսումնասիրությունը կատարեցինք»։

Մ. Հակոբյանը նշեց, որ այդ ուսումնասիրությունների արդյունքում՝ վատ ցուցանիշներ չեն ունեցել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս