Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 2018 թվականի գագաթաժողովը
Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթաժողովը միաձայն որոշում ընդունեց 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովն անցկացնել Հայաստանում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Որոշման կայացմանը հաջորդեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը, որի ընթացքում նա, դիմելով ֆրանկոֆոն երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական ուղերձը.
«Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթաժողովի մեծարգո նախագահ,
Մադագասկարի մեծարգո Նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք պետությունների, կառավարությունների և պատվիրակությունների ղեկավարներ,
Տիկին գլխավոր քարտուղար,
Տիկնայք և պարոնայք,
Ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու ձեր որոշման համար։ Հայաստանի և հայ ժողովրդի համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի բարձրագույն հանդիպումը։
Սա վկայությունն է մեր երկրի հանդեպ դրսևորված վստահության և համերաշխության, որը կազմակերպությանն իր անդամակցությանը հաջորդած տարիների ընթացքում կարևոր ներդրում է ունեցել ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման գործում:
Այս որոշումը նաև կարևոր ուղերձ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բոլոր ֆրանկոֆոն երկրներին, որոնց համար առաջիկա գագաթաժողովն առիթ է հանդիսանալու կրկին անգամ արժևորել Ֆրանկոֆոնիան մեր տարածաշրջանում:
Մենք հաստատակամ ենք ապահովելու Ֆրանկոֆոնիայի այս կարևոր իրադարձության հաջողությունը: Մեր երկիրը կգործադրի բոլոր ջանքերը՝ բարձր մակարդակով այն անցկացնելու՝ դրանով իսկ տոնելով նաև Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության տասնամյակը: Այսօր մենք հանձանռություն ենք ստանձնում՝ լավագույնս կազմակերպելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը»: