«Մենք որևիցե ռիսկ չենք տեսնում, որ վրացական կողմն իրեն կպահի ոչ պայմանագրին համաձայն». Կարեն Կարապետյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձրացրեց Հայաստանը ռուսական գազով սնուցող Վրաստանի տարածքով անցնող գազամուղի 25 տոկոս բաժնեմասի մասնավորեցման հնարավորության հարցը։

«2012 թվականին նման մի նախաձեռնությամբ հանդես եկավ Վրաստանի այն ժամանակվա կառավարությունը, Ադրբեջանն այն ժամանակ անմիջապես ոգևորվեց, և «Սոկար» ադրբեջանական նավթագազային ընկերությունը պատրաստակամություն  հայտնեց աստղաբաշխական գումար վճարել՝ գազամուղի այդ հատվածի համար, բայց բարձրացված աղմուկի և Վրաստանում ընտրությունների արդյունքում փոփոխված իշխանության պարագայում այդ խնդիրը  կասեցվեց։ Օրերս Վրաստանի վարչապետը նորից հայտարարել է այդ մասին։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական կողմը կրկին ոգևորվել է և անգամ պատրաստակամություն հայտնել հնարավորության դեպքում ձեռք բերել ամբողջը։ Եթե անցանկալի ընթացք ստանա այդ խնդիրը, ինչպիսի՞ն կլինի մեր կառավարության դիրքորոշումը, եթե առաջիկա օրերին հանվի աճուրդի այդ գազամուղը»,- հարցրեց Շ. Թորոսյանը։

Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց. «Վստահ չեմ, որ շատ շուտ այդ գործարքը կլինի, բայց գործարքը լինելու դեպքում ես մեզ համար ռիսկ չեմ տեսնում։ 25 տոկոս լինելով մասնաբաժնի տեր այն խողովակի, որը տրանզիտ է ապահովում, մենք որևիցե ռիսկ չենք տեսնում, որ վրացական կողմն իրեն կպահի ոչ պայմանագրին համաձայն։

Տոկոսն աճելու դեպքում նման ռիսկեր կարո՞ղ են աճել, կարող են, բայց դա կլինի շատ ավելի այլ քայլ և միջպետական հարաբերությունների քայլ։ Եթե նման բան լինի, մենք գիտենք՝ ինչ արգումենտացիա ունենք մեր հարևան, բարեկամական երկրի հետ խոսելու։ 25 տոկոս իրենց սեփականությունը վաճառելու դեպքում՝ մենք անհանգստություն ցուցաբերելու դեպքում վտանգ ունենք առնվազն ոչ կոռեկտ գտնվելու, որովհետև իրենց սեփականությունն է։ Նման տեսականորեն ռիսկեր գոյություն չունեն։ Եթե զարգացումներ լինեն, մենք մեր արգումենտացիան կբերենք»։

Տեսանյութեր

Լրահոս