Այս տարի ՀՀԿ-ին անդամագրվել է 6000 մարդ, լքել՝ 1000-ը
Հայաստանում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տարին փակում է 158 հազար անդամով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ տարեսկզբին անդամների թիվը շուրջ 152 հազար է եղել:
Արմեն Աշոտյանը նաև հայտնեց, որ տարվա ընթացքում կուսակցությունը լքել է շուրջ հազար մարդ: «ՀՀԿ-ն ոչ միայն ընդունում է մարդկանց, այլև հեռացնում է: Լինում են բնական կորուստներ՝ մահեր, մարդիկ, որոնք դուրս են գալիս կուսակցությունից: Կուսակցությունը բաց քաղաքական մարմին է, դինամիկ՝ իր մարդկային ռեսուրսով»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Հարցին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի անդամակցությունից հետո՞ է 1000 մարդ լքել կուսակցությունը, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Այս առումով պատմությունը լռում է, որովհետև նման դեպքերի ականատեսն ու արձանագրումը գոյություն չունի»: