Եվրամիությունը կորցնում է միջին դասը. ԱՄԿ-ի զեկույց
Եվրամիության երկրներում միջին դասի ներկայացուցիչների թիվը նվազում է: Դա, մասնավորապես, տեղի է ունենում բնակչության զբաղվածության կրճատման, պետական սեկտորում աշխատանքի վարձատրության մակարդակի նվազման, կոլեկտիվ պայմանագրերի կնքման մեխանիզմների թուլացման հետեւանքով: Այս տվյալները ներկայացված են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ)՝ նոյեմբերի 23-ին Ժնեւում հրապարակված զեկույցում, կազմակերպություն, որը ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն է:
Փորձագետները միջին դասում տեղավորում են այն մարդկանց, որոնց եկամուտներն այս կամ այն երկրում կազմում են մեկ շնչին ընկնող միջին եկամտի 80-ից մինչեւ 120 տոկոսը, հիշեցնում է ԱՄԿ-ն: Եվրամիությունում այդ կատեգորիային համապատասխանում է ընտանիքների 23-ից մինչեւ 40 տոկոսը: Ուսումնասիրության համաձայն՝ ԵՄ-ում «2004 եւ 2011 թվականների միջեւ ընկած ժամանակաշրջանում միջին դասը նվազել է 2,3 տոկոսով եւ, վերջին տվյալների համաձայն, մինչ այժմ դրա կրճատումը շարունակվում է»: Տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ժամանակաշրջանում, հատկապես 2008-ից մինչեւ 2011 թվականը, եկամուտները, որոնցով պայմանավորված են միջին դասին պատկանելությունը, նվազել են:
Այս խումբը տնտեսական անկման հետեւանքով նյութապես տուժել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Հունաստանը, Իսպանիան, Էստոնիան, Կիպրոսը եւ Պորտուգալիան: Ընդհանուր առմամբ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում միջին դասի աճը «կասեցվել է ճգնաժամի հետեւանքով»: Իսկ մյուս երկրների շարքում, հատկապես Գերմանիայում, «միջին դասի էրոզիան էր նկատվում դեռ մինչեւ ճգնաժամը», այն տարեկան կրճատվում էր 3 տոկոսով:
Այն երկրներում, որտեղ այդ դասն «ամուր է», մասնավորապես, Դանիայում եւ Շվեդիայում, բազմաթիվ ընտանիքներում աշխատում են երկու մեծահասակներ, նշվում է զեկույցում: «Դա նշանակում է, որ (մեկ ընտանիքին ընկնող) մեկ աշխատավարձի առկայությունը կարող է արդեն բավարար չլինել միջին դասում մնալու համար»,-պարզաբանել է ԱՄԿ-ի ավագ տնտեսագետ Դանիել Վոգան-Ուայթհեդը:- Այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են ուսուցիչը կամ բժիշկը, որոնք սովորաբար բնորոշ են միջին դասի համար եւ տիպական կանանց զբաղվածության համար, կարող են այլեւս չապահովել միջին եկամուտ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: