Բաժիններ՝

«Կհանդուրժեի՞ք, եթե ռեստորանից հնչող երաժշտությունն ամեն գիշեր խաթարեր Ձեր անդորրը». Անահիտ Բախշյանը՝ Կարեն Կարապետյանին

Հարգելի պարոն Վարչապետ,

Ս.թ. նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում հանձնարարեցիք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, համագործակցելով համայնքապետերի հետ, բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով համատեղ ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ:

Նշեցիք, որ խոսքը ստրիպտիզ ակումբների և դրա նման զվարճանքի ակումբների մասին է, որոնք տեղակայված են բազմաբնակարան շենքերի տակ և անհանգստացնում են բնակիչներին: Շատ բողոքներ կան և Կառավարությունը պետք է արձագանքի դրանց:

Որպես Երևանի ավագանու անդամ՝ ինքս էլ անընդհատ բողոքներ եմ ստանում մեր այն քաղաքացիներից, որոնց շենքերի առաջին հարկերում գործում են ռեստորաններ կամ զվարճանքի օբյեկտներ (Մաշտոցի պողոտա 31, Խանջյան փողոց 31): Դժվար չէ պատկերացնել, թե հատկապես գիշերային ժամերին այնտեղ հնչող երաժշտությունը որքան անհարմարություն է ստեղծում անմիջապես դրանց վերևում ապրող բնակիչների համար: Տևական ժամանակ նշված փողոցների բնակիչների բարձրացրած խնդիրները եղել են իմ ուշադրության կենտրոնում, և փորձել եմ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ: Մասնավորապես, երկարատև պայքարից հետո մեզ հաջողվեց վերացնել Մաշտոցի պողոտայում գործող «Կամելլոտ» ռեստորանի աղմուկը և արգելել աշխատել գիշերային ժամերին:

Մաշտոցի պողոտայի և Խանջյան փողոցի բնակիչների դիմում-խնդրանքն է Ձեզ, որպեսզի գիշերային ակումբներից և նման զվարճանքի օբյեկտներից զատ ցանկում ներառվեն նաև քաղաքի բնակելի շենքերի 1-ին հարկերում կամ նկուղներում գործող ռեստորանները, սրճարանները և նմանատիպ օբյեկտները, որոնցում հնչող երաժշտությունը, աղմուկ-աղաղակը մղձավանջ և պատուհաս են բնակիչների համար:

Շնորհակալություն համագործակցության համար:

Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս