Կարեն Կարապետյանը հանձնարարեց սկսել ԾԻԳ-երի օպտիմալացման հաջորդ փուլը

«ԾԻԳ-երի օպտիմալացման ուղղությամբ մինչև այս իրականացված աշխատանքների ընթացքում կառավարության որոշումներով լուծարվեցին 5 ԾԻԳ-եր: Այժմ օտարերկրյա և միջազգային վարկային կազմակերպություններից ստացված վարկային միջոցներով ծրագրերն իրականացնում են 17 նմանատիպ կառույցներ: Այնտեղ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 11 հատ ԾԻԳ է, մի քանի խմբեր են, բաժիններ, ՓԲԸ-ներ և այլն: Առաջարկում ենք մեկնարկել ԾԻԳ-երի օպտիմալացման հաջորդ փուլը»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ըստ նրա` պետք է աշխատանք տանել ոչ միայն ԾԻԳ-երի քանակի, այլև դրանց պահպանման ծախսերի կրճատման ուղղությամբ: Կ.Կարապետյանը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց այդ հարցով բանակցել օտարերկրյա և միջազգային վարկատու կազմակերպությունների հետ: Նրա հաշվարկով` ԾԻԳ-երի քանակը կարելի է կրճատել առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը՝ մեկ երրորդով. «Մենք նախանական հաշվարկել ենք՝ 11 ԾԻԳ-ից պետք է մնան հինգը: Բոլոր կողքի կառույցները, ստոաբաժանումները, բաժինները պետք է վերանան»:

Կ.Կարապետյանը հանձնարարեց նաև օպտիմալացնել ՓԲԸ-ներում այդ գործառույթն իրականացնող կառույցները և երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույց:

Տեսանյութեր

Լրահոս