Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ է հրավիրելու. ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը մեզ հայտնեց, որ խորհրդի ձեւավորումը վերջնականապես ավարտելուց հետո նոր նիստ կհրավիրեն:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե մինչեւ տարեվերջ խորհրդի նիստ կհրավիրեն: Ավելի վաղ Ռ. Թադեւոսյանն էլ էր ասել, որ այդ նիստը մինչեւ տարեվերջ կհրավիրվի: Երեկ արդեն անդրադառնալով այդ հարցին՝ նա չբացառեց, որ այդ նիստը ոչ թե մինչեւ տարեվերջ, այլ եկող տարվա սկզբին տեղի ունենա: «Երբ խորհուրդը համալրենք, ձեւավորումը ավարտենք, այդ ժամանակ էլ նիստ կանենք: Մեր գրաֆիկը հո Նոր տարու Ձմեռ պապով չի պայմանավորված»,- ասաց նա:

Իսկ ՀՀԿ խորհրդի նիստի ինտրիգը Սերժ Սարգսյանի կուսակցական տեղակալների հարցն է, որտեղ Ռ. Թադեւոսյանը չբացառեց, որ փոփոխություններ կլինեն: Արդեն հայտնի է, որ առաջին տեղակալը լինելու է վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս դեպքում թերեւս ինտրիգը կարող է լինել Հովիկ Աբրահամյանի հարցը: «Եկեք անուններով չասենք, դա նախագահի իրավունքն է: Մեկ շաբաթ, թե երկու շաբաթ հետո կլինի, կտեղեկանաք»,- այս խուսափողական պատասխանը տվեց Ռ. Թադեւոսյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս