Անդրանիկ Բաղդասարյանը 5 միլիոն դոլար է փոխանցել «Հեռուստամարաթոն-2016»-ին. հավաքագրվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլար
«Իմ Արցախը» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն-2016» -ի արդյունքում, որը 19-րդն է մարաթոնի պատմության մեջ, հավաքագրվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլար: Մարաթոնի ընթացքում ամենամեծ նվիրատվությունը` 5 միլիոն դոլար, կատարել է ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը:
Նոյեմբերի 24-ին մեկնարկած «Հեռուստամարաթոն-2016»-ի արդյունքում հավաքված գումարները կնպատակաուղղվեն Արցախում քառօրյա պատերազմի ժամանակ տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կշարունակվեն նաեւ նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում եւ Արցախում:
Այս տարի մարաթոնի արդյունքում հավաքված գումարը զգալիորեն ավելի է նախորդ տարիների արդյունքներից: 2014 թվականին մարաթոնի արդյունքում հավաքված 12 միլիոն 399 հազար 550 դոլարն ուղղվել էր Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարությանը, իսկ «Հեռուստամարաթոն-2015»-ի ընթացքում, որը կրում էր «Մեր տունը» խորագիրը, հավաքվել է 10 միլիոն 378 հազար 465 դոլարի նվիրատվություն: Հանգանակված գումարն ուղղվել էր Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում և Արցախում: