«Ինձ համարում եմ Արամ Խաչատուրյանի լավագույն կատարողներից մեկը». Բորիս Բերեզովսկի
Դեկտեմբերի 12-ին և 13-ին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ, տեղի կունենան ականավոր դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգները:
Այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում համերգի մանրամասների մասին խոսեցին ասուլիսի բանախոսներ՝ վիրտուոզ դաշնակահար Բորիս Բերեզովսկին և «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:
«Մեր ժամանակների ամենահռչակավոր դաշնակահարներից մեկի՝ Բորիս Բերեզովսկու մասնակցությամբ այս համերգները և նրա այցը Հայաստան միշտ երաժշտական տոն է, որովհետև ինքը ոչ միայն շփվում է ամենաբարձրակարգ երաժշտության հետ, այլ նաև մեզ է մասնակից դարձնում այդ տոնին: Բորիս Բերեզովսկին մեր լավագույն բարեկամներից մեկն է, որ ամեն անգամ մեծ սիրով է գալիս Հայաստան»,- ասուլիսի մեկնարկին ասում է Ստեփան Ռոստամյանը:
Բորիս Բերեզովսկու կատարմամբ առաջին անգամ Հայաստանում հնչելու է Պ. Ի. Չայկովսկու 2 դաշնամուրային կոնցերտը. «Որքան հիշում եմ՝ հայաստանյան նախորդ այցիս շրջանակներում կատարեցի Չայկովսկու 1-ին, իսկ այս անգամ կհնչի 2-րդ կոնցերտը: Ահա այսպիսի ոչ մեծ ինտերվալներով մենք առաջ ենք շարժվում, և ահա այսօր և վաղը երկու համերգներով կներկայանանք երաժշտասեր հանդիսատեսին, որոնք իրականում այնքան տարբեր են լինելու»,- նկատում է դաշնակահար Բորիս Բերեզովսկին:
«Եթե նվագախումբը չափազանց բարձրակարգ որակ ունի, ապա կարելի է նվագել նաև առանց դիրիժորի, բայցևայնպես, ամեն դեպքերում, դիրիժորի ներկայությունը պարտադիր է, որպես մեկի, ով պատասխանատու է և ղեկավարն այն պրոցեսի, որ տեղի է ունենում համերգի ընթացքում՝ բեմի վրա, թեև իրականում սա բարդագույն հարց է, որը երաժշտի մոտ միայն սեփական էքսպերիմենտների արդյունքում կարող է վերջնական արդյունք գրանցել: Թեև պետք է նկատեմ՝ լավ դիրիժորը բավական հազվադեպ հանդիպող երջանկություն է, որի հետ աշխատելը միայն հաճույք է: Իմ պարագայում, այո, պատահել են համերգներ, որտեղ ես ներկայացել եմ նվագախմբի հետ, բայց առանց դիրիժորի: Այս առումով, թերևս, ամենաբարդագույն էքսպերիմենտն ինձ սպասվում է առաջիկայում՝ ապրիլին, որտեղ ես կատարելու եմ Բրամսի՝ նվագախմբի և դաշնամուրի համար գրված սիմֆոնիան, ինչպես նաև Ստրավինսկու գործերից մեկը»,- անդրադառնալով դիրիժորի ներկայության կարևորությանը՝ պատասխանում է Բորիս Բերեզովսկին:
Անդրադառնալով ազգային ֆոլք երաժշտության իր նախասիրություններին և այս ենթատեքստում նաև հայկական երաժշտությանը՝ Բորիս Բերեզովսկին ընդգծում է.
«Ինձ համարում եմ Արամ Խաչատուրյանի լավագույն կատարողներից մեկը, իսկ Խաչատուրյանի երաժշտությունն ամբողջովին հիմնված է ազգային երաժշտության վրա: Հետևաբար, եթե լավագույնս չտիրապետես ֆոլք երաժշտությանը, ապա հնարավոր չի լինի բարձր որակով կատարել նրա աշխատանքները: Առհասարակ ինձ շատ մոտ է այս տարածաշրջանից՝ հայկական և վրացական երաժշտությունը: Սրանք մաքուր արվեստներ են, թեկուզ պայմանավորված միայն այն հանգամանքով, որ այս ժողովուրդների համար երաժշտությունը եղել և մնում է՝ որպես հոգուց բխող բնական պահանջմունք, որը նաև երաժշտության սկզբնական կոչումն է»:
Բորիս Բերեզովսկին հանդիսանում է աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկը. տարիների ընթացքում ձևավորելով փառահեղ համբավ և´ որպես ամենահզոր վիրտուոզ դաշնակահար, և´ արպես անկրկնելի զգայունության և խորաթափանցության տեր երաժիշտ: Բ. Բերեզովսկին մշտապես հանդես է գալիս որպես մենակատար՝ այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են՝ Կոնցերտգեբաուն, Ֆիլհարմոնիա նվագախումբը, Ֆիլադելֆիայի նվագախումբը, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հաագայի ֆիլհարմոնիկը, Դանիայի ազգային ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Համբուրգի ՀԳՀ նվագախումբը, Բեռլինի գերմանական օպերան, և այլուր:
Որպես կամերային և մենահամերգային երաժիշտ՝ Բորիս Բերեզովսկին ամբողջ աշխարհում կանոնավոր կերպով հանդես է գալիս ռեչիտալ համերգաշարերում և փառատոներում:
Դեկտեմբերի 13-ին Բորիս Բերեզովսկին հայ հանդիսատեսի համար հանդես կգա եզակի մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Բարտոկի Սոնատը, Շոպենի 4 էքսպրոմտները, Գրիգի 8 լիրիկական պիեսները և Ստրավինսկու Պետրուշկան: