Ռուս-թուրքական հարաբերություններ. 1-ամյա վթար՝ հաշտեցման ելքով

Ա) Ռուսթուրքական ջերմ հարաբերությունների ցնցումներ

Ռուսթուրքական ջերմ հարաբերություններ – Վերջին տարիներին Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները, ընդհանուր առմամբ, գտնվել են բավականին բարձր մակարդակի վրա՝ չհաշված առանձին դրվագների շուրջ ծագած խնդիրները (ասենք, 2012թ. հոկտեմբերին Մոսկվայից Դամասկոս թռչող մարդատար օդանավին Անկարայում հարկադիր վայրէջք պարտադրելը, Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, ՄԱԿ ԱԽ-ը բարեփոխելու Թուրքիայի առաջարկը և Ռուսաստանի կողմից վետոներ կիրառելուց Թուրքիայի դժգոհելը և այլն)։ Դա մասնավորապես վերաբերում է տնտեսական հարաբերություններին։

Թուրքիայի վիճակագրական վարչության (TÜİK) տվյալներով՝ 2014թ. Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 31 մլրդ դոլար, որից ավելի քան 25 մլրդ դոլարը բաժին է ընկել Ռուսաստանից Թուրքիա ներկրմանը, իսկ մոտ 6 մլրդ դոլարը՝ Թուրքիայից Ռուսաստան արտահանմանը։ Եվ, եթե արտահանման ոլորտում Ռուսաստանը Թուրքիայի շուկաների թվում զբաղեցրել է միայն 7-րդ տեղը, ապա ներկրման ոլորտում Ռուսաստանն առաջին տեղում էր։

Բացի այդ 2014թ. Թուրքիա է ժամանել 42 մլն զբոսաշրջիկ, որոնցից 4.48 մլն-ը բաժին է ընկել Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին։ Ռուսաստանից ժամանածները զբաղեցրել են երկրորդ տեղը՝ Գերմանիայից ժամանածներից հետո: Երկու երկրների միջև չէր գործում վիզային ռեժիմ։

2010թ. Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված միջկառավարական համաձայնագրով Թուրքիայի առաջին՝ Աքքույուի ատոմակայանի կառուցման իրավունքը շնորհվել է ռուսական «Ռոսատոմ» ընկերությանը։ Սա վկայում է նման առանցքային հարցում Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի վստահության աստիճանի, ինչպես նաև նրա հետ մերձենալու Թուրքիայի ցանկության մասին։ Բացի այդ Ռուսաստանը Թուրքիային առաջին գազամատակարար երկիրն է, տարեկան մատակարարում է 27 մլրդ մ3՝ ապահովելով Թուրքիայի գազային պահանջարկի մոտ 55%-ը։

2014թ. դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անկարայում հայտարարեց, որ Ռուսաստանը հրաժարվում է «Հարավային հոսք» գազատարի նախագծից՝ ԵՄ-ին մեղադրելով «ապակառուցողական դիրքորոշման» համար։ Փոխարենը որոշվեց կառուցել «Թուրքական հոսք» գազատարը, որի երթուղին Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրին 2015թ. հունվար-փետրվարին։ Սկզբնական շրջանում ծրագրված էր կառուցել «Թուրքական հոսք» գազատարի 4 ճյուղ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու էր տարեկան 15.75 մլրդ մ3, ընդհանուր՝ 63 մլրդ մ3։ Սակայն հետագայում որոշվեց կառուցել միայն 2 ճյուղ, որոնցից մեկը նախատեսված կլինի Թուրքիայի, իսկ երկրորդը՝ Եվրոպայի համար։ Սակայն երկու երկրների միջև համապատասխան միջկառավարական համաձայնագրի բացակայությունը (այն ստորագրվեց 2016թ. հոկտեմբերի 10-ին) խանգարեց գազատարի կառուցման մեկնարկը (համաձայնագրի ստորագրումն ակնկալվում էր 2015թ. վերջին՝ նոյեմբերի 1-ին Թուրքիայում կրկնական խորհրդարանական ընտրություններից և նոր կառավարության ձևավորումից հետո)։

2015թ. ամռանը, թեև Ռուսաստանի ու Թուրքիայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակն ու Թաներ Յըլդըզը հայտարարեցին, թե երկու երկրները համաձայնեցրել են գազային զեղչի հարցը, և Ռուսաստանը որոշել է 10.25%-անոց զեղչ անել, ինչը Թուրքիային հնարավորություն կտա տարեկան տնտեսել 1 մլրդ դոլար, սակայն 2015թ. հոկտեմբերի վերջին թուրքական BOTAŞ պետական ընկերությունը դիմեց միջազգային միջնորդ դատարան՝ կապված ռուսական գազի գների հետ։ Գազային զեղչի, ինչպես նաև «Թուրքական հոսքի» հարցերը դրանից առաջ քննարկվել էին 2015թ. սեպտեմբերի 23-ին՝ Էրդողանի մոսկովյան այցի ժամանակ, ուր նա մասնակցեց տեղի խոշորագույն մզկիթի բացման արարողակարգին, հանդիպեց Պուտինի հետ, հայտարարեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է ապրանքաշրջանառության ծավալը հասցնեն 100 մլրդ դոլարի։

2015թ. նոյեմբերի 15-16-ին Անթալիայում անցկացված G20–ի գագաթաժողովից անմիջապես առաջ (թուրքական օդուժի կողմից ռուսական SU-24M ռմբակոծիչը ոչնչացնելուց մոտ 10 օր առաջ) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գովեստի խոսքեր շռայլեց Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին չմիացած Թուրքիայի հասցեին. «ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միակողմանի սահմանած պատժամիջոցների խորապատկերին Թուրքիան որդեգրեց ինքնուրույն դիրքորոշում։ Անկարայի վարած անկախ, ազգային շահերին համապատասխանող արտաքին քաղաքականությունն արժանի է խորը հարգանքի։ Նման պրագմատիկ մոտեցումը նոր հորիզոններ է բացում ռուս-թուրքական համագործակցության զարգացման և առաջին հերթին՝ դրանց գործարար բաղադրիչի համար»։

Սիրիայում ռուսական ռազմական միջամտություն – 2015թ. սեպտեմբերի 30-ին Սիրիայում մեկնարկ տրվեց Ռուսաստանի ռազմական միջամտությանը, ինչը նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս հետխորհրդային Ռուսաստանի առաջին խոշորամասշտաբ ռազմական գործողությունն էր, որում ներգրավվեցին Ռուսաստանի օդատիեզերական ու ռազմածովային ուժերը (ՌԾՈՒ)։ Գործողության հիմնական նպատակը բավականին բարդ իրավիճակում հայտնված (2015թ. գարնանը Պալմիրան ու Իդլիբը կորցրած) Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին օգնելն էր և այդպիսով ռուսամետ դիրքորոշում ունեցող վարչակարգն ու դրանով նաև ռուսական դիրքերը պահպանելը։

Սիրիայում Ռուսաստանին անհատույց տրված Խմեյմիմ ավիաբազայում տեղակայված ռուսական ռմբակոծիչներն ու գրոհիչ ինքնաթիռները, մարտական ինքնաթիռները սկսեցին ավիահարվածներ հասցնել Ասադի հակառակորդներին։ Բացի այդ գործողությանը մասնակցեցին Ռուսաստանում բազավորված հեռահար ավիացիայի ռազմավարական ինքնաթիռները։ Սիրիայում գտնվող թիրախներին թևավոր հրթիռներով հարվածներ հասցրեցին Ռուսաստանի Սևծովյան ու Կասպյան նավատորմի ռազմանավերը։

Ընդհանուր առմամբ, մինչև 2016թ. մայիսի 10-ը ռուսական ավիացիան Սիրիայի տարածքում կատարեց ավելի քան 10.000 մարտական թռիչք և խոցեց հակառակորդի ավելի քան 30.000 օբյեկտ։ Բացի այդ 178 մարտական թռիչք կատարեցին Ռուսաստանի ռազմավարական ավիացիայի ինքնաթիռները, որոնցից և ՌԾՈՒ նավերից իրականացվեց օդային ու ծովային բազավորման 115 թևավոր հրթիռների արձակում։

Թուրքիայի արձագանքը ռուսական ռազմական միջամտությանը – Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը չէր կարող չհարուցել վերջին տարիներին Բաշար Ասադի վարչակարգի պաշտոնանկությանն ամեն կերպ տենչող Թուրքիայի իշխանությունների դժգոհությունը, որոնք այդ ընթացքում զգալի քայլեր էին ձեռնարկել տվյալ ուղղությամբ՝ մեծապես աջակցելով սիրիական չափավոր ընդդիմությանն (Սիրիական ազատ բանակ) ու ահաբեկչական խմբավորումներին (ԻՊ, Ջաբհաթ ալ-Նուսրա)։ Ռուսական ռազմական միջամտության հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն «մտահոգիչ իրադարձություն» որակեց այն. «Երեկ Սիրիայում Ռուսաստանի սկսած օդային գործողությունների թիրախում հայտնվել է ոչ թե ԻՊ-ը, այլ՝ ընդդիմությունը, և այդ ամենի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ։ Դա շատ մտահոգիչ զարգացում է և էլ ավելի կմեծացնի ճգնաժամը։ Այս իրավիճակը ոչ միայն չի լուծի Սիրիայի ժողովրդի խնդիրները, այլև առավել կմեծացնի դրանք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր հերթին Al Jazeera հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարեց. «Մեր տեղեկություններով ռուսական օդային գործողությունների ժամանակ սպանվել է 65 մարդ։ Սակայն որտե՞ղ՝ Համայում, Հոմսում ու Հալեպում։ Ռուսաստանն ասում է, թե պայքարում է ԻՊ-ի դեմ, սակայն հարվածում է չափավոր ընդդիմադիրներին, սպանվում են խաղաղ բնակիչներ։ Տարածաշրջանի դարդերը տրված են մեզ։ Մենք Սիրիայի հետ ունենք 911 կմ-անոց սահման և ընդունել ենք 2 մլն փախստականի։ Նրանք չեն գնացել Ռուսաստան։ 2 մլն մարդ մեզ է նայում և ոչ թե Ռուսաստանին։ Ռուսաստանը սահման չունի Սիրիայի հետ։ Ինչո՞ւ է Ռուսաստանն այսչափ հետաքրքրված Սիրիայով։ Ես անպայման կհանդիպեմ Պուտինի հետ, որպեսզի քննարկեմ Սիրիայում առկա իրադրությունը և արտահայտեմ իմ մտահոգությունն այդ կապակցությամբ: Եթե մենք բարեկամական երկրներ ենք, ես կխնդրեմ նրան վերագնահատել Ռուսաստանի գործողությունները Սիրիայում»։

Ապա Էրդողանը Ֆրանսիա, Բելգիա ու Ճապոնիա մեկնելուց առաջ Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Թուրքիայի տեսանկյունից Ռուսաստանի ձեռնարկած քայլերը և Սիրիայում ռմբակոծման արշավն անընդունելի են: Դժբախտաբար, Ռուսաստանը լուրջ սխալ է գործում Սիրիայում»։

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն էլ հայտարարեց, որ Ռուսաստանն իրենց նախապես իրազեկել էր Սիրիայում առաջիկա ռազմական միջամտության մասին՝ սակայն թաքցնելով գործողության մանրամասները. «Մենք մտահոգ ենք երեկ Սիրիայում Ռուսաստանի սկսած օդային գործողության համար։ Հարձակման ուղիղ թիրախում Սիրիական ազատ բանակն է։ Այդ հարձակումները ձեռնտու են սիրիական վարչակարգին ու ԻՊ-ին։ Սիրիայում ընդդիմության ոչնչացումն օգտակար չի լինի։ Մենք մտահոգ ենք ռուսական ռազմական ներկայության համար։ Չեմ կարծում, որ դիմակայություն է առաջանում մեզ մոտ։ Ռուսաստանի հետ մեր կապերը մնում են բաց»։

Դատելով Թուրքիայի իշխանությունների այս հայտարարություններից՝ հանգում ենք այն եզրակացության, որ նրանք անմիջապես հասկացան՝ Ռուսաստանի ռազմական միջամտությամբ Բաշար Ասադի վարչակարգի տապալումն առնվազն հետաձգվում է անորոշ ժամկետով, իսկ սիրիական ընդդիմության դիրքերը՝ թուլանում, ինչը վտանգի տակ է դնում նաև Թուրքիայի դիրքերը Սիրիայում։ Դժգոհության տեղիք էր տալիս նաև այն, որ Սիրիայում գնալով աճում էր ռուսական ռազմական ներկայությունը (Տարտուսում գտնվում է Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմածովային միակ բազան)։ Թուրքական կողմն ընդգծում է Ռուսաստանի ու Սիրիայի ընդհանուր սահման չունենալու հանգամանքը, սակայն այդ կապակցությամբ նրա դրսևորած զարմանքը շինծու է, քանի որ Թուրքիան անձամբ մեծապես հետաքրքրված է նախկինում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտած երկրներով, տարածաշրջաններով, որոնք այսօր սահման չունեն Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) հետ։

Սահմանային խախտումներ, լարվածության ուժգնացում – Սիրիայում ռուսական ռազմական միջամտությունից անմիջապես անց՝ հոկտեմբերին, սկսվեցին ռուսական մարտական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տիրույթի խախտումները։ Հոկտեմբեր-նոյեմբերին Թուրքիայի իշխանությունները մի քանի անգամ զգուշացրեցին Ռուսաստանին՝ կապված նրա ինքնաթիռների կողմից երկրի օդային տիրույթը խախտելու հետ։

Հոկտեմբերի 5-ի առավոտյան Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարեց, որ Ռուսաստանին պատկանող մարտական ինքնաթիռը խախտել է երկրի օդային տիրույթը, ինչը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին ժամը 12:08, Հարավային Հաթայ նահանգի Յայլադաղըի շրջանում։ Դրանից հետո թուրքական կողմն օդ է բարձրացրել իր ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) F-16 տիպի երկու կործանիչներ, և Ռուսաստանին պատկանող մարտական ինքնաթիռը վերադարձել է Սիրիա։ Դրա հետ կապված՝ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը հրավիրվեց Թուրքիայի ԱԳՆ, ուր նրան բողոք հայտնեցին և զգուշացրեցին, որ չկրկնվեն նման դեպքերը։ Սինիրլիօղլուն հեռախոսազրույց ունեցավ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և հայտնեց միջադեպի համար թուրքական կողմի մտահոգությունները։ Նա տվյալ թեմայի շուրջ հեռախոսազրույցներ ունեցավ նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հաստատեց իրենց ինքնաթիռի կողմից մի քանի վայրկյանով Թուրքիայի օդային սահմանի խախտումը՝ դա պայմանավորելով եղանակային անբարենպաստ պայմանների գործոնով:

Հոկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ռուսաստանին պատկանող մարտական ինքնաթիռները ոչ թե մեկ, այլ երկու անգամ են խախտել Թուրքիայի օդային տիրույթը։ Երկրորդ խախտումն իրականացվել էր հոկտեմբերի 4-ին՝ SU-30 և/կամ SU-24 մարտական ինքնաթիռների մասնակցությամբ։ Թուրքիայի զինված ուժերի (ԹԶՈՒ) Գլխավոր շտաբն (ԳՇ) իր հերթին հայտարարեց, որ օդային տիրույթի երկու խախտումներից բացի Թուրքիայի ՌՕՈՒ F-16 մարտական ինքնաթիռները 5 րոպե և 40 վայրկյան հետևել են սահմանին մոտեցած ռուսական MIG-29 տիպի մարտական ինքնաթիռին։ Այս հայտարարությունից հետո Անդրեյ Կառլովը ևս մեկ անգամ հրավիրվեց Թուրքիայի ԱԳՆ, ուր նրան ևս մեկ անգամ բողոք հայտնեցին ավիամիջադեպի համար։

Այս միջադեպերից անմիջապես անց ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական մարտական ուղղաթիռները խախտել են Հայաստանի օդային սահմանը և  2-4 րոպե տևողությամբ պտտվել Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։ Մովսիսյանի փոխանցմամբ՝ Հայաստանի քաղավիացիայի վարչությունը թուրքական կողմից փորձել է ճշտել, թե ինչ ուղղաթիռներ են դրանք և ինչ նպատակով են հատել սահմանը։ Նրա խոսքով՝ «Հայաէրոնավիգացիա» կազմակերպության կարգավարի հարցմանն ի պատասխան՝ Անկարայից պատասխան է հնչել, որ եղանակային պայմանների հետ կապված է ուղղաթիռը նման ճանապարհ ընտրել, փորձել է շրջանցել վատ եղանակային իրավիճակը:

Անկասկած է, որ սա Թուրքիայի պատասխանն էր իր հետ ցամաքային սահման չունեցող Ռուսաստանին՝ բայց արդեն «կովկասյան ճակատում»։ Ուշագրավ է, որ թուրքական կողմն էլ Հայաստանի օդային սահմանի խախտումը պայմանավորել է եղանակային անբարենպաստ պայմանների գործոնով, ինչպես որ Ռուսաստանն է պատճառաբանել իր մարտական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տիրույթի խախտումների կապակցությամբ։

Օրեր անց Անդրեյ Կառլովը և Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասն առանձին-առանձին հրավիրվեցին Թուրքիայի ԱԳՆ, ուր նրանց ընդունեց Ֆերիդուն Սինիրլիօղլուն, ով մտահոգություն հայտնեց ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կողմից Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությանը (PYD) ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Կառլովի հետ հանդիպման ժամանակ քննարկվեց նաև սահմանային ավիամիջադեպերի հարցը։

Հարկ է նշել, որ Թուրքիայի իշխանությունները PYD-ին համարում են «ահաբեկչական կառույց», «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) «սիրիական թև» և ցավագին էին արձագանքում PYD-ի ուժեղացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնությանը։ Ուշագրավ է սակայն, որ նոյեմբերի 20-ին Սինիրլիօղլուն հայտարարեց, որ PYD-ը զինված կազմակերպություն չէ. «Անհրաժեշտ է միմյանցից տարանջատել PYD-ն ու YPG-ը (Ժողովրդի ինքնապաշտպանության ուժեր)։ YPG-ը հավասարազոր է PKK-ին։ PKK-ը թե՛ մեր, թե՛ ԱՄՆ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում է։ Իսկ PYD-ը կուսակցություն է, ինչպես մեր HDP-ը (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցություն)։ YPG-ը նրա ռազմական թևն է։ PYD-ի ձեռքում զենք չկա»։ Սինիրլիօղլուի այս հայտարարությունը մեծապես հակասում էր Էրդողանի բազմակի այն հայտարարություններին, որ «PYD-ն ահաբեկչական կազմակերպություն է» (Սինիրլիօղլուն Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը լքեց արդեն 4 օր անց՝ նոյեմբերի 24-ին)։

Հոկտեմբերի 15-ին Թուրքիայի փոխարտգործնախարար Ալի Քեմալ Այդընը հայտարարեց, որ Անդրեյ Կառլովը վերջին 1 շաբաթվա ընթացքում 4-5 անգամ հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ: Նրա խոսքերով՝ հոկտեմբերի 3-10-ին ռուսական ինքնաթիռները 2 անգամ խախտել են Թուրքիայի օդային տիրույթը, 3 ռուսական ինքնաթիռներ վտանգավոր մանևրներ են իրականացրել թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ, և բացի այդ Ռուսաստանի ու Թուրքիայի ինքնաթիռները 13 անգամ վտանգավոր հեռավորության վրա միմյանց են մոտեցել թուրք-սիրիական սահմանին։

Հոկտեմբերի 16-ին ժամը 12:30-ի մոտակայքում ԹԶՈՒ-ն Սիրիային սահմանակից Քիլիս նահանգի Դելիօսման գյուղի մոտ կործանեց անհայտ պատկանելության անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Թուրքիայի ԳՇ-ը հայտարարեց, որ 3 անգամ զգուշացրել են, սակայն ԱԹՍ-ը շարունակել է առաջխաղացումը, ինչի համար էլ խոցվել է։ Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարեց, որ իրենք չգիտեն, թե ում է պատկանում ԱԹՍ-ը, որը 3 կմ խորացել է Թուրքիայի տարածքում։ Դրա հետ կապված՝ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ ԹԶՈՒ-ն առանց տատանվելու կկործանի երկրի օդային սահմանները խախտող ինքնաթիռները. «Երեկ մենք կործանել ենք ԱԹՍ: Եթե դա լիներ ինքնաթիռ, ապա մենք կվարվեինք նույն կերպ։ Մենք կկործանենք սահմանախախտ բոլոր օդային միջոցները։ ԱԹՍ-ը եղել է ռուսական արտադրության, սակայն Ռուսաստանն ասում է, որ այն մերը չէ։ Մենք չգիտենք, թե ում է պատկանել այն. միգուցե PYD-ի՞ն, կամ էլ անգամ ԻՊ-ի՞ն, թեև այդ տարածքում ԻՊ-ը չի գործում։ Ամեն դեպքում մեր քաղաքականությունը հայտնի է. մեր սահմանները խախտելու դեպքում մեզնից անպայման պատասխան կստանան: Թուրքիան հարգանք է պահանջում իր օդային տարածքի նկատմամբ»։

2015թ. նոյեմբերի 20-ին (SU-24M-ի խոցումից ընդամենը 4 օր առաջ) Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարեց, որ Անդրեյ Կառլովը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ՝ կապված նրա հետ, որ Սիրիայում գործող ռուսական ավիացիան ռմբակոծում է թուրքմենական գյուղերը. «Ռուսական ինքնաթիռները Սիրիայի հյուսիս-արևմուտքում ծանր ռմբակոծության են ենթարկում Յայլադաղըի անցակետի մոտ գտնվող Բայըրբուջաքի թուրքմենական տարածաշրջանի գյուղերը։ Ռուսական կողմի գործողություններն ահաբեկչության դեմ պայքար չեն, նա ռմբակոծում է թուրքմենական քաղաքացիական գյուղերը, ինչը կարող է ճանապարհ հարթել լուրջ հետևանքների համար»։

Ավիամիջադեպերի խորապատկերին Դավութօղլուն հայտարարեց, որ Ռուսաստանը Սիրիայի տարածքում գրեթե չի հարվածում ԻՊ-ի դիրքերին։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանի իրականացրած 57 հարձակումներից 55-ը բաժին են ընկել սիրիական չափավոր ընդդիմությանը, իսկ ԻՊ-ի դեմ իրականացվել է միայն 2 հարձակում. «Ռուսաստանը պետք է հարգանք ցուցաբերի Թուրքիայի օդային տարածքի նկատմամբ՝ միջազգային նորմերի համաձայն։ Ռուսաստանը պետք է ուշադրություն դարձնի Սիրիայում Թուրքիայի շահերի վրա՝ հաշվի առնելով, որ Սիրիան Թուրքիայի բնական հարևանն է։ Սիրիայի ճգնաժամի պատճառով չպետք է տուժեն ռուս-թուրքական հարաբերությունները»։

Փաստորեն, թուրքական կողմը շարունակ հայտարարում էր, որ հարգանք է պահանջում իր օդային տիրույթի նկատմամբ և սպառնում էր կործանել յուրաքանչյուր օդային միջոց, որը կխախտեր իր օդային սահմանը, և նա այդ գործընթացը սկսեց ԱԹՍ կործանելով (Ռուսաստանը, սակայն, հերքեց, թե ԱԹՍ-ը պատկանել է իրեն)։ Ուշագրավ է, սակայն, որ նույն 2015թ. հոկտեմբերին Թուրքիան անձամբ բազմիցս խախտում էր Հունաստանի օդային տիրույթը, ընդ որում, այդ խախտումները կրում էին առավել մասշտաբային ու զանգվածային բնույթ։

Օրինակ, հոկտեմբերի 5-ին (հոկտեմբերի 3-4-ին ռուսական ինքնաթիռների օդային խախտումներից հետո) հաղորդվեց, որ թուրքական 3 մարտական ինքնաթիռներ Էգեյան ծովի կենտրոնական ու հարավ-արևելյան հատվածներում 4 անգամ խախտել են Հունաստանի օդային տիրույթը։ Դրանից մոտ 20 օր անց հաղորդվեց, որ թուրքական 20 ինքնաթիռներ Էգեյան ծովի կենտրոնական, հյուսիս-արևելյան ու հարավ-արևելյան հատվածներում 46 անգամ խախտել են Հունաստանի օդային տիրույթը։ Հունաստանի ՌՕՈՒ ԳՇ-ի հաղորդմամբ՝ 2015թ. առաջին 8 ամիսներին թուրքական մարտական ինքնաթիռների 101 խմբերը 1306 անգամ, իսկ 2014թ.՝ 2244 անգամ խախտել են Հունաստանի օդային տիրույթը։ Ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տիրույթի խախտումների պայմաններում Թուրքիայի ՌՕՈՒ-ի կողմից Հայաստանի ու Հունաստանի օդային սահմանների խախտումները կարող էին ծառայել նաև Թուրքիայում (եթե կարելի է այդպես ասել) պարտվողականության հնարավոր զգացողությունները ցրելուն, որոնք կարող էին առաջացած լինել Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային տիրույթի խախտումներից։

Էրդողանն իր հերթին սպառնաց խզել Ռուսաստանի հետ գազային պայմանագրերն ու Աքքույուի ատոմակայանի կառուցման մասին պայմանագիրը. «Թուրքիան ռուսական գազի գլխավոր գնորդն է, սակայն, եթե անհրաժեշտ լինի, նա կարող է դա (գազ) ստանալ շատ այլ տեղերից։ Դա մեծ կորուստ կլինի Ռուսաստանի համար։ Նման ճակատագրի կարող է արժանանալ նաև Աքքույուի ատոմակայանի կառուցման մասին պայմանագիրը։ Եթե Աքքույուի ատոմակայանը չկառուցեն ռուսները, ապա կգան ուրիշները և կկառուցեն այն։ Ներկայիս վիճակն անընդունելի է։ Օդային խախտումների վերաբերյալ ռուսական կողմի բացատրությունները համոզիչ չեն»։

Պետք է նշել, որ ռուսական գազից և Աքքույուի ատոմակայանի կառուցումից հրաժարվելու մասին Էրդողանի սպառնալիքները միայն դատարկություն էին. եթե անգամ մի կողմ դնենք իրավական հարթության վրա համապատասխան պայմանագրերից հրաժարվելու ու փոխհատուցումներից խուսափելու հնարավորության գործոնները, ապա Թուրքիայի համար կործանարար հետևանքներ կունենար հատկապես ռուսական գազից հրաժարումը: Նա չէր կարողանա ռուսական գազի կորուստը փոխհատուցել իրանական կամ ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը մեծացնելով, քանի որ տվյալ փուլում այդ երկրներից եկող գազատարների թողունակությունը չէր ընձեռում նման հնարավորություն. դրանք գործում են լիաբեռնված (Իրանն ու Ադրբեջանը Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարարներն են)։ Բացի այդ «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» և «Թավրիզ-Էրզրում» գազատարները պարբերաբար գտնվում են PKK-ի զինյալների թիրախում և 2015թ. նույնպես պայթեցվեցին նրանց կողմից։ Հեղուկացված գազի գնումը թանկարժեք է և ժամանակատար գործընթաց (Թուրքիան ունի գազի հեղուկացման ընդամենը 2 տերմինալ, հեղուկացված գազին բաժին է ընկնում Թուրքիայի ներկրած ողջ գազի 7.15%-ը)։

Բացի այդ ձմռանը սովորաբար Թուրքիայում մեծանում է գազի պահանջարկը, որտեղ գործում է միայն 1 գազապաստարան (Սիլիվրիում, Մարմարայի տարածաշրջան), և Թուրքիան չի կարողանում պահեստավորել մեծ ծավալի գազ (ինչի համար Թուրքիան ձգտում է օգտագործել Ուկրաինայի ստորգետնյա գազապաստարանները)։ PKK-ի զինյալները ձմռանը նույնպես կարող են պայթեցնել Իրանից ու Ադրբեջանից Թուրքիա եկող գազատարները և անգամ միաժամանակ երկու խողովակաշարերն էլ, ինչը չափազանց մեծ խնդիրներ կառաջացնի ռուսական գազից հրաժարվելու մասին հայտարարող Թուրքիայի համար։

Հետաքրքիր է, թե Էրդողանը որտեղից էր մտադիր գազ ստանալ։ «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցման մեկնարկը Կարսում տրվել է միայն 2015թ. գարնանը, այն պատրաստ կլինի 2018-2019թթ., և դրանով իսկ Թուրքիան առաջին փուլում կստանա հավելյալ 6 մլրդ մ3 ադրբեջանական գազ (Ադրբեջանն այդպիսով կդառնա Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարարը՝ գերազանցելով Իրանին), ևս 10 մլրդ մ3 գազ կստանա Եվրոպան։ Թուրքմենական (միջինասիական) գազը TANAP-ով մատակարարելու հարցը նույնպես լուծված չէ, քանի որ որևէ առաջընթաց չկա Կասպից ծովի հատակով անցնելիք «Անդրկասպյան» գազատարի կառուցման հարցում։ Իսրայելից ու Կիպրոսից Թուրքիա գազատար անցկացնելու և Թուրքիայի տարածքով այդ երկրների գազը Եվրոպա արտահանելու հարցերում այդ ժամանակ որևէ դրական տեղաշարժ չկար (թուրքական երթուղին ամենակարճն է այդ հարցում)։ Իրանն իր գազը Եվրոպա արտահանելու երթուղիների փնտրտուքների մեջ էր, և որոշակի առումով չէր ցանկանում այդ հարցում տարանցիկ կախվածության մեջ ընկնել Թուրքիայից։ Այստեղ նաև խոսում էին Իրաքից գազատար կառուցելու մասին, սակայն, ինչպես հայտնի է, Իրաքում քաոսային իրավիճակ էր՝ կապված ԻՊ-ի գործողությունների պատճառով, ինչպես նաև խնդիրներ կային Բաղդադի կենտրոնական կառավարության հետ։

Ինչ վերաբերում է Աքքույուի ատոմակայանի խնդրին, ապա տեսականորեն այս հարցում Թուրքիան, ի տարբերություն գազային ոլորտի, մանևրելու ավելի մեծ հնարավորություն ուներ։ Մասնավորապես ճապոնական Toshiba ընկերությունը Թուրքիայի համար ատոմակայան կառուցելու պատրաստակամություն էր հայտնել։ Սակայն պետք է ընդգծել, որ Ռուսաստանին Աքքույուի ատոմակայանի իրավունքից զրկելու հարցը դուրս էր Էրդողանի իրավասությունից, և որ ատոմակայանի վերաբերյալ երկու երկրների միջև ստորագրված միջկառավարական համաձայնագիրը հաստատել է Թուրքիայի խորհրդարանը, որն էլ կարող է չեղյալ հայտարարել այդ համաձայնագիրը։ Բացի այդ թուրքական կողմը չէր նախընտրի Toshiba-ի տարբերակը, քանի որ դա չէր տեղավորվում ատոմակայանների կառուցման հարցում նրա դիվերսիֆիկացիոն (տարբերակման) քաղաքականության շրջանակներում։ Թուրքիան արդեն իսկ իր երկրորդ՝ Սինոպի ատոմակայանի կառուցման իրավունքը շնորհել էր ճապոնական Mitsubishi ընկերությանը, որը դա անելու է ֆրանսիական Areva ընկերության հետ համատեղ (թուրքական կողմի այդ ընտրությունից անմիջապես անց Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը 2015թ. մայիսին հայտարարել էր, որ Սինոպի ատոմակայանում կատարվելիք ֆրանսիական ներդրումները կարող են իրենց ազդեցությունն ունենալ Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշման վրա, և որ Ֆրանսիան արդեն ավելի ուշադիր կլինի այդ մասին իր հայտարարություններում

Վերադառնալով թուրք-սիրիական սահմանի ավիամիջադեպերի խնդրին՝ նշենք, որ Թուրքիան անմիջապես փորձեր ձեռնարկեց ավիամիջադեպերի գործընթացում ՆԱՏՕ-ին ներքաշելու ուղղությամբ։ Հոկտեմբերի 6-ին Էրդողանը Բելգիայում հայտարարեց. «Թուրքիան թույլ չի տա Ռուսաստանի ՌՕՈՒ ինքնաթիռների կողմից իր օդային տարածքի կրկնակի խախտում։ Թուրքիայի սահմանների ցանկացած խախտում կնշանակի ՆԱՏՕ-ի սահմանների խախտում։ Կարծում եմ՝ Ռուսաստանը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Անհրաժեշտ է հասկանալ, որ, եթե Ռուսաստանը կորցնի Թուրքիայի նման բարեկամ երկրի, ապա շատ բան կկորցնի»։

2015թ. հոկտեմբերի 9-ին Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը հայտարարեց, որ Թուրքիայում մտավախություններ կան, որ ռուսական ավիահարվածների հետևանքով կգրանցվի սիրիացի փախստականների նոր ալիք. «Թուրքիայում արդեն իսկ ապաստան է ստացել 2 մլն փախստական։ Յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ Սիրիայում տիրող անկայունությունն ու քաոսը որևէ այլ երկրի վրա ավելի շատ չեն ազդում՝ համեմատած Թուրքիայի հետ, ով Սիրիայի հետ ունի 911 կմ-անոց սահման»։

2015թ. հոկտեմբերի 10-ին Անկարայում գրանցված պայթյունների կապակցությամբ Թուրքիան առաջին ցավակցությունը ստացավ Վլադիմիր Պուտինից։ Անկարայի ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվեց 109 և վիրավորվեց ավելի քան 500 մարդ, դարձավ ԹՀ պատմության ընթացքում մահապարտների մասնակցությամբ կատարված ամենամահաբեր ռմբային հարձակումը։

2015թ. հոկտեմբերի 16-ին Սինիրլիօղլուն լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ռուսաստանին իրազեկել են, թե Սիրիայում տիրող քաոսը Թուրքիայի ազգային անվտանգության հարց է. «Ռուսաստանն աջակցում է Բաշար Ասադին, ով վերահսկում է երկրի տարածքի միայն 14%-ը, գործում է այդ տարածքներում, ինչը չի կարող ճանապարհ հարթել Սիրիայի ամբողջականության ու միասնության համար։ Ռուսաստանը սխալ է գործում։ Թուրքիայի սահմանին կատարվող օդային շարժերը լուրջ իրավիճակ են, քանի որ ամեն պահի կարող են աղետի պատճառ դառնալ»։

2015թ. հոկտեմբերի 22-ին Էրդողանն անակնկալ հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ, որը տևեց մոտ 1 ժամ։ Դրա համար պատճառ էին դարձել Բաշար Ասադի մոսկովյան այցը (դա 2011թ. մեկնարկած սիրիական հակամարտության ընթացքում Բաշար Ասադի առաջին այցն էր արտերկիր) և Մոսկվայում PYD-ի գրասենյակի առաջիկա բացման մասին տեղեկությունների հայտնվելը։ Էրդողանը ցանկացել է իմանալ, թե ինչ են քննարկել Պուտինն ու Ասադը և հիշեցրել է Ասադի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումը։ Էրդողանը Պուտինին կոչ արեց չհավատալ Ասադին՝ ընդգծելով, որ վերջինս 2011թ. բազմաթիվ խոստումներ է տվել իրենց, սակայն չի կատարել դրանք։ Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը Պուտինին զգուշացրեց գործ չբռնել PYD-ի հետ՝ նշելով, որ իրենք այն ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն, և եթե Ռուսաստանը գործ բռնի PYD-ի հետ, ապա դա կնշանակի Թուրքիայի նկատմամբ թշնամական կեցվածք։

2015թ. հոկտեմբերի 26-ին Ահմեդ Դավութօղլուն Habertürk-ի եթերում հայտարարեց, որ այն ժամանակ, երբ Բաշար Ասադը թուլացել էր, և նրա հեռանալը ժամանակի հարց էր, Ռուսաստանը ռմբակոծում էր Սիրիայում չափավոր ընդդիմության դիրքերը. «Երբ Ասադը չկարողացավ իր բանակով, աշխարհազորայիններով վերահսկել իրավիճակը, օգնություն խնդրեց Իրանից և գործին միջամտեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ու Իրաքի շիաները։ Սակայն իրավիճակը վերստին չշտկվեց, և այս անգամ միջամտեց Ռուսաստանը։ Այս ամենն ի ցույց է դնում ոչ թե Ասադի հաջողությունները, այլ նրա կողմից իրավիճակը վերահսկել չկարողանալը»:

Այսպիսով, մենք տեսանք, որ Սիրիայում ռուսական ռազմական միջամտությունից հետո՝ հոկտեմբերին և նոյեմբերի առաջին 20 օրերին, բավականին սրվեցին Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները, և Անկարայում Ռուսաստանի դեսպանը հաշվետու ժամանակահատվածում առնվազն 4 անգամ հրավիրվեց Թուրքիայի ԱԳՆ։ Լարվածության հիմքում ընկած են հետևյալ գործոնները.

Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտություն և այդպիսով Բաշար Ասադին վերջնական պարտությունից փրկում, ռազմական ու դիվանագիտական ոլորտներում Ասադի դիրքերի ամրապնդում. Սիրիայում ռուսական ռազմական գործողության մեկնարկը խառնեց Բաշար Ասադի վարչակարգի մոտալուտ տապալման հույսեր փայփայող և այդ ուղղությամբ զգալի ջանքեր գործադրած Թուրքիայի խաղաթղթերը։

Պուտինից Էրդողանի խաբվածության, հիասթափության գործոն: Էրդողանն ավելի վաղ Պուտինի հետ զրույցներից տպավորություն էր ստացել և հայտարարել, որ Պուտինն այլևս նախկինի նման չի աջակցում Ասադին։ 2015թ. սեպտեմբերի սկզբին Էրդողանը CNN International-ի եթերում հայտարարեց, որ Ռուսաստանը սկզբնական շրջանում այլ մոտեցում ուներ Սիրիայի խնդրի վերաբերյալ, սակայն ավելի ուշ փոխել է այդ մոտեցումը. «Ես բանակցել եմ պարոն Պուտինի հետ, այդ հարցերը վերջին անգամ բազմակողմ քննարկել ենք Բաքվում՝ Օլիմպիական խաղերի ժամանակ։ Այն ժամանակ ես տեսա Պուտինի այլ մոտեցում։ Սակայն Ռուսաստանի հետագա հայտարարությունները, անկեղծ ասած, շոկի ենթարկեցին ինձ։ Ինձ բարդ է դա հասկանալը»։

Սիրիայի քրդերին (PYD) Ռուսաստանի ռազմական օգնության ցուցաբերում (թեև ՌԴ ԱԳՆ-ը հերքեց PYD-ին զենքի մատակարարումները), Մոսկվայում PYD-ի գրասենյակի բացման հնարավորություն։ Մոսկվայում Ասադի հետ հանդիպումից օրեր անց Պուտինը հայտարարեց սիրիական բանակի ու Սիրիայի քրդերի միասնական գործելու անհրաժեշտության մասին, ինչը չէր կարող չհարուցել Թուրքիայի դժգոհությունը։

Սահմանային ավիամիջադեպեր, Թուրքիայի իշխանությունների և առաջին հերթին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իմիջի խաթարում (քանի որ հանդգնել են քանիցս խախտել Թուրքիայի օդային տիրույթը, մինչդեռ Թուրքիան սովոր է, որ ինքն է բազմիցս խախտում հարևան երկրի՝ Հունաստանի օդային տիրույթը)։

Թուրքմեններին ռմբակոծության ենթարկելը. ռուսական ավիացիան սկսեց ավիահարվածներ հասցնել Թուրքիայի աջակցությունը վայելող, Սիրիայում քիչ թե շատ օրինական միակ հենարան թուրքմենների դիրքերը, ինչը նույնպես կարելի է որակել որպես տարածաշրջանային գերտերության դերին հավակնող Թուրքիայի իմիջի խաթարում, քանի որ նա չէր կարողանում Սիրիայի թուրքմեններին պաշտպանել ռուսական ավիացիայի հարվածներից։ Նոյեմբերի 22-ին Դավութօղլուն Թուրքիայում անցկացված Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստի արդյունքներով հայտարարեց, որ անհրաժեշտ է կանխել թուրքմեններին սպանդի ենթարկելը, և որ իրենք հրահանգել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Բայըրբուջաքի «եղբայրներին» պաշտպանելու ուղղությամբ՝ չմանրամասնելով, թե ինչ միջոցների մասին է խոսքը։

Սիրիայից Թուրքիա փախստականների նոր հնարավոր ալիք. ինչպես արդեն նշվեց, թուրքական կողմը մտավախություն հայտնեց, որ ռուսական ռմբակոծությունների հետևանքով զգալիորեն կաճի Սիրիայից Թուրքիա փախստականների ալիքը։ Սակայն, եթե Թուրքիայի իշխանություններին իսկապես հուզում էր փախստականների ալիքը, ապա դրա համար բավական կլիներ նրանց կողմից սիրիական հակամարտությունը չբորբոքելը, Թուրքիայից Սիրիա զինյալների, զենքի, զինամթերքի մուտքը կանխելը (դեռևս 2013թ. հունվարի վերջին Ասադը լիբանանյան El Ekber թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ սիրիական հակամարտության չդադարելու պատճառը Թուրքիան է, որի վարչապետի (Էրդողան) աջակցությամբ արդեն 22 ամիս շարունակ զինված ահաբեկիչները մուտք են գործում Սիրիա, և եթե դադարեցվի Թուրքիայի սահմանով ահաբեկիչների, զենք-զինամթերքի ներհոսքը Սիրիա, ապա երկրում իրավիճակը կարելի է կարգավորել երկու շաբաթվա ընթացքում

ԻՊ-ի դեմ ռուսական ավիահարվածների սաստկացում. հոկտեմբերի 30-ին Սինայի թերակղզում ռուսական A321 մարդատար օդանավի կործանումից հետո Պուտինը կարգադրեց կրկնապատկել ԻՊ-ին հասցվող ավիահարվածների թիվը։ Ռուսաստանը սաստկացրեց ԻՊ-ի դիրքերի դեմ ավիահարվածները, սկսեց հզոր ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի «մայրաքաղաք» Ռաքքային, մինչդեռ Թուրքիան մեծ դեր ուներ ԻՊ-ի ունեցած հաջողություններում:

Ռուսական ռազմական միջամտությունից հետո ԱՄՆ-ի գործողություններ. Սիրիայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից ընդամենն օրեր անց ԱՄՆ-ը չեղյալ հայտարարեց սիրիական ընդդիմությանը ռազմական կրթություն տալու և սպառազինելու ծրագիրը, որն իրականացվում էր նաև Թուրքիայի տարածքում, ով նպատակադրվել էր այդ ծրագրի շրջանակներում հզորացնել Սիրիայի թուրքմեններին։ Բացի այդ ԱՄՆ-ն այդ ծրագրից հրաժարվելուց հետո անցում կատարեց Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարող ընդդիմադիր ուժերին, այդ թվում նաև՝ Սիրիայի քրդերին զենք-զինամթերք մատակարարելուն, որը հարուցեց Թուրքիայի խորը դժգոհությունը և անգամ ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ հրավիրելուն:

Ռուսաստանի կողմից Իրանին S-300 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) մատակարարման գործոն. 2015թ. նոյեմբերի սկզբին ուժի մեջ մտավ Ռուսաստանի ու Իրանի միջև ստորագրված նոր պայմանագիրը, որով Ռուսաստանը պետք է մոտ ժամանակներս սկսեր Իրանին մատակարարել արդիականացված S-300 համակարգեր, որոնց մասին Թուրքիան միայն կարող էր երազել (չնայած նրան, որ Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի սահմանի մոտ, տեղակայված էին ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից Թուրքիային ժամանակավորապես տրամադրած Patriot ԶՀՀ-ներին)։ Ավելի վաղ՝ Թուրքիայի կողմից մեծ հեռահարության ԶՀՀ-ների շուրջ անցկացված մրցույթի ժամանակ, Ռուսաստանը հրաժարվել էր Թուրքիայի հետ կիսվել S-300 ԶՀՀ-ների արտադրության տեխնոլոգիաներով, ինչը դարձել էր Թուրքիայի կողմից «Ռոսօբոռոնէքսպորտի» հայտին նախապատվություն չտալու հիմնական պատճառներից մեկը։

Ռուսական ավիացիայի կողմից ԻՊ-ի նավթային ենթակառուցվածքների ոչնչացում. Սիրիայում գործող ռուսական ավիախումբը սկսել էր ոչնչացնել ԻՊ-ի նավթային ենթակառուցվածքները. նավթամբար, նավթավերամշակման գործարան, հազարավոր բենզինատարներ: Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբիի խոսքերով՝ ԻՊ-ից ողջ նավթը գնում է Թուրքիայի նախագահի որդուն՝ Բիլալ Էրդողանին պատկանող նավթային ընկերությանը։ Ուշագրավ էր, որ Թուրքիայի նորաստեղծ կառավարությունում էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը զբաղեցրեց Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը։ Թուրքական մամուլի պնդմամբ՝ Թուրքիայի վարչապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ Ահմեդ Դավութօղլուն ցանկացել է այդ պաշտոնին վերադարձնել Թաներ Յըլդըզին, սակայն Էրդողանը դեմ է եղել՝ պնդելով փեսայի թեկնածությունը։ Բացի այդ Էրդողանի պնդմամբ` Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու հաղորդակցությունների նախարարի պաշտոնում վերստին նշանակվեց Բինալի Յլդըրըմը, ով այդ պաշտոնում չնչին դադարներով գտնվել է 2002-2013թթ. և պաշտոնանկ էր արվել «Մեծ կաշառք» գործից հետո։ Թուրքիայի էներգետիկայի ու տրանսպորտի նախարարների պաշտոնները բավականին կարևոր էին ԻՊ-ից էժան գնով մաքսանենգ նավթ գնելու և արտաքին շուկաներ փոխադրելու համար։

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներ. 2015թ. նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական կրկնական ընտրությունների արդյունքներն ԱԶԿ-ին հնարավորություն տվեցին վերստին ձևավորել միակուսակցական կառավարություն (հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ԱԶԿ-ն իր պատմության մեջ առաջին անգամ չկարողացավ հասնել միակուսակցական կառավարություն ձևավորելուն), ինչը մեծ վստահություն հաղորդեց Թուրքիայի նախագահին՝ ազատ արձակելով նրա ձեռքերը թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական ոլորտներում։

Սև ծովում ավիամիջադեպերի գործոնը. եթե թուրք-սիրիական սահմանին Ռուսաստանին պատկանող ինքնաթիռները նոր էին սկսում խախտել Թուրքիայի օդային տիրույթը, ապա Սև ծովում նման խախտումները գրանցվում էին կանոնավոր։ 2015թ. մարտի կեսին Թուրքիայի ՌՕՈՒ-ի F-16 կործանիչները նախազգուշական թռիչք իրականացրեցին Սև ծովում՝ ի պատասխան ռուսական IL-20 ռադիոէլեկտրոնային հետախուզության ինքնաթիռի մանևրի, որը չեզոք գոտով թռչել է Թուրքիայի օդային տիրույթի երկայնքով։ Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ վերջին շրջանում Սև ծովում նմանատիպ միջադեպեր գրանցվել են նաև 2013թ. հոկտեմբերի 22-ին, 24-ին, 26-ին, նոյեմբերի 3-ին, 6-ին, 2014թ. մայիսին։

Քինախնդրության գործոն. Խոսքը 2012թ. հունիսի 22-ին Սիրիայի զինված ուժերի կողմից Լաթաքիայի մոտ Թուրքիայի ՌՕՈՒ RF-4E Phantom տիպի ինքնաթիռի խոցման մասին է։ Ուշագրավ է, որ միջադեպը գրանցվել էր Թուրքիայի Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում, մինչդեռ 2015թ. նոյեմբերի 24-ին ռուսական Su-24-ի միջադեպը տեղի էր ունեցել Սամանդաղի հարևան Յայլադաղ շրջանում։ Այն ժամանակ թուրքական մամուլը գրել էր, որ թուրքական ինքնաթիռը կործանել են Սիրիայում գտնվող ռուսական բազայից արձակված հրթիռով` Pantsir-S1 ԶՀՀ-ով։ Ի դեպ, RF-4E Phantom-ի կործանման հետևանքով զոհված օդաչուներից Գյոքհան Էրթանի հայր Ալի Էրթանը 2015թ. նոյեմբերին ողջունեց թուրքական օդուժի կողմից SU-24-ի խոցումը՝ հայտարարելով, որ RF-4E Phantom-ի միջադեպից ավելի քան 3 տարի անց Թուրքիայի կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել։ Հատկանշական է, որ SU-24-ի միջադեպից հետո Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին հիշեցրեց 2012թ.  RF-4E Phantom-ի միջադեպից հետո այդ երկրի վարչապետ Էրդողանի այն խոսքերը, թե օդային տարածքի կարճատև խախտումը չի կարող ուժի կիրառման պատրվակ ծառայել։

Բ) Ռուսթուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացում

Ինքնաթիռային միջադեպ – 2015թ. նոյեմբերի 24-ին ժամը 09:30-ի մոտակայքում Թուրքիայի ՌՕՈՒ-ի երկու F-16 կործանիչներ ոչնչացրեցին Սիրիայում գործող ռուսական ավիացիայի Sukhoi Su-24M ռմբակոծիչը, որը չի գտնվել կործանիչային պաշտպանության տակ և ռմբակոծում էր Բայըրբուջաքի թուրքմենների դիրքերը։ Դա դարձավ Սիրիայում ռազմական կամպանիայի ժամանակ Ռուսաստանի կրած առաջին լուրջ կորուստը։ Ռուսական ռմբակոծիչն ընկել էր Սիրիայի տարածքում։ Թուրքական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռի վայր ընկնելուց հետո բեկորներից Թուրքիայի տարածքում վիրավորվել է երկու մարդ։ Ինքնաթիռի երկու օդաչուն դիմել էին կատապուլտի օգնությանը, սակայն նրանցից մեկին՝ Օլեգ Պեշկովին, գետնից արձակած կրակով սպանել են Սիրիայի թուրքմենները (հետագայում թուրքական կողմն օդաչուի աճյունը հանձնեց ռուսական կողմին)։ Մյուս օդաչուին հաջողվել էր փրկել և տեղափոխել Սիրիայում ռուսական ռազմաբազա։ Սակայն նրա որոնողական գործողության ժամանակ ռուսական կողմը կորցրեց Mi-8 տիպի ուղղաթիռ, որը Սիրիայում գործող ապստամբ ուժերը կործանեցին հրթիռային հարվածով։

Թուրքական մամուլի պնդմամբ՝ Թուրքիայի ՌՕՈՒ F-16 կործանիչները Սիրիայի հետ սահմանին ռուսական Su-24M ռմբակոծիչը կործանել են ամերիկյան արտադրության AIM-9X Sidewinder հրթիռով, որը հայտնի է որպես «մահաբեր հրթիռ»։ AIM-9X Sidewinder հրիթռը ԹԶՈՒ տրամադրության տակ առաջին անգամ հայտնվել է 1960-ականներին, սկզբնական շրջանում դրանք տեղակայվել են F-5A և F-104G մոդելների ինքնաթիռների, իսկ ամենավերջում՝ F-16 կործանիչների վրա։ Հրթիռի քաշը կազմում է 85 կգ, իսկ հեռահարությունը՝ 26 կմ։ 25 մլն դոլար արժողությամբ ռուսական ինքնաթիռը խոցած «օդ-օդ» դասի այդ հրթիռի արժեքը կազմում է մոտ 100.000 դոլար։

Թուրքական մամուլը գրեց, որ դա 1949թ. ստեղծված ՆԱՏՕ-ի 66-ամյա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նրա անդամ երկիրը կործանում է Ռուսաստանին պատկանող ինքնաթիռ և պաշտոնապես հայտարարում է այդ մասին։  Թուրքական մամուլը նաև գրեց, որ ԹԶՈՒ-ն 2013թ. սկսած (2012թ. հունիսի 22-ին Սիրիայի զինված ուժերի կողմից Թուրքիայի ՌՕՈՒ-ի RF-4E Phantom հետախուզական ինքնաթիռը կործանելուց հետո) Սիրիայի հետ սահմանին կործանում է արդեն 5-րդ ավիամիջոցը, որոնցից վերջինն առավոտյան խոցված ռուսական Su-24M ինքնաթիռն է։ 2013թ. Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կործանել է սիրիական մեկ ուղղաթիռ։ 2014թ. մարտի 23-ին Սիրիայի հետ սահմանին խոցվել է ռուսական արտադրության, բայց Սիրիային պատկանող MIG-23 ինքնաթիռ։ 2015թ. մայիսի 16-ին թուրքական մարտական ինքնաթիռները կործանել են սիրիական ևս մեկ ավիամիջոց։ 2015թ. հոկտեմբերի 16-ին Թուրքիայի ԳՇ-ը հայտնել է Սիրիայի հետ սահմանին ԱԹՍ կործանելու մասին։

Su-24M-ի խոցման հաջորդ օրը՝ նոյեմբերի 25-ին, ռուսական ավիացիան հարվածեց Թուրքիայից Սիրիա՝ Ազեզի շրջան մուտք գործած բեռնատարների ավտոշարասյանը, որը պատկանում էր թուրքական Մարդու իրավունքների ու ազատությունների հիմնադրամին (İHH), և որը թուրքական կողմի պնդմամբ՝ տեղափոխում էր մարդասիրական օգնություն (շինանյութեր)։ Թուրքական բեռնատարները Սիրիա մուտք են գործել Քիլիսի նահանգից, սակայն սահմանից 4 կմ հեռավորության վրա՝ Ազեզի շրջանում, ենթարկվել են ռուսական ավիացիայի հարձակմանը։ Հարձակման ժամանակ զոհվել է 7 և վիրավորվել՝ 10 մարդ, այրվել է 20 բեռնատար։ Սիրիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ իրականում թուրքական բեռնատարները զենք են տեղափոխել, և որ նրանք սահմանը հատելուց հետո իրենց թուրքական համարները փոխել են սիրիական համարներով։

Ռուսական ավիացիայի կողմից թուրքական բեռնատարների ոչնչացումը կարելի է որակել որպես Ռուսաստանի ռազմական պատասխան Թուրքիայի ՌՕՈՒ-ի կողմից իր ռմբակոծիչի խոցմանը։ Ինքնաթիռային միջադեպից անմիջապես անց Սիրիայում գործող ռուսական ռմբակոծիչներին սկսեցին ուղեկցել ռուսական կործանիչները, և բացի այդ Ռուսաստանը Սիրիայում տեղակայեց S-400 նորագույն ԶՀՀ։ Դրանից անմիջապես անց դադարեցվեցին Սիրիայի օդային տիրույթում թուրքական ավիացիայի թռիչքները, որոնք օգոստոսից իրականացվում էին ԻՊ-ի դեմ միջազգային դաշինքի պայքարի շրջանակներում։ Թուրքական կողմը մտավախություն ուներ, որ, եթե իր մարտական ինքնաթիռներն ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում մուտք գործեին Սիրիա, ապա ռուսական S-400 ԶՀՀ-ը կկործաներ դրանք, և Ռուսաստանն այդպիսով վրեժխնդիր կլիներ Թուրքիայից։ Այն ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ, եթե ռուսական S-400 ԶՀՀ-ը Սիրիայի օդային տիրույթում կործանի Թուրքիային պատկանող մարտական ինքնաթիռ, ապա դա կորակի որպես ագրեսիա։ Էրդողանն ընդգծել էր, որ լիովին հավանական է համարում դեպքերի նմանատիպ զարգացումը՝ հավելելով, որ այդ դեպքում իրենք հարկադրված կլինեն պատասխան միջոցներ ձեռնարկել, որոնց էությունը նա չմանրամասնեց։ Ռուսաստանի վրեժխնդրությունից Էրդողանի հիրավի վախենալու փաստի մասին է վկայում այն, որ թուրքական ավիացիան Սիրիա վերադարձավ դրանից միայն 9 ամիս անց։

Թուրքական ու ռուսական կողմի պարզաբանումներ – Թուրքիայի ԳՇ-ը միջադեպի կապակցությամբ հայտարարեց, որ սահմանախախտ ինքնաթիռը Հաթայ նահանգի Յայլադաղը շրջանում 17 վայրկյանով խախտել է Թուրքիայի օդային տիրույթը՝ չնայած նրան, որ ինքնաթիռը նախապես, երբ գտնվել է թուրքական սահմանից 24 կմ հեռավորության վրա, 5 րոպեում 10 անգամ զգուշացվել է: Թուրքիայի ԳՇ-ը հրապարակեց խոցված ինքնաթիռի հետագծի վերլուծությունը, իսկ ավելի ուշ՝ նրան արված զգուշացումների ձայնագրությունը։

ՌԴ ՊՆ-ը, սակայն, հերքեց, թե ռուսական ինքնաթիռը հատել է Թուրքիայի օդային սահմանը՝ ընդգծելով, որ թռիչքի ողջ ընթացքում այն գտնվել է Սիրիայի օդային տիրույթում և 6000 մ բարձրության վրա խոցվել է բազա վերադառնալիս։ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարեց, որ իրենց մարտական ինքնաթիռը գտնվել է Սիրիայի օդային տիրույթում և չի խախտել Թուրքիայի օդային սահմանը։

Ինքնաթիռի խոցման օրը Թուրքիայի ԱԳՆ հրավիրվեց երկրում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմակատար Սերգեյ Պանովը։ Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովն այդ ժամանակ գտնվում էր Ստամբուլում և նախապատրաստում էր Սերգեյ Լավրովի այցը, որը նշանակված էր նոյեմբերի 25-ին (հարաբերությունների լարվածության պատճառով այդ այցը չկայացավ, ինչպես որ չկայացավ դեկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում նշանակված Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը)։ Անդրեյ Կառլովը Թուրքիայի ԱԳՆ հրավիրվեց նոյեմբերի 26-ին։ Այստեղ նրան մտահոգություն հայտնեցին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան քարկոծման համար՝ տվյալ իրավիճակը որակելով անընդունելի։

Առաջ ընկնելով իրադարձություններից՝ նշենք, որ Անդրեյ Կառլովը ևս մեկ անգամ Թուրքիայի  ԱԳՆ հրավիրվեց դեկտեմբերի 7-ին, ինչի համար պատճառ հանդիսացավ դեկտեմբերի 4-ին Բոսֆորի նեղուցով ռուսական «Ցեզար Կունիկով» ռազմանավի անցնելը, որի ժամանակ նրանում գտնված զինծառայողներից մեկը եղել է շարժական ԶՀՀ-ն ուսին դրած վիճակում՝ ուղղությունը դեպի Ստամբուլ։ Թուրքիայի ԱԳՆ-ում Կառլովին հայտնեցին, որ դա հակասում է 1936թ. Մոնտրեի կոնվենցիայի միջազգային իրավական ոգուն ու դրույթներին։

ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարեց Su-24M-ի միջադեպի կապակցությամբ Մոսկվայում Թուրքիայի դեսպանին խիստ հայտարարություն անելու և վճռական բողոք հայտնելու մասին: Բացի այդ ՌԴ ՊՆ-ը հայտնեց, որ ինքնաթիռային միջադեպի կապակցությամբ պարզաբանումներ տալու համար իրենց մոտ է հրավիրվել Ռուսաստանում Թուրքիայի ռազմական կցորդը:

Նոյեմբերի 24-ին Էրդողանը Թուրքիայում նշվող Ուսուցիչների տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարեց. «Թուրքիան ունի իր սահմանները պաշտպանելու իրավունք, և բոլորը պետք է հարգանքով վերաբերեն դրան։ Բայըրբուջաքի թուրքմենների տարածաշրջանում գոյություն չունի ԻՊ ահաբեկչական կազմակերպություն։ Այնտեղ միայն Բայըրբուջաքի թուրքմեններն են՝ մեր ազգակիցներն ու ցեղակիցները։ Նրանք (ռուսները) ասում են, թե հարվածում են ԻՊ-ին, սակայն դրա քողի տակ հարվածում են Բայըրբուջաքի թուրքմեններին։ Մենք գիտենք, թե ինչ նպատակներ են հետապնդում Բայըրբուջաքի թուրքմեններին հարվածելիս։ Թուրքիան որոշել է Ջերաբլուսից մինչև Միջերկրական ծով ընկած ողջ հատվածը մաքրել ահաբեկչական բոլոր կազմակերպություններից։ Թուրքիան ի սկզբանե ամեն կերպ աջակցել և աջակցելու է այս տարածաշրջանում բնակվող իր եղբայրներին»։

Սակայն PYD համանախագահ Սալիհ Մուսլիմը, դատապարտելով Թուրքիայի կողմից Սիրիայի սահմանների ներսում Su-24M-ի կործանումը, հայտարարեց, որ ռուսական ինքնաթիռի կործանման վայրում չկա թուրքմենական հոծ բնակչություն. «Ինքնաթիռն ընկել է Լաթաքիայի շրջանում: Այնտեղ չկան թուրքմենների հավաքական բնակության տեղեր։ Այնտեղ կան հայերի նման փոքրամասնություններ։ Թուրքիան արդեն երկու տարի է, ինչ ջիհադականներ է բերում-լցնում այս շրջանը։ Դա վերաբերում է Ջաբհաթ ան-Նուսրա և ԻՊ խմբավորումներին։ Այս առավոտ նույնպես ծանր զենքերով զինված խմբերը մուտք են գործել այդ տարածաշրջան։ Ռուսական ինքնաթիռներն էլ հարվածում են լեռները գրավել փորձող այդ անձանց։ Անկարան, տարածաշրջանի ծայրահեղական խմբերին աջակցելով, ցանկանում է ստանալ տնտեսական շահեր ու տարածաշրջանն առնել իր վերահսկողության տակ»[74]։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Սալիհ Մուսլիմը ողջունել էր նախօրեին մեկնարկ տրված Ռուսաստանի ռազմական միջամտությանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Թուրքիային թույլ չի տա միջամտել Սիրիայի հակամարտությանը։

Նոյեմբերի 24-ին Վլադիմիր Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով Su-24M-ի կործանումը, դա որակեց որպես թիկունքից հասցված հարված. «Այդ իրադարձությունը դուրս է գալիս ահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակներից։ Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր թիկունքին հասցրեցին ահաբեկիչներին սատարողները։ Ինքնաթիռն «օդ-օդ» տիպի  հրթիռով կործանվել է Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանից 1 կմ և վայր է ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա։ Հարձակման ենթարկվելիս այն գտնվել է 6000 մ բարձրության վրա։ Ամեն դեպքում մեր օդաչուներն ու ինքնաթիռը ոչ մի կերպ չեն սպառնացել ԹՀ-ին։ Դա ակնհայտ է»։ Պուտինի այս խիստ հայտարարությունում աչք է զարնում այն, որ նա Թուրքիան անվանում է ահաբեկչությանը սատարող երկիր։ Թուրքիային նման որակում տվեց նաև Լավրովը, ով նոյեմբերի 25-ին Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիայի ղեկավարությունը, կործանելով Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի հակաահաբեկչական գործողության շրջանակներում առաջադրանք կատարող և Թուրքիայի օդային տիրույթը չխախտած ռուսական ռմբակոծիչը, ըստ էության, կանգնել է ԻՊ ահաբեկչական խմբավորման կողքին։ Լավրովը վրդովմունք հայտնեց Թուրքիայի ոչ բարեկամական գործողությունների համար։

Ի պատասխան՝ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի ՌՕՈՒ-ն «կանխամտածված ձևով չի կործանել» Ռուսաստանի Su-24M ռմբակոծիչը, և որ Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Թուրքիայի համար. «Այս ազգը ոչ մեկի թիկունքից չի հարվածել։ Երեքշաբթի առավոտյան Հաթայ նահանգի հարավում մեր օդային սահմանը հատեց 2 ինքնաթիռ, որոնցից մեկին կործանեցին մեր F-16 կործանիչները։ Չնայած 5 րոպեում մեր 10 անգամ զգուշացմանը՝ նա չփոխեց ուղղությունը և մտավ մեր սահման։ Այդ ժամանակ մենք չգիտեինք, թե ում է պատկանում ինքնաթիռը։ Ռուսական ռազմական ինքնաթիռներն ավելի վաղ նույնպես խախտել են մեր օդային տարածքը։ Դեպքերից մեկը՝ 15 րոպեի չափ, իրականացվել է Սև ծովում։ Ինչ վերաբերում է Սիրիայի հետ սահմանին, ապա սա արդեն մեր օդային տարածքի խախտման երրորդ դեպքն է։ Առաջին երկու դեպքը գրանցվել է հոկտեմբերի 3-4-ին»։

Նոյեմբերի 25-ին Դավութօղլուն ԱԶԿ ժողովի ժամանակ հայտարարեց, որ անձամբ ինքն է տվել թուրքական կործանիչների կողմից սահմանախախտ ինքնաթիռը խոցելու մասին հրամանը. «Անհրաժեշտ հրամանն անձամբ ես տվեցի ԳՇ-ին։ Չնայած 5 րոպեում մեր 10-անգամյա զգուշացմանը՝ ինքնաթիռն ուշադրություն չդարձրեց դրանց, ինչի համար էլ խոցվեց մեր ՌՕՈՒ-ի կողմից։ Մենք թույլ չենք տա խախտել մեր երկրի ցամաքային ու օդային սահմանները»։ Հիշեցնենք, որ Թուրքիայի Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն՝ ԳՇ պետն իր գործունեության ժամանակ հաշվետու է երկրի վարչապետին։ Դավութօղլուի հայտարարությունում ուշագրավն այն է, որ նա նշում է, թե ինքն է հրամայել ոչնչացնել սահմանախախտ և ոչ թե Ռուսաստանին պատկանող մարտական ինքնաթիռը։

Սակայն Դավութօղլուն շուտով հետ կանգնեց իր այս հայտարարությունից։ 2015թ. դեկտեմբերի վերջին Դավութօղլուն հայտարարեց, որ ընդդիմությունը չարաշահել է իր «հրամանը ես տվեցի» խոսքերը՝ ընդգծելով, որ 17 վայրկյանում հրաման արձակելն անհնար է, և որ այդ հարցում առկա կանոնակարգը հստակ է։ Դավութօղլուն իր այս հայտարարությունը վերահաստատեց նաև 2016թ. հուլիսի վերջին, երբ այլևս Թուրքիայի վարչապետ չէր՝ NTV հեռուստաալիքի եթերում հայտարարելով. «2015թ. սեպտեմբերին Սիրիայում Ռուսաստանի ռազմական կամպանիայի մեկնարկից հետո մեկը մյուսի հետևից սկսվեցին մեր օդային սահմանի խախտումները, և առաջացավ զգուշացման կանոնները փոխելու անհրաժեշտություն։ Հոկտեմբերի 10-ին իմ նախագահությամբ գումարված ԱԱԽ նիստում ստորագրեցի ԳՇ պետին ուղղված հրաման, որ այսուհետ կանոնները տարածվելու են ոչ միայն Սիրիայի ինքնաթիռների, այլև սահմանախախտ բոլոր ինքնաթիռների վրա»։

Դավութօղլուի խոսքերով՝ միջադեպի պատճառը եղել է օդաչուի սխալը։ Նա ընդգծեց, որ երբ 8 ամիս առաջ հայտարարել է, որ «հրամանն անձամբ ինքն է արձակել», խոսքն այլ հրամանի մասին է եղել. «Մի՞թե հնարավոր է 17 վայրկյանում արձակել ինքնաթիռ խոցելու մասին հրաման. նախ օդաչուն միջադեպի մասին հայտնում է ՌՕՈՒ-ի հրամանատարին, ով իր հերթին դրա մասին հայտնում է ԳՇ պետին, ով էլ կապ է հաստատում ինձ հետ, և ես հրահանգում եմ խփել»։ Դավութօղլուն այստեղ «մոռանում» է հենց թեկուզ իր այն խոսքերը, որ 5 րոպե սահմանախախտ ինքնաթիռին քանիցս զգուշացրել են Թուրքիայի սահմանին մոտենալու մասին, իսկ այդ ժամանակահատվածը բավարար էր, որպեսզի նա իրազեկվեր սահմանային դեպքի մասին ու արձակեր համապատասխան հրաման։

Էրդողանը CNN International-ին տված հարցազրույցի ժամանակ կրկնեց, որ «չեն իմացել», թե խոցում են Ռուսաստանին պատկանող մարտական ինքնաթիռ՝ ընդգծելով, որ Թուրքիան Su-24M-ի խոցման համար ներողություն չի խնդրելու Ռուսաստանից. «Եթե ներողություն խնդրելու անհրաժեշտություն կա, ապա դա մենք չպետք է անենք։ Ներողություն պետք է խնդրեն մեր սահմանները խախտողները»։ France 24 հեռուստալիքին տված հարցազրույցի ժամանակ էլ Էրդողանը հայտարարեց, թե խոցելու ժամանակ «չեն իմացել», որ ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանին, և եթե իմանային դա, ապա կվարվեին այլ կերպ, կզգուշացնեին այլ ձևով։ Էրդողանը նաև հայտարարեց, որ միջադեպից հետո փորձել է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ, սակայն վերջինս չի պատասխանել իր հեռախոսազանգին։

Նոյեմբերի 26-ին Էրդողանը հայտարարեց, որ չէին նպատակադրվել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սակայն, եթե այդ խախտումը լիներ այսօր, ապա կվարվեին նույն կերպ. «Զինվորականների գործողությունները եղել են ավտոմատ արձագանք երկրի օդային սահմանի խախտմանը։ Երկիրը պատրաստ է օդային սահմանները խախտողների նկատմամբ կիրառել նույնպիսի միջոցառումներ»։

Նշենք, որ Էրդողանը չեղավ իր խոստման տերը. 2016թ. հունվարի վերջին Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարեց, որ հունվարի 29-ին ժամը 11։46-ին Ռուսաստանի ՌՕՈՒ-ի SU-34 ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տիրույթը՝ չնայած անգլերենով ու ռուսերենով նրան արված զգուշացումներին։ Թուրքական կողմն այդ ժամանակ բավարարվեց միայն Անդրեյ Կառլովին Թուրքիայի ԱԳՆ հրավիրելով և համապատասխան զգուշացում անելով։

Նոյեմբերի 26-ին Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ անհեթեթություն են Թուրքիայի իշխանությունների այն հայտարարությունները, որ նրանք խոցման ժամանակ չեն կարողացել ճանաչել Ռուսաստանին պատկանող ինքնաթիռը. «Բացառված է ինքնաթիռը չճանաչելու հնարավորությունը։ Դա անհնար է։ Դրանցում (ինքնաթիռներ) կան տարբերակիչ նշաններ, և դրանք լավ տեսանելի են։ Դրանք հենց մեր ինքնաթիռներն են և ոչ թե մեկ ուրիշինը։ Ռուսաստանը, ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություններին համապատասխան, նրան նախապես իրազեկել է այն մասին, թե որտեղ, երբ և ինչ էշելոններով է գործելու ռուսական ավիացիան։ Ինչո՞ւ մենք այդ տեղեկատվությունը հանձնեցինք ամերիկացիներին։ Մի՞թե նրանք չեն վերահսկում, թե ինչ են անում իրենց դաշնակիցները։ Մենք ելնում ենք նրանից, որ Թուրքիան (ԱՄՆ-ի գլխավորած) միջազգային դաշինքի անդամ է և պետք է իմանար այն մասին, որ այնտեղ գործում է հենց ռուսական ավիացիան։ Եթե նրանք իմանային, որ դա ամերիկյան ինքնաթիռ է, մի՞թե կհարվածեին նրան։ Այդ ամենն անհեթեթություն է, արդարանալու փորձեր»։

Դժվար է հավատալ, թե Թուրքիայի իշխանությունները չեն իմացել, թե որ երկրին պատկանող ինքնաթիռ են խոցում, և որ նրանց համար միևնույնն է եղել ինքնաթիռի պատկանելության հարցը։ Այստեղ պետք է նշել, որ Ռուսաստանին պատկանող ինքնաթիռի խոցումից ընդամենն օրեր առաջ Անդրեյ Կառլովը հրավիրվել էր Թուրքիայի ԱԳՆ, ուր նրան բողոք էին հայտնել նույն տարածաշրջանում Սիրիայում գործող ռուսական ավիացիայի կողմից տեղի թուրքմեններին ռմբակոծելու համար, որի արդյունքում Ասադի ուժերին հաջողվել էր մուտք գործել Թուրքմենդաղ, ինչն էլ ցավագին էր ընդունվել Թուրքիայի կողմից։ Ստացվում է, որ թուրքական կողմն այդ ժամանակ կարողացել է պարզել, որ թուրքմեններին հարվածում է ոչ թե Բաշար Ասադի ավիացիան, այլ Սիրիայում գործող ռուսական ավիախումբը, սակայն դրանից օրեր անց նույն տարածաշրջանում ինքնաթիռ խոցելիս «չի էլ ենթադրել», որ այն կարող է պատկանել ռուսական ավիախմբին (Ռուսաստանին)։

Թուրքական կողմը հուսով էր, որ Ռուսաստանը կհավատա իր այն պարզաբանմանը, թե «չեն իմացել», որ խոցում են Ռուսաստանին պատկանող ինքնաթիռ, և որ Ռուսաստանն ինքնաթիռի միջադեպի համար չի գնա հարաբերությունների սրացման և վատթարացման՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունը։ Սակայն հարաբերությունների վատթարացումն արդյունքում տեղի ունեցավ, քանի որ հարված էր հասցվել անձամբ Պուտինի իմիջին, ով էլ դիմեց բավականին կոշտ քայլերի՝ պատժամիջոցների։

Թուրքական կողմի այդ հույսերի մասին է վկայում 2016թ. փետրվարի վերջերին Էրդողանի արած հետևյալ հայտարարությունը. «Մենք ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ռուս ժողովրդի թշնամին ենք։ Այն ժամանակ, երբ Ռուսաստանը կիրառեց տարբեր պատժամիջոցներ, մենք չկիրառեցինք պատժամիջոցներ։ Սակայն, դժբախտաբար, Ռուսաստանը չհասկացավ մեզ։ Ցավոք Ռուսաստանը երկու օդաչուի պատճառով կորցրեց Թուրքիայի նման բարեկամի»։ Ի պատասխան սրա՝ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում գրեց. «ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Էրդողանն ասել է, որ Ռուսաստանը երկու օդաչուի պատճառով կորցրեց Թուրքիայի նման բարեկամի։ Սակայն անհրաժեշտ է փոխել բառերի տեղերը. Ռուսաստանը Թուրքիայի պատճառով կորցրեց երկու օդաչու»։

Էրդողանը փաստորեն շինծու զարմանք է դրսևորում, որ Ռուսաստանը 2 օդաչուի պատճառով գնաց Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման քայլին։ Այստեղ անհրաժեշտ է զուգահեռներ անցկացնել թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման հետ, երբ 2010թ. մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի հետևանքով սպանվեց Թուրքիայի 9 քաղաքացի (տարիներ անց մահացավ միջադեպի ժամանակ վիրավորներից մեկը)։ Էրդողանն Իսրայելի այդ գործողությունը համեմատեց Սոմալեցի ծովահենների գործողությունների հետ, իսկ ավելի ուշ հայտարարեց, որ «Իսրայելի գործած այդ հարձակումը Թուրքիային հիմք էր տալիս պատերազմ սկսել»: Տվյալ ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն իր հերթին «Մավի Մարմարայի» միջադեպը որակել էր որպես «թուրքական սեպտեմբերի 11»՝ ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ իր երկրի քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից։ Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման համար պահանջվեց ավելի քան 6 տարի։

Ինչո՞ւ Թուրքիան դիմեց Ռուսաստանին պատկանող մարտական ինքնաթիռ խոցելուն։ Դրա հիմքում ընկած են ռուս-թուրքական ջերմ հարաբերությունները ցնցած վերոբերյալ գործոնները, որոնց կարելի է հավելել Էրդողանի պոռթկուն բնավորությունը։ Էրդողանը ժամանակ առ ժամանակ աչքի է ընկնում պոռթկումներով, իր երկրի համար վնասակար, անհեռատես քայլեր անելով (օրինակ, անուղղակիորեն ահաբեկչություն հովանավորելու համար մեղադրելով ԱՄՆ-ին  (PYD, FETÖ՝ Գյուլենի շարժում) և ԵՄ-ին (Թուրքիայի հակաահաբեկչական օրենսդրության փոփոխում՝ ոչ վիզային ռեժիմ ստանալու համար), և Su-24M-ի խոցումը դասվում է դրանց թվին։

Էրդողանին, ըստ ամենայնի, հոգնեցրել էին Սիրիայում գործող ռուսական ավիախմբի մարտական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տիրույթի շարունակական խախտումները, որոնք Սիրիայի հետ սահմանին նմանատիպ առաջին դեպքերն էին և մինչ այդ դրսևորվել էին միայն Սև ծովում։ Այդ խախտումները ստվեր էին նետում իրեն սուլթան և խալիֆ երևակայող Թուրքիայի նախագահի իմիջին, ով ստացվում էր, որ նմանատիպ օդային ոտնձգություններից չի կարողանում պաշտպանել անգամ իր երկրի տարածքը։ WikiLeaks-ի հաղորդմամբ՝ ռուսական ինքնաթիռի խոցման հրամանն արձակել է անձամբ Էրդողանը, ով ցանկացել է դա իրականացնել նոյեմբերի 24-ի միջադեպից դեռևս 6 շաբաթ առաջ՝ հոկտեմբերի սկզբների խախտումների ժամանակ։ Էրդողանը ցանկացել է այդպիսով նոյեմբերի 1-ին երկրում կայանալիք կրկնական խորհրդարանական ընտրություններում քաղաքական դիվիդենդներ բերել նախկինում իր գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությանը (ԱԶԿ), որը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առաջին անգամ չէր կարողացել հասնել միակուսակցական կառավարություն ձևավորելուն, որին նա հասավ նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքներով։

Էրդողանի իմիջի վնասվելու մասին էր վկայում 2015թ. դեկտեմբերի սկզբներին խորհրդարանում Դավութօղլուի արած հայտարարությունը։ Փորձելով հիմնավորել թուրքական այն պնդումը, որ իրենք նախապես «չեն իմացել», թե ինքնաթիռը, որը կործանել են Սիրիայի հետ սահմանին, ում է պատկանել, Դավութօղլուն հայտարարեց. «Միջադեպը չի գրանցվել Թուրքիայի ու Ռուսաստանի սահմանին, այն գրանցվել է Թուրքիայի ու Սիրիայի սահմանին։ Թուրքիան տարիներ շարունակ Սիրիայի հետ սահմանին բախվում է մեծ ցնցումների ու փախստականների ներհոսքի։ Ռուսաստանը պետք է հաշվի առնի այն, որ սա Թուրքիայի ու Սիրիայի սահմանն է։ Սահմանից այն կողմ էլ մեր ազգակիցներն են։ Պատկերացրեք՝ եթե մենք արձագանքեինք Ուկրաինայի կոչին ու գնայինք Արևելյան Ուկրաինա՝ Ռուսաստանի հետ ազգակցական կապեր ունեցող վայրեր, եթե ռմբակոծեինք այնտեղ և խախտեինք Ռուսաստանի սահմանը, ապա ի՞նչ կաներ Պուտինը։ Ռուսական ինքնաթիռների ռմբակոծման վայրերից փախչող քաղաքացիական անձինք չեն մեկնում Ռուսաստան, նրանք գալիս են Թուրքիա։ Մենք մարդասիրական օգնություն ենք ցուցաբերում այդ մարդկանց։ Այս պահին շարունակվում են բախումները Թուրքմենդաղի շրջանում, ուր չկա ԻՊ-ի որևէ անդամ։ Մենք լուռ չենք մնա Թուրքմենդաղի ռմբակոծությունների կապակցությամբ»։

Հարկ է նշել, որ Թուրքմենդաղի ու Բայըրբուջաքի թուրքմեններին աջակցելը, պաշտպանելը Թուրքիայի համար կարևոր է եղել ոչ միայն իր՝ տարածաշրջանային գերտերության հավակնող պետության իմիջի չխաթարումը, այլև այն, որ թուրքմենները կարևոր դեր են խաղացել Սիրիայի քրդերի հնարավոր առաջխաղացումը դեպի Միջերկրական ծով թույլ չտալու համար։ Այդ ժամանակ Սիրիայի քրդերը հասել էին Եփրատ գետին և փորձում էին գետանցել, շարունակել իրենց առաջխաղացումը՝ ԻՊ-ին Ջերաբլուս-Ազեզ 98 կմ-անոց գոտուց վտարելու և այդպիսով միավորելու իրենց Քոբանի և Աֆրին շրջանները (քրդական 3 շրջանը՝ ներառյալ Ջիզրեի շրջանը)։ Սիրիայի հյուսիսում քրդական երեք շրջանի միավորման դեպքում կստացվեր, որ թուրք-սիրիական սահմանի մոտ 700 կմ-անոց հատվածը՝ Իրաքի սահմանից մինչև Հաթայ նահանգ, կհայտնվեր Սիրիայի քրդերի վերահսկողության տակ (նման խոշոր ցամաքային սահման Թուրքիայի հետ չունի որևէ հարևան), որը կարող էր փորձել դուրս գալ Միջերկրական ծով։

Ռուսական ինքնաթիռը խոցելիս Էրդողանը հաշվի է առել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և որ ՆԱՏՕ-ի երկրները կպաշտպանեն իրեն Ռուսաստանի ռազմական պատասխանից (դժվար է հավատալ, որ, եթե չլիներ ՆԱՏՕ-ի անդամությունը, Թուրքիան կհամարձակվեր գնալ նման քայլի)։ Սակայն սա չի նշանակում, թե ՆԱՏՕ-ն է արտոնել Թուրքիային՝ խոցելու ռուսական ինքնաթիռը, քանի որ ՆԱՏՕ-ն սիրիական հակամարտության ընթացքում շարունակ տուրք չի տվել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանային սադրանքներին (Սիրիայի տարածքից իր տարածքի գնդակոծություններ, հրետակոծություններ, հրթիռակոծություններ, թուրքական ինքնաթիռի ներխուժումը Սիրիայի օդային տիրույթ և կործանումը), որոնք միտված են եղել ՆԱՏՕ-ին սիրիական հակամարտության մեջ ներքաշելուն և այդպիսով Բաշար Ասադի վարչակարգի պաշտոնանկությանը հասնելուն։ Թուրքիան շարունակ փորձում էր խաղարկել ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածը, որի համաձայն՝ Դաշինքի անդամ մեկ կամ մի քանի երկրի նկատմամբ կատարված հարձակումը ողջ ՆԱՏՕ-ի դեմ հարձակում է։ Սակայն 2012թ. Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթան հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածի գործարկումը շատ դժվար գործընթաց է, և որ այն ցայժմ կիրառվել է մեկ անգամ՝ 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչություններից հետո։

Եվ, վերջապես, պետք է նշել, որ 2016թ. օգոստոսի 23-ին՝ Սիրիայում ԹԶՈՒ-ի «Եփրատի վահան» գործողության մեկնարկի նախօրեին, թուրքական «Հյուրիյեթ» թերթի հոդվածագիր Աբդուլքադիր Սելվին գրեց, որ, եթե չլիներ 2015թ. նոյեմբերի 24-ի ինքնաթիռային միջադեպը, ապա Թուրքիան, սիրիական ընդդիմությունն ու ԱՄՆ-ն այդ օրը պետք է համատեղ սկսեին Ջերաբլուսն ԻՊ-ից մաքրելու ռազմական գործողությունը։ ԹԶՈՒ-ն ու սիրիացի ընդդիմադիրները պետք է Սիրիա մուտք գործեին ցամաքից, իսկ ԱՄՆ-ը պետք է ավիաաջակցություն ցուցաբերեր նրանց։

Կարելի է համաձայնել Սելվիի այս հաղորդման հետ՝ թեև նա կարող էր սխալված լինել կոնկրետ թուրքական ներխուժման օրվա (նոյեմբերի 24) կապակցությամբ, այնուամենայնիվ, այդ ժամանակաշրջանի իրադարձությունները հուշում էին, որ Թուրքիան պատրաստվում է ռազմական ներխուժում իրականացնել Սիրիայի հյուսիս։ Մասնավորապես, Էրդողանն ու ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ԻՊ-ի դեմ համատեղ պայքարի հարցը քննարկել էին 2015թ. նոյեմբերի 15-16-ին Անթալիայում անցկացված G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ։ Էրդողանը հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը քննարկել են ԻՊ-ի զինյալներին հակազդելու միջոցները և հստակեցրել համատեղ քայլերը, որոնք ձեռնարկվելու են ԻՊ-ի դեմ պայքարում։ Ինչպես արդեն նշվել է, նոյեմբերի 24-ին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան որոշել է Ջերաբլուսից մինչև Միջերկրական ծով ընկած ողջ հատվածը մաքրել ահաբեկչական բոլոր կազմակերպություններից։

Ի դեպ, Օբամայի ու Էրդողանի հանդիպումը թուրքական մամուլի բնորոշմամբ՝ անսպասելիորեն անցկացվել էր բավականին ընդլայնված կազմով, քանի որ սովորաբար երկու երկրների նախագահների հանդիպումներին մասնակցել են միայն 1-2 արտգործնախարար պաշտոնյա։ Մինչդեռ Անթալիայում Էրդողանի ու Օբամայի հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանն ու մի շարք պատգամավորներ, այդ թվում նաև Ստամբուլից ընտրված պատգամավոր, ԱԶԿ անդամ Բերաթ Ալբայրաքը (Էրդողանի փեսան), ով Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի պաշտոնը զբաղեցրեց դրանից մոտ 10 օր անց։ Ընդգծվեց, որ  Թուրքիայի ու ԱՄՆ-ի ղեկավարների միջև նմանատիպ վերջին մասշտաբային հանդիպումն անցկացվել էր 3 տարի առաջ Սպիտակ տանը։

Տվյալ հանդիպումից 3 օր անց Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարեց, որ Անկարան ծրագրում է մոտակա օրերին ԱՄՆ-ի հետ համագործակցելով՝ իրականացնել ռազմական գործողություն, որի նպատակը Սիրիայում Թուրքիային սահմանակից շրջաններից ԻՊ-ին դուրս մղելն է. «Ինչպես հայտարարել է Ջոն Քերին, ԻՊ-ը դեռ ներկայություն է պահպանում թուրքական սահմանի մի շարք հատվածներում։ Մենք շարունակելու ենք միջոցներ ձեռնարկել այդ ներկայության և դրանից բխող սպառնալիքի դեմ՝ մեր գործողությունները համակարգելով դաշինքի գծով մեր գործընկերների հետ։ Մենք ունենք մեր տարածքներին սահմանակից շրջաններից ԻՊ-ին դուրս մղելու պլան։ Մենք ավելի ինտենսիվ կշարունակենք մեր գործողությունները։ Առաջիկա օրերին դուք կդառնաք դրա ականատեսը։ Այդ պլանում կա շատ սերտ համագործակցություն ԱՄՆ-ի հետ։ Մեր զինվորականներն աշխատում են շատ սերտ շփման պայմաններում»։

Պետք է նշել, որ այդ ժամանակ թուրք-ամերիկյան հարաբերությունները գտնվում էին բարձր մակարդակի վրա, ինչը հիմնականում կապված էր Թուրքիայի ձեռնարկած 3 քայլերի (զիջումների) հետ՝ չնայած Սիրիայի քրդերի հարցում պահպանվող տարաձայնություններին.

1) 2015թ. հուլիսի վերջին Թուրքիան ԱՄՆ-ին թույլատրեց ԻՊ-ի դեմ պայքարում օգտվել «Ինջիրլիքի» ավիաբազայից, ինչին ընդդիմանում էր երկար ժամանակ՝ առաջ քաշելով մի շարք պահանջներ (որոնք առնչվում էին Սիրիայի հյուսիսում 30 կմ երկարությամբ «մարդասիրական անվտանգության գոտու» ստեղծմանը, նույն տեղում թռիչքազերծ գոտի ստեղծելուն, ուր չպետք է մուտք գործեր Ասադի ավիացիան, ոչ միայն ԻՊ-ի, այլև Բաշար Ասադի ուժերին ավիահարվածներ հասցնելուն ու չափավոր ընդդիմությանն ուղիղ աջակցելուն)։ «Ինջիրլիքի» ավիաբազայի թույլտվությունը կարևոր էր ԱՄՆ-ի համար. եթե Պարսից ծոցի շրջանում գտնվող ամերիկյան կործանիչները Սիրիայում ԻՊ-ի դիրքերին հարվածելու համար պետք է հաղթահարեին 1000 մղոն (1609 կմ), ապա «Ինջիրլիքի» ավիաբազայից օգտվելու դեպքում դա կազմում էր 250 մղոն (մոտ 400 կմ)։ Ուշագրավ է, որ «Ինջիրլիքի» հարցում Թուրքիայի այս թույլտվությունը տրվեց 2015թ. հունիսին Սիրիայի քրդերի կողմից իրենց Քոբանի և Ջիզրե շրջանների միջև սեպի դեր խաղացող Թել Աբյադն ԻՊ-ից ազատագրելուց և այդպիսով իրենց տվյալ երկու շրջանները միավորելուց (Իրաքի սահմանից մինչև Եփրատ) և տվյալ հատվածում Թուրքիայի ու ԻՊ-ի միջև կապը խզելուց ընդամենը մեկ ամիս անց։

2)  Օգոստոսի վերջին Թուրքիայի մարտական ինքնաթիռներն առաջին անգամ ԱՄՆ գլխավորած դաշինքի հետ համատեղ Սիրիայում հարվածեցին ԻՊ-ի օբյեկտներին։ Այս երկու կարևոր իրադարձությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Թուրքիան տեսավ, որ ԻՊ-ը սկսել է պարտություններ կրել և այլևս ունակ չէ զբաղվել «Քրդական հարցի» լուծմամբ: Նա սկսեց ավելի մերձենալ ԱՄՆ-ի հետ։ Դրանում իր էական դերն ուներ նաև այն, որ, երբ ԱՄՆ-ը ժամանակին Թուրքիային կոչ էր անում ակտիվորեն ներգրավվել ԻՊ-ի դեմ պայքարում, Թուրքիան չընդառաջեց նրան, ինչն էլ հանգեցրեց այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը սկսեց ավելի շատ հենվել Սիրիայի քրդերի վրա, որոնք սկսեցին զգալի հաջողություններ արձանագրել։ Այդ ժամանակ էլ Թուրքիայում փորձեցին հետ բերել կորցրածը, որպեսզի ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարում սկսի ավելի շատ հենվել ոչ թե Սիրիայի քրդերի, այլ Թուրքիայի վրա։

3) 2015թ. նոյեմբերի 15-ին Թուրքիան հրաժարվեց ԶՀՀ-ներ գնել ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող չինական CPMIEC ընկերությունից, որը Թուրքիայի անցկացրած համապատասխան մրցույթի արդյունքներով հաղթել էր դեռևս 2013թ. աշնանը, ինչը հարուցել էր ԱՄՆ-ի խորը դժգոհությունը: Թուրքիան հարկադրված էր եղել հայտարարել, որ մրցույթի արդյունքները նախնական են, և որ մրցույթի բոլոր մասնակիցներից սպասում է նոր շահավետ առաջարկներ։ ԱՄՆ-ին արված Թուրքիայի այս երրորդ խոշոր զիջումը, որը տեղի ունեցավ G20-ի գագաթաժողովի մեկնարկից անմիջապես առաջ, ըստ ամենայնի, միտված էր նրան, որ ԱՄՆ-ը չխոչընդոտի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս՝ ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Ազեզ-Ջերաբլուս գոտի ներխուժելուն։

Հիշեցնենք, որ Թել Աբյադի անկումից և Քոբանիի դեմ ԻՊ-ի նոր հարձակման ձախողումից օրեր անց Թուրքիայում գումարվել էր ԱԱԽ նիստ, որում որոշվել էր Սիրիայի քրդերի համար «կարմիր գիծ» սահմանել Եփրատի արևմտյան ափը և այդպիսով թույլ չտալ Սիրիայի քրդերի մուտքը Ազեզ-Ջերաբլուս գոտի։ Թուրքիայի իշխանությունները քաջ գիտակցում էին, որ, եթե Սիրիայի քրդերը Ազեզ-Ջերաբլուս գոտուց վտարեին ԻՊ-ին, ապա այդպիսով կմիավորվեին Սիրիայի քրդերի բոլոր երեք շրջանները, որոնք կփորձեին շարժվել դեպի Միջերկրական ծով, Թուրքիան այդպիսով կզրկվեր ԻՊ-ին սահմանակից լինելուց, նրան ցամաքով օժանդակելուց, նրանից նավթ գնելուց, որ այդպիսով թուրք-սիրիական գրեթե ողջ սահմանին կհաստատվեր կայունություն, և Թուրքիան կզրկվեր Սիրիայի դեպքերից դժգոհելու, իր տարածքին սպառնացող վտանգների մասին ահազանգելու,  ահաբեկչական խմբավորման (ԻՊ) դեմ պայքարի պատրվակով ցամաքային ռազմական գործողություն ձեռնարկելու, Ջերաբլուս-Ազեզ հատվածում անվտանգության գոտի ձևավորելու, Սիրիայի հարցում լուրջ դերակատարում ունենալու հնարավորությունից՝ սահմանի գրեթե ողջ երկայնքով դեմ առնելով քրդական պատնեշին (քրդական միջանցք)։ Եվ, վերջապես, թուրքական մամուլը չէր բացառել, որ Ջերաբլուս-Ազեզ գոտին անցնելու է Թուրքիային՝ դառնալով նրա 82-րդ նահանգը։

Ռուսական կողմի նախապայմաններ – Ինքնաթիռի միջադեպից երկու օր անց Պուտինը Կրեմլում օտար երկրների դեսպանների հավատարմագրերն ընդունելու միջոցառման ժամանակ Թուրքիային ներկայացրեց ռուսական կողմի պահանջները. SU-24M-ը խոցելու համար ընդհանուր առմամբ ներկայացվեց 3 նախապայման՝ ներողություն, փոխհատուցման վճարում ու մեղավորների պատժում. «Ցայժմ մենք Թուրքիայից չենք լսել ո՛չ բարձրագույն ռազմաքաղաքական մակարդակի ներողություն, ո՛չ պատճառված վնասի համար փոխհատուցման առաջարկ, ո՛չ գործած հանցանքի համար հանցագործներին պատժում։ Այն, ինչ երկու օր առաջ տեղի ունեցավ Սիրիայի երկնքում, հակասում է առողջ մտածելակերպին ու միջազգային իրավունքին։ Ինքնաթիռը խոցվել է սիրիական տարածքում։ Թուրքիայի ղեկավարությունը միտումնավոր Ռուսաստանի հետ հարաբերությունները մղում է փակուղի։ Մենք ցավում ենք դրա համար»։

Ի դեպ, Ռուսաստանի կողմից Թուրքիային ներկայացված այս երեք նախապայմանները որոշակիորեն հիշեցնում են «Մավի Մարմարայի» միջադեպից հետո Իսրայելին Թուրքիայի ներկայացրած երեք նախապայմանները՝ ներողության խնդրում, փոխհատուցման վճարում, Գազայի հատվածի շրջափակման վերացում։ Հատկանշական է, որ, երբ Իսրայելը (ԱՄՆ ճնշման ներքո) Թուրքիայից բանավոր (ոչ գրավոր) ներողություն խնդրեց 2013թ. մարտի 22-ին (Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Օբամայի ներկայությամբ հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ և ներողություն խնդրեց «Մավի Մարմարայի» միջադեպի համար), դրանից հետո Թուրքիան հայտարարեց, թե աշխարհի միակ երկիրն է, ումից Իսրայելը ներողություն է խնդրել (դա Իսրայելի պատմության մեջ օտար երկրից ներողություն խնդրելու առաջին դեպքն էր)։

Նաև դրա համար էր, որ Թուրքիայի իշխանությունների համար դժվար էր SU-24M-ի միջադեպի համար Ռուսաստանից ներողություն խնդրելը։ Եվ, քանի որ Թուրքիան ի սկզբանե հայտարարեց, որ չի պատրաստվում կատարել ռուսական կողմի նախապայմանները, ուստի Ռուսաստանը սկսեց պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ։

Հայկ Գաբրիելյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ

Տեսանյութեր

Լրահոս