«ՀՀԿ համագումարը հիշեցրեց ԽՍՀՄ-ի տարիները». Թևան Պողոսյան

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար, անկուսակցական պատգամավոր Թևան Պողոսյանը հետևել է ՀՀԿ համագումարին, և այն, հատկապես դրա քվեարկությունը, հիշեցրել է ԽՍՀՄ-ի տարիները:

«Հենց քվեարկությունը գալիս էր` միաձայն, լավ ա, ուռա, գիպ-գիպ, բնականաբար, հիշեցնում էր այն, թե որտեղ ենք տեսել, կլիներ խորհրդային անցյալը, կամ այլ երկրներ, որտեղ միակուսակցական իրավիճակ է, որովհետև մի կողմից ներկայացնել` պետք է մրցակցային քաղաքական դաշտ տանել, պետք է փոխել, ու փոփոխությունը պետք է սկսվի մեզանից… միգուցե լավ լիներ այդ փոփոխության մեջ տեսնել`  արդյոք կա՞ ՀՀԿ-ում մեկը, ով այլ ծրագիր ուներ, մի քիչ այլ մոտեցում ուներ: Առնվազն տեսնեինք, որ նաև ներքին քննարկում կա: Իսկ եթե ամեն ինչ քննարկվել էր, դա կարող էր լինել գործադիր մարմնում, խորհրդում, բայց ոչ այդ հազարավոր մարդիկ բոլոր տառին ու ստորակետին տիրապետո՞ւմ էին»,- ասաց Թ.Պողոսյանը` հավելելով, որ, եթե ՀՀԿ համագումարում քվեարկության ժամանակ դեմ ու ձեռնպահ էլ լիներ, ավելի ժողովրդավար ու գեղեցիկ կլիներ:

Ըստ նրա` Սերժ Սարգսյանի ելույթների տեքստերը շատ լավն են և միգուցե տարբերվում են մյուսներից, բայց այս տարիների ընթացքում տեսել ենք, որ դրանք իրականությունից են տարբերվում: Պատգամավորը նշեց, որ այս անգամվա գեղեցիկ տեքստը տեղ հասե՞լ է, թե՞ ոչ, կերևա առաջիկա օրերին ԱԺ նիստերում, այսինքն` որքանով կընդունվեն ընդդիմադիրների առաջարկները: Թ. Պողոսյանի կարծիքով` անվտանգության մասին հայտարարությունները պարզ ճշմարտություններ են, և բոլորն են խոսում այդ մասին:

«Ես դեռ չեմ հիշում իր գրավոր տեքստերից որևէ մեկը, որ լինի վատը: Բանավոր, տեղում էքսպրոմտով խոսքում տարբեր այլ բաներ կարելի է տեսնել»,- նկատեց նա:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին, թե արդյոք մարդիկ այլընտրանք չե՞ն տեսնում, որ մեկ գիշերում 7000 անձ է անդամակցում ՀՀԿ-ին, ի՞նչ է նշանակում դա, Թ.Պողոսյանը պատասխանեց, որ մարդ որևէ կուսակցությանը կարող է անդամակցել, եթե կիսում է գաղափարները, բայց միանգամից այդքան մարդու անդամակցումը ստիպողական բնույթ է կրում.

«Մեսիջ է ինչ-որ մեկին` նայեք, ես էն կադրն եմ, որ միայն իմ անվան հետ կարելի է 7000 անդամ ունենալ մեկ գիշերում… Մեկ այլ խնդիր է առաջ գալիս` լավ, էդ կուսակցությո՞ւնն էլ չի նայում, թե ոնց է ստուգելու: Չէ՞, որ նույն այդ կուսակցությունն ինքն էլ պետք է շահագրգիռ լինի, որ չանդամակցեն մարդիկ, ում ինքը չի իմանում: Այդ 7000-ի մեջ կարող են լինել մարդիկ, որ կապ չունեն հայկական արժեքի հետ, այնպիսի գործողություններ են արել, որ իրենցով դեռ այլ մարմիններ պետք է զբաղվեն: Հենց էնպես ով դիմում գրի, ընդունեն, դա նաև այդ կուսակցության մակարդակն է, իսկ կայացած հզոր կուսակցությունների անդամակցությունը լրիվ այլ է: Նույնիսկ, եթե քվեարկությունը սովետական ձևով եք անում, անդամակցությունն էլ սովետական ձևով արեք: Նախկինում կոմունիստական կուսակցության անդամ դառնալու համար դպրոց էիր անցնում, քննություններ էիր հանձնում»:

Թ.Պողոսյանը նախազգուշացրեց, որ մեկ գիշերում ՀՀԿ-ին անդամակցած 7000 մարդիկ մի օր էլ դուրս կգան, եթե հիշեն, որ դրա համար ևս պետք է դիմում գրել:

Պատգամավորը նշեց, որ անձամբ ինքը որևէ կուսակցությունից առաջարկ չի ստացել, չի բանակցում և ցանկություն դեռ չունի բանակցելու` հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ կապված. «Մնացածը կյանքը ցույց կտա: Մի քանի եթե-ների համակարգ կա` արդյոք ես կտեսնե՞մ այն տեսլականի ինչ-որ չափով մոտությունը, որ ես ինքս ունեմ, արդյոք կլինի՞ իմ ցանկությունը, և արդյոք այդ խումբն ինձ կընդունի՞, թե՞ ոչ: Այսօրվա դրությամբ որևէ փոփոխություն կամ շարժ չկա, ամեն ինչ նույնն է»:

 

Տեսանյութեր

Լրահոս