«Արցախի բնակչությանն անհրաժեշտ են ռմբապաստարաններ». Պարգեւ սրբազան
Արցախի Հանրապետության բնակչությանն անհրաժեշտ են ռմբապաստարաններ` ռազմական գործողությունների ժամանակ մարդկային կորուստները նվազագույնի հասցնելու համար: Այս մասին ԱՄՆ-ում անցկացված «Հեռուստամարաթոն-2016» -ի ընթացքում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Նրա խոսքով` հեռուստամարաթոնի արդյունքում հավաքված գումարի չափից է կախված, թե Արցախի կառավարությունը որքան գումար կհատկացնի առաջնագծին: «Ամբողջ Արցախի բնակչությունը մենք պետք է ապահովենք ռմբապաստարաններով, որպեսզի մեր մարդիկ իրենց խաղաղ եւ անվտանգ զգան»,- նշեց Պարգեւ սրբազանը:
Այն հարցին, թե որքանով է նա հնարավոր համարում ապրիլյան պատերազմի հետևանքով ավերված Թալիշի վերաբնակեցումը, Արցախի թեմի առաջնորդը պատասխանեց, որ այս աշխարհում անհավանական բան չկա: «Անհրաժեշտ են ցանկություն, միջոցներ եւ լուծումներ»,-ասաց նա: