Ով որքան շինարարություն է անում Հայաստանում
Պաշտոնական վիճակագրության տվյալներից դատելով՝ ՀՀ շինարարության ոլորտը 2016 թվականն էլ է փակելու զգալի անկումով։
Այսպես, 2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում իրականացվել է 275.6 մլրդ դրամի շինարարություն (ընթացիկ գներով), ինչը 9.8%-ով զիջում է 2015 թվականի նույն ժամանակահատվածին։Միայն հոկտեմբերին իրականացվել է 39.5 մլրդ դրամի շինարարություն (2015 թվականի հոկտեմբերի համեմատ անկումը՝ 12.2%)։
Պետական բյուջեի միջոցներով կատարված շինարարության ծավալը 2016-ի առաջին 10 ամիսներին նվազել է 26.3%-ով և կազմել 28.9 մլրդ դրամ։
Համայքների միջոցով իրականացված շինարարությունը 16.9%-ով աճել է՝ կազմելով շուրջ 5.9 մլրդ դրամ։
Միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալներն աճել են 18.8%-ով և հասել 39.2 մլրդ դրամի։ Այդ թվում, Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվել է 13.8 մլրդ դրամի շինարարություն (աճը՝ 22.8%), Ասիական զարգացման բանկի միջոցներով՝ 17.5 մլրդ դրամի շինարարություն (աճը՝ 36.1%)։
Մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացվել է 4.2 մլրդ դրամի շինարարություն (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 38.2%-ով պակաս)։ Այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացվել է 886.8 մլն դրամի շինարարություն (նվազումը՝ 15.7%)։
Կազմակերպությունների միջոցներով իրականացված շինարարությունը նվազել է 12.1%-ով և կազմել 128.3 մլրդ դրամ։ Իսկ բնակչությունը շինարարական գործունեությունը նվազեցրել է 8.1%-ով և իրականացրել 69 մլրդ դրամի շինարարություն։
Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ 2016 թվականի առաջին 10 ամիսներին իրականացված շինարարության մոտ կեսը՝ 46.6%-ը, իրականացվել է կազմակերպությունների հաշվին։
Բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալը ընդհանուրի 25.1%-ն է, իսկ տեսակարար կշռով երրորդ տեղում միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարությունն է՝ 14.2%։