Բաժիններ՝

Եթե նկատել եք այս նախանշանները՝ անմիջապես ստուգեք երիկամները

Երիկամային խնդիրները կարող են լուրջ առողջական խախտումների հանգեցնել, պետք է կանոնավոր կերպով հետազոտվել և ստուգել երիկամները: Մեր երիկամների հիմնական գործառույթն օրգանիզմից ավելորդ հեղուկի և մնացորդների դուրսբերումն է: Խնդրի պատճառները պարզելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել օրգանիզմի ուղարկած ազդակներին: Երիկամային խնդիրների ամենատարածված պատճառներն են՝ շաքարային դիաբետն ու արյան ճնշումը, սակայն կարող են նաև այլ գործոններ լինել: Ձեզ ենք ներկայացնում երիկամային խնդիրների ամենատարածված նախանշանները, որոնք չի կարելի անտեսել:

Մեջքի ցավ. հաճախ անհնար է տարբերակել մեջքի և երիկամների ցավը, սակայն, որպես կանոն, երիկամային ցավերն ավելի խորն են և ավելի բարձր. կողերի ներքևի հատվածում, իսկ մկանային ցավերը կապված են մեջքի ստորին հատվածների հետ: Երիկամային քարերն ու ավազը երիկամային ցավի առաջացման հիմնական պատճառներից են, սակայն կան նաև այլ պատճառներ, օրինակ՝ թափանցող և սուր վնասվածքներ, որոնք հանգեցնում են երիկամային վնասվածքների:

Միզարձակման խանգարումներ. եթե երիկամները լավ չեն գործում, ապա մեզի բաղադրության մեջ տեղի են ունենում փոփոխություններ: Հնարավոր է՝ գիշերն արթնանաք միզարձակման համար, իսկ մեզը կարող է լինել փրփրոտ կամ պղպջակներով, օրվա ընթացքում հնարավոր է ավելի շատ միզարձակման գնաք, իսկ մեզի գույնը կարող է փոփոխվել և բաղադրության մեջ արյան կաթիլներ պարունակել:

Մաշկային ցան կամ քոր. երիկամներն արյունը մաքրում են մնացորդներից, սակայն երբ դրանք հստակ չեն աշխատում, մնացորդների կուտակման պատճառով մաշկային քոր, ցան և կարմրություն է առաջանում:

Այտուցներ. երբ երիկամները չեն կարողանում դուրս բերել ավելորդ հեղուկն օրգանիզմից, ոտքերում, ձեռքերում և մարմնի այլ հատվածներում այտուցներ են նկատվում:

Հոգնածություն. էրիթրոպոետինն այն հորմոնն է, որն արտազատում են երիկամները: Այս հորմոնը կարգավորում է թթվածնի տեղափոխումն արյան կարմիր բջիջներ: Եթե երիկամները քիչ էրիթրոպոետին են արտազատում, ապա արյան կարմիր բջիջները չեն կարողանում թթվածին տեղափոխել դեպի մկաններ և ուղեղ, հետևաբար՝ շուտ ենք հոգնում և սակավարյունություն է առաջանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս