Բաժիններ՝

«Ցանկացած արվեստագետի համար շատ բարդ է` չգնալ գումարի հետևից և ստիպված չլինել անել այն, ինչի դիմաց վճարում են»

Մեր զրուցակիցն է ճանաչված դիզայներ ոսկերիչ, քանդակագործ Արման Դավթյանը` Նուռը, ով բոլորովին վերջերս պաշտոնապես դարձավ Արման Նուռ` փոխելով իր ազգանունը
Արման Դավթյանի հետ զրուցեցինք Երևանում մոտ ժամանակներս տեղադրվելիք նոր արձանախմբի, Ֆլորենցիայում կայանալիք «Բիենալեի» և ստեղծագործական պլանների մասին։

– Արման, հայտնի է, որ Երևանում Ձեր նոր արձանախումբը կտեղադրվի: Կբացե՞ք փակագծերը։ Ի՞նչ արձանի մասին է խոսքը։

– Արդեն նախապատրաստական աշխատանքներն արված են։ Արձանախումբը կտեղադրվի Մանկական արյունաբանական նորաբաց կենտրոնի մուտքի դիմաց։ Այն կլինի երեխաների և մանկության թեմայով և կկրի «Նվիրի՛ր կյանք» անվանումը։ Նախատեսվում է, որ բացումը պետք է լինի փետրվարին։ Չեմ ուզում Աստծուց առաջ ընկնել, վստահ եմ, որ մյուս տարի բացումը կլինի։ Սա իմ նոր նախագիծն է, որի վրա ներկայումս աշխատում եմ։

Բացի դրանից, 2017թ. նախագծերի մեջ արդեն կա մասնակցությունս Ֆլորենցիայի միջազգային «Բիենալեին», որը համարվում է արվեստի ամենահեղինակավոր «Բիենալեն»։ Պետք է մասնակցեմ իմ նոր աշխատանքով, որը պատրաստում եմ տվյալ «Բիենալեի» համար։ Հայաստանից միայն ես եմ լինելու։

Կարդացեք նաև

nur-2

– Ի՞նչ աշխատանք եք ներկայացնելու Ֆլորենցիայում։

– Չեմ կարող բացահայտել այդ գաղտնիքը, քանի որ դա ոչ միայն իմ գաղտնիքն է, այլև «Բիենալեի» պահանջն է, որ աշխատանքի թեման չբացահայտվի նախապես, որպեսզի անաչառ լինի դատը։ Դա մրցույթ է, և աշխատանքը նախապես գովազդել չի կարելի։

– Բոլորովին վերջերս Ձեր անունը կրող ցուցասրահում ներկայացվեց «Սաթենիկ թագուհու զարդատուփը» զարդերի նոր հավաքածուն։ Ի՞նչ սկզբունքով են միավորված այդ զարդերը։

– Իհա՛րկե, միավորում է Արտաշեսի և Սաթենիկի սիրո պատմությունը։ Հիմքում դրված է հետևյալը։ Պատմությունից մենք գիտենք, որ Արտաշես թագավորը սիրել է Սաթենիկին, առևանգել է նրան, սակայն Սաթենիկը 6 տարի չի համաձայնել դառնալ նրա կինը։ 6 տարի անց նա սիրահարվել է Արտաշեսին, և ունեցել են 6 երեխա։ Այս պատմության հիմքը վերցնելով` ես որոշեցի հոգեբանական փոքրիկ հետազոտություն անել, թե ինչպես է տղամարդը գրավում կնոջ սիրտը, ինչ քայլեր է անում։ Եվ բազում քայլերի մեջ նաև զարդեր նվիրելն է տղամարդու կողմից դիտվում` որպես կնոջ սիրտը գրավելու ևս մեկ քայլ։ Եվ այդ նվերների գաղափարը փորձել եմ արտահայտել այդ հավաքածուում` թե ի՞նչ կնվիրեր Արտաշեսը Սաթենիկին` նրա սիրտը գրավելու համար։

nur-5

– Այսինքն` կնոջ սիրտը գրավելու եղանակներից մեկը զարդեր նվիրե՞լն է։

– Այո՛, ոչ հիմնականը, նաև նվերներով, որոնք տղամարդն անում է կնոջը` նրա սիրտը գրավելու համար։ Ինչո՞ւ ոչ։

– Արման, ո՞վ կարող է Ձեր զարդը կրել։ Հարցազրույցներից մեկում ասել եք, որ «ցանկացած ստեղծագործություն երեխա է, նորածին. ինձ մոտ նրա ծնունդին երկու հոգի են մասնակցում` պատվիրատուն և ես»։ Որքանո՞վ է կարևոր Ձեզ համար` ով է կրում զարդը։

– Միանշանա՛կ շատ կարևոր է։ Երբ իմ ցուցասրահից ինչ-որ մեկը փորձում է զարդ գնել, նաև անցնում է իմ կողմից այդ քննությունը` արդյո՞ք ինքն արժանի է այդ զարդը կրել, թե՞ ոչ։

nur-3

– Այսինքն` լինում են դեպքեր, երբ մերժում եք տվյալ մարդուն։

– Անշուշտ։ Ոչ թե կոպիտ կմերժեմ, այլ քաղաքավարի կերպով կփորձեմ համոզել, որ մյուս զարդն ավելի կսազեր և ավելի հարիր կլիներ նրան, և կարծում եմ` իմ աշխատանքային և կյանքի փորձը թույլ է տալիս, որ մարդիկ այդ հարցում ինձ վստահեն։

