Ո՞վ է Կայարանի կանգառում ապրող կինը
«168 Ժամ» թերթի խմբագրությունն ընթերցողներից ահազանգ էր ստացել, որ Տիգրան Մեծ-Սասունցի Դավիթ խաչմերուկի ավտոբուսի կանգառներից մեկում այս ցուրտ եղանակին մի տարեց կին ծածկոցով փաթաթված՝ նստած է: Գնացինք ահազանգի հետքերով ու զրուցեցինք տարեց կնոջ հետ, ով ասաց, թե արդեն քանի ամիս է՝ փողոցում է հայտնվել: Եվ, քանի որ նրա հետ զրույցից դժվար էր կոնկրետ պատկերացում կազմել, թե ինչպե՞ս է հայտնվել այդ վիճակում, մեր զրույցը ներկայացնում ենք ստորև առանց խմբագրման և հուսով ենք, որ պատկան մարմինները միջոցներ կձեռնարկեն կնոջը փողոցում չթողնելու համար:
– Ձեր անունն ի՞նչ է:
– Մանիկ Վարդանյան: Ես երկու անուն ունեմ. ինձ Ժենյա էլ են ասում:
– Իսկ ինչո՞ւ եք այստեղ, ինչո՞ւ տուն չունեք:
– Իմ տունը, բալա ջան, ծախել են: Ես ապրել եմ Սարի թաղում, իմ 8 ախպերը տունս ծախել են մի հատ «խուժան» կնկա համար: Իրանք էլ գնացել են Գերմանիա, ինձ էլ թողել են դրսում:
– Իսկ ինչո՞ւ են գնացել:
– Տունս ծախել են, չգիտե՞ս: Զանգել եմ թաղային, միլիցեքին եմ դիմել, իրենք բան չեն անում:
– Հիմա Դուք այստե՞ղ եք «ապրում»:
– Հա: Արդեն քանի ամիս ա՝ ստեղ եմ:
– Իսկ Դուք երեխաներ չունե՞ք:
– Ոչ մեկը չունեմ:
– Իսկ ինչո՞վ եք սնվում:
– Օրը մեկը հացի փող ա տալիս:
– Իսկ Դուք քանի՞ տարեկան եք:
– Շատ եմ:
– Կոնկրետ քանի՞ տարեկան եք:
– Ես էլ չգիտեմ:
– Իսկ Ձեր եղբայրները գիտե՞ն, որ դրսում եք:
– Իրանք գնացել են, ինձ տիրություն չեն անում: Տունն էլ ծախել են: Պետությունն էլ գիտի էդ մասին:
– Այդ տունը Ձե՞ր անունով է եղել:
– Հա:
– Բա ինչպե՞ս են վաճառել:
– Ես ի՞նչ գիտեմ: Իմ տունը Սարի թաղում էր:
– Իսկ տունը վաճառելիս Ձեզ չե՞ն հարցրել:
– Ոչ մի բան էլ չեն հարցրել:
– Այդ տանը միայն Դո՞ւք էիք ապրում մինչև վաճառելը:
– Ինձ հանել՝ դուրս են գցել: Արդեն քանի ամիս ա՝ դուրս եմ, թափառական:
– Դուք որևէ տեղ աշխատե՞լ եք:
– Ոչ մի տեղ էլ չեմ աշխատել:
– Թոշակ ստանո՞ւմ եք:
– Թոշակ էլ չեմ ստանում:
– Դուք ամուսին ունե՞ք:
– Ամուսնուս սպանել են:
– Ո՞վ է սպանել:
– Ախպերներս:
– Ե՞րբ:
– Արդեն եղավ՝ քանի ամիս ա:
– Իսկ ո՞ւմ եք դիմել:
– Սաղին էլ դիմել եմ, ոչ մեկը բան չի անում: Ես դակումենտ չունեմ, ոչ էլ թոշակ եմ ստանում:
– Ձեր ամուսնու անուն-ազգանունը կասե՞ք:
– Գուրգեն Վարդանյան:
– Իսկ ինչի՞ համար են սպանել Ձեր ամուսնուն:
– Ես շա՞տ գիտեմ. ինձ ասո՞ւմ են, որ իմանամ: Արդեն եղավ՝ քանի ամիս ա:
– Դուք ո՞ր թվին եք ծնվել:
– Չեմ հիշում:
– Իսկ երեխաներ չունե՞ք:
– Ունեցել եմ, երեխեքիս իրանք ծախել են:
– Ովքե՞ր:
– Եղբայրներս:
ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