«Ես Գալուստ Գրիգորիչը չեմ, բայց երբեմն ինձ էլ է դժվար հասկանալ». Էդուարդ Շարմազանովը` Գագիկ Ծառուկյանի մասին

«Երբ Գագիկ Ծառուկյանը մի քանի ամիս առաջ ասաց, որ կմտածի, չի բացառվում, փակը բացել, կամ ծալել, հետո բացել, ես ասել եմ` ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է: Ես և մեր կուսակցության նախագահը, գնահատականներ տվել ենք երևույթներին, ոչ թե անձին և մնում ենք մեր կարծիքին: Բոլոր վատ երևույթները մերժում ենք, բոլոր դրական երևույթները, այն կարծիքները, որ կա քաղաքական մշակույթի հետ կապված, մենք ընդունում ենք: Մենք երբեք անձերին չենք պիտակավորել, մենք խոսել ենք երևույթների մասին»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձը:

Նա հորդորեց չզարմանալ և սպասել ընտրություններին.

«Մենք կոռեկտության, հանդուրժողականության, գրագետ, քաղաքական մշակույթի սկզբունքները պահպանելու, ազատ մրցապայքարի կողմնակից ենք»:

Հարցին, թե արդյոք քաղաքական մշակո՞ւյթ է մարդուն «Դոդի Գագո» անվանելը, Է. Շարմազանովը նշեց. «Ես այդ հարցին պատասխանել եմ, ավելացնելու բան չունեմ»:

Կարդացեք նաև

Արդյոք հանրությունը պե՞տք է մոռանա Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը, ՀՀԿ խոսնակը հավաստիացրեց, որ հանրությունը ոչինչ էլ չի մոռանում, բայց ինքը հանրության փոխարեն չի կարող ասել: Իսկ թե Գագիկ Ծառուկյան երևույթը քաղաքական չարի՞ք է, թե՞ ոչ, Է. Շարմազանովը նշեց.

«Ես կարծում եմ` նույն բացասական գետը երկրորդ անգամ չեն մտնի: Մենք ակնկալում ենք ազատ, արդար, բաց, թափանցիկ մրցապայքար»:

Նա կասկածանքով վերաբերվեց այն կարծիքին, որ Գագիկ Ծառուկյանը չի փոխվել. «Հաստա՞տ: Կապրենք՝ կտեսնենք»:

Է.Շարմազանովը նշեց, թե ՀՀԿ-ում Գ. Ծառուկյանի հետ համագործակցությունը չեն քննարկել. «Յուրաքանչյուր մարդու իրավունքն է լինել ընդդիմության մեջ և զբաղվել քաղաքականությամբ»:

Հարցին, թե ի վերջո 2 տարի անց այդ մարդը մնո՞ւմ է «Դոդի Գագո», թե՞ ոչ, Է.Շարմազանովը պատասխանեց. «Ես Գալուստ Գրիգորիչը չեմ, բայց երբեմն ինձ էլ է դժվար հասկանալ»:

ՀՀԿ խոսնակը չհամաձայնեց 168.am-ի դիտարկմանը, որ, փաստորեն, հայրենիքը կրկին կրկեսի են վերածում. «Ո՛չ»,- ասաց նա:

Մեր հարցին` արդյոք Սերժ Սարգսյանի հետ Գագիկ Ծառուկյանը հանդիպել և քննարկե՞լ է իր վերադարձի հարցը, Է. Շարմազանովը պատասխանեց, թե տեղյակ չէ:

ՀՀԿ-ականների կողմից Գագիկ Ծառուկյանին չպիտակավորելը, ըստ Է. Շարմազանովի, դեռ չի նշանակում, որ նա իշխանության հետ լուռ համաձայնության արդյունքում է վերադառնում.

«Ես տեղեկություն չունեմ, որ Ձեր նշած պերսոնան իշխանության համաձայնության արդյունքում վերադառնում է կամ հեռանում է: Այն ժամանակ էլ դա եղել է իր որոշումը, միգուցե՝ մեր հորդորների արդյունքում, միգուցե՝ իր գործընկերների հետ քննարկման  արդյունքում, բայց դա եղել է իր որոշումը: Հորդորները եղել են վատ երևույթների նկատմամբ, և բոլոր հորդորներն ուժի մեջ են: Մենք ուզում ենք, որ մեր երազած Հայաստանում քաղաքական պայքարը լինի քաղաքական կոռեկտության, մշակույթի, համերաշխության, երբեմն՝ սուր քննադատության, բայց ոչ երբեք՝ անձնական վիրավորանքների և քաղաքական սկզբունքների մերժման ճանապարհով»:

Նա նաև չհամաձայնեց, որ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն իշխանական խաղ է, որպեսզի ընդդիմության ձայները կորզեն.

«Ես տեղյակ չեմ, սա խա՞ղ է, թե՞ չէ, և տեղյակ չեմ` իշխանակա՞ն խաղ է: Ես չգիտեմ այդ վերադարձի come back-ի մանրամասները: Դա բացառապես բարգավաճական come back է, և իրենք պետք է որոշեն»:

Տեսանյութեր

Լրահոս