– Ըստ Ձեզ` ի՞նչ է ստեղծագործական ազատությունն արվեստագետի համար։ Փաստորեն, եթե ցանկանում եք, որ Ձեր զարդերը կրի տվյալ մարդը, դա էլ է ստեղծագործական ազատություն։

– Միանշանակ, դա իմ կյանքի ամենամեծ նվաճումներից մեկն է, եթե ոչ` ամենամեծը, որ ինքս կարողանում եմ ընտրել իմ պատվիրատուին, ինքս որոշել, թե ինչ պետք է պատրաստեմ։ Կարծում եմ, որ դրան պետք է կարողանալ արժանանալ։ Ցանկացած արվեստագետի համար շատ բարդ է` չգնալ գումարի հետևից և ստիպված չլինել անել այն, ինչի դիմաց վճարում են։ Ցավոք, մեր իրականության մեջ շատ հաճախ ենք դրան հանդիպում։ Իմ պարագայում ես կարողացել եմ ապացուցել ինքս ինձ և մյուսներին, որ կարող եմ լինել ազատ։

Իսկ ի՞նչ է ազատությունը ստեղծագործ մարդու համար` դա թևերն են, այսինքն` ստեղծագործական ազատություն ունենալով` ստեղծագործողը կարող է ճախրել, կարող է լինել անբռնելի, կարող է ստեղծել ցանկացած բան և չվախենալ չհասկացվածությունից։

nur-8

– Բայց արդյո՞ք գոյություն ունի բացարձակ ազատություն։

– Ներքին բավարարվածությունը պետք է լինի հիմնական խթանիչ ուժը ստեղծագործողի համար։ Դա շատ կարևոր է։ Դա կապանք չէ։ Ներքին բավարարվածությունը եթե կա, և չկա մնացած ուրիշ ոչ մի կապանք, ուրեմն ստեղծագործողը ցանկացած բարձունքի կարող է հասնել իր ստեղծագործական կյանքում։ Ինչ վերաբերում է ինձ, ես էլ շատ երկար տարիներ աշխատել եմ, որպեսզի ունենամ այդ ազատությունը, և բազում զրկանքների եմ գնացել։ Ցանկացած դժվարություն տեսել եմ կյանքում, մինչև այս ազատությունը ստանալը, պարզապես եղել եմ համառ շատերից և անկոտրում։

– Հարցազրույցներից մեկում ասել եք, թե` «եթե գեղեցիկը հիմնավորված և պատճառաբանված չէ, ուրեմն գեղեցիկ չէ և հավերժ չէ»։ Բայց գեղեցիկը կարիք ունի՞ հիմնավորվելու ու պատճառաբանվելու։ Արդյոք ամեն մեկը յուրովի չի՞ ընկալում գեղեցիկը։

– Ես նորից կկրկնեմ ասածս։ Անցած պատասխանիս մեջ կա ներկա հարցի պատասխանը։ «Գեղեցիկ չէ»-ն կարող է կասկածի առիթ դառնալ, և ամեն մարդ յուրովի ընկալի գեղեցկությունը, բայց հավերժը, պատմության մեջ հավերժ գեղեցիկ մնալը, գեղեցիկը պատմության մեջ հավերժ թողնելը լինում է հենց այդ պատճառաբանված գեղեցկության դեպքում։

nur-6

– Արման Դավթյանը պաշտոնապես դարձել է Արման Նուռ։ Ինչո՞ւ որոշեցիք վերցնել Նուռը` որպես ազգանուն։ Բավարա՞ր չէր, որ Ձեզ բոլորը ճանաչում են` որպես Նուռ։

– Նախ և առաջ` որոշեցի դուրս գալ մականուն հասկացությունից։ Ցանկացա, որ դա մականունից վերածվի պաշտոնական ազգանվան։ Ինչո՞ւ ազգանուն և ոչ` անուն, որովհետև որոշեցի թողնել ազգանունն իմ երեխաներին, որպեսզի ունենամ ազգանվանս շարունակողները, ինչն ինձ համար շատ կարևոր էր։ Հետևաբար, երեխաներս էլ արդեն դարձել են Նուռ։ Կարծում եմ` մի քիչ էլ ազգանվեր գործ արվեց, որպեսզի նուռն ազգայնանա։

nur-7

– Ամփոփելով անցնող տարին` ինչպիսի՞ն էր այն Ձեզ համար։ Ինչո՞վ այն առանձնացավ Ձեզ համար։

– Տարին բուռն էր, խառն էր և՛ լավ, և՛ վատ իրադարձություններով։ Ես երկրից առանձին չեմ ապրում, հետևաբար` խնդիրներն ինձ համար շատ արդիական էին` և՛ շատ վատ իրադարձություններ կային, պատերազմ, և՛ լավ իրադարձություններ կային։

Չեմ կարող ասել, թե շատ հաջողակ կամ չափազանց ծանր տարի էր, բայց կարելի է ասել, որ տարին անցավ և անցավ ցավերով։ Կցանկանամ, որ ցանկացած մարդ հաջորդ տարի գտնի մեծ սեր։ Բոլորս գիտենք` սերը որքան ուժեղ զգացմունք է. այնքան ուժ ունի սերը, որ անգամ պատերազմները կարող է կանգնեցնել, հիվանդությունները բուժել, սերը կարող է մարդուն երջանկացնել։ Հետևաբար` ցանկանում եմ, որ այսուհետ ցանկացած մարդ գտնի իր մեջ այդ սերը։

nur-4

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս