«Հայաստանում Facebook-ը մնում է նորությունների հիմնական հարթակ». Սամվել Մարտիրոսյան
Հայաստանում Facebook-ը մնում է գերակա սոցցանցերից մեկը նորությունների տարածման տեսանկյունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Եթե նայենք այլ երկրների օրինակին, ապա կտեսնենք տարբերություն: Հայաստանում երբեք չի եղել նորությունների համար նախատեսված որոնողական համակարգ, ինչպես օրինակ Google news-ը, որի միջոցով օգտատերը կարող է ծանոթանալ ամենաթարմ լուրերին, ռուսալեզու նորություններ փնտրելու համար էլ կա նման համակարգ, իսկ այստեղ մենք չունենք նմանը: Մարդն էլ ալարում է եւ նորություն ստանալու համար չի այցելում առանձին լրատվական կայքեր, այդ իսկ պատճառով մտնում է Facebook: Հայաստանում այն մնում է նորությունների հիմնական հարթակ, մենք այլընտրանք էլ չունենք, եւ շատ լրատվամիջոցների համար դա հանդիսանում է դիտելիութուն ապահովելու աղբյուր, այցելուների 90 տոկոսը Facebook-ից է: Դա նշանակում է, որ եթե Facebook-ն անջատվում է, ապա այցելուների թիվը զրոյանում է»,- ասաց փորձագետը:
Նա առանձնացրեց եւս մեկ խնդիր` կապված սոցցանցերի եւ լրատվամիջոցների փոխկապակցվածության հետ` ընդգծելով, որ դա եւս բավականին լուրջ խնդիր է: «Մեզ մոտ ֆեյսբուքյան գրառումները որպես նորություն ենք տալիս: Դա կարող է լինել, եթե լրագրողը լուրջ աշխատանք տանի, ինչպես օրինակ` այլ երկրներում, բայց ցավոք այստեղ լրատվամիջոցները գրառումները հենց այդպես վերցնում ու արտատպում են, ինչը մի շարք կանոնների խախտում է: Դա այդպես չպետք է լինի: Եվ վերջապես այդ գրառումը կարող է ջնջվել, այդ աղբյուրը կկորի, հետո լրատվամիջոցը պետք է բացատրություն տա»,-եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը: