«Ո՞վ ունի Մեսսիի կարիքը, եթե մենք ունենք Մխիթարյան». Միջազգային մամուլն ու երկրպագուները՝ Մխիթարյանի խաղի մասին
Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Զարյա»-«Մանչեսթեր Յունայթեդ» (0:2) հանդիպումը հրաշալի ստացվեց Հայաստանի ազգային հավաքականի և մանչեսթերյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար: Հայ ֆուտբոլիստն անցկացրեց շատ վստահ հանդիպում և բացեց իր գոլերի հաշիվը մանչեսթերյան ակումբի պաշտոնական խաղերում:
Մխիթարյանը երկար դադարից հետո խաղում է արդեն երրորդ խաղն անընդմեջ և երեք խաղերում էլ երկրպագուների քվերակության արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ դառնում է խաղի լավագույն ֆուտբոլիստը:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինիոն, եթե նախորդ խաղերից հետո ասում էր, որ Հենրիխը դեռ ապացուցելու բան ունի, դեռ պետք է աշխատի և ավելի վստահ դառնա, ապա այս խաղից հետո ասաց, որ շատ գոհ է Մխիթարյանից, քանի որ նա հրաշալի է խաղում և՛ Եվրոպա լիգայում, և Պրեմիեր լիգայում, և՛ գավաթի խաղերում:
Մխիթարյանի խաղը, ինչպես միշտ, անտարբեր չի թողել միջազգային պարբերականներին: Հետաքրքիր է, որ միջազգային պարբերականներից գրեթե բոլորը խաղի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Հենրիխին՝ տալով նրան ամենաբարձր գնահատականները:
SkySports-ը մանչեսթերյան ակումբի խաղն անվանել է հաղթանակ՝ ոգեշնչված Մխիթարյանի խաղով: Անդրադառնալով Մխիթարյանին՝ պարբերականի լրագրողները «Յունայթեդի» ցուցադրած խաղը վերջին հանդիպումներում անվանել են մխիթարյանյան հրաշք:
Ըստ պարբերականի՝ Մխիթարյանն ապացուցել է Մոուրինիոյին, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է, և այս խաղով էլ ցույց տվեց, որ կարող է լինել շատ վտանգավոր և համարձակ:
Manchester Evening News-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 7 միավորով և նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ոչ մի ֆուտբոլիստ չունի այնպիսի դրիբլինգ, ինչպիսին ունի Մխիթարյանը:
«Հայ ֆուտբոլիստը վերակենդանացել է վերջին խաղերում»,- գրում է ESPN պարբերականը՝ նշելով, որ Մխիթարյանը փայլեց անգամ ուկրաինական ցրտի պայմաններում:
Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը փոխեց խաղի ընթացքը և պարզապես հրաշալի գոլ խփեց:
«Oh, Mkhi, you’re so fine!»,- Մխիթարյանի գոլից անմիջապես հետո գրեց հեղինակավոր Goal պարբերականը: Ավելի ուշ, ամփոփելով խաղը՝ պարբերականի լրագրողները գրեցին, որ Մխիթարյանը կարող է դառնալ առանցքային ֆուտբոլիստ մանչեսթերյան ակումբի համար, մեկը, առանց ում չի կարելի պատկերացնել մանչեսթերյան հաղթանակները:
Metro պարբերականի՝ լրագրողները Մխիթարյանին համեմատել են Լիոնել Մեսսիի հետ՝ նշելով, որ Մխիթարյանի գործողությունները գոլի պահին շատ նման էին Մեսսիի ոճին:
Պարբերականը նյութի վերնագրում գրում է, որ Մխիթարյանը գունավորեց անգույն հանդիպումը:
«Կարող ենք միայն գուշակել, թե ինչու էր Ժոզե Մոուրինիոն նրան դուրս թողնում հայտացուցակից: Մխիթարյանը վստահաբար ապացուցում է, որ պետք է միշտ խաղա մեկնարկում»,- նշել են պարբերականի լրագրողները:
Ի դեպ, Մխիթարյանին Մեսսիի հետ համեմատել են նաև մանչեսթերյան ակումբի երկրպագուները: Խաղի ավարտից անմիջապես հետո #GGMU հաշթեգով արված գրառումների մեծամասնությունը Մխիթարյանի մասին էր: Երկրպագուները նշում են, որ Մխիթարյանը մեկն է, ում իրենք շատ են վստահում:
«Կարմիր սատանաների» երկրպագուները խաղավարտին համացանցում տարածում էին լուսանկար, որի վրա գրված էր՝ «Ո՞վ ունի Մեսսիի կարիքը, եթե մենք ունենք Մխիթարյան»:
Մխիթարյանի խաղը տպավորել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Պոլ Սքոուլզին:
Սքոուլզը նշել է, որ դեռ շաբաթներ առաջ կարծում էր, որ միայն ժամանակի հարց է Մխիթարյանի՝ դաշտ վերադառնալը:
«Մենք տեսանք, թե որքան է կատարելագործվել նա: Հենրիխն ունի այն, ինչ այս պահին չունի Մատան: Մատան ևս լավն է, բայց արդյո՞ք կարող է այնպիսի անցում կատարել, ինչպիսին երեկ ցուցադրեց Մխիթարյանը:
Մխիթարյանը հրաշալի հնարքների է տիրապետում, ինչը կօգնի թիմին հաջողությունների հասնել»,- նշել է Սքոուլզը:
Սիրարփի Աղաբաբյան