Ինչպե՞ս է պետական հատվածում աշխատավարձը նվազել, մասնավորում՝ ավելացել
«Դա է մեր վիճակը։ Ակնկալում էինք, որ ավելի շատ կլինի ակտիվությունը, բայց, փաստորեն, տարվա ընթացքում եղած պրոցեսներն ազդեցին նաև, որ տարվա վերջ տնտեսական ակտիվություն չկարողացանք ապահովել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ մեկնաբանելով այսօր ԱՎԾ-ի հրապարակած ՏԱՑ ցուցանիշը։
ՏԱՑ-ը, հիշեցնենք, այս տարվա հունվար-նոյեմբերի համար, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կազմել է ընդամենը 0.6%։
Ըստ Ս.Ավետիսյանի՝ բազմիցս ասվել է, որ մեր տնտեսության վրա ավելի շատ արտաքին շուկայի հետ կապված խնդիրներն են ազդել։
Անդրադառնալով աշխատավարձի ցուցանիշներին, որ պետական հատվածում 1.2% նվազում է գրանցվել, իսկ մասնավորում՝ 4.4% աճ, ՀՀԿ-ական պատգամավորը տարակուսեց և դժվարացավ բացատրություն գտնել, թե ինչի՞ հաշվին են պետական աշխատավարձերը նվազել. «Իրականում պետական հատվածում որևէ բան չի փոխվել, ես չգիտեմ՝ ինչի՞ հետ են կապում, ինչի՞ հետ են համեմատում։ Պետական հատվածում որևէ փոփոխություն չի եղել օրենսդրական առումով, որպեսզի նվազեր։ Մենք ո՛չ օրենք ենք փոխել, ո՛չ էլ ենթաօրենսդրական ակտ, որ աշխատավարձի չափը փոխվեր։ Դրա համար, մինչև չհասկանամ՝ ինչպես են հաշվարկել, չեմ կարող մեկնաբանել։ Իսկ մասնավոր հատվածում տարվա վերջին ցուցանիշով պետք է գնահատական տրվի»։