Երշիկների տեսականու մեջ ՍԱՊԾ-ն խախտումներ է հայտնաբերել. իրականացվում են դիտարկումներ

«Հետք»-ը դիմել էր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ նոյեմբերի 14-ին իրացման ցանցից նմուշառումներ կատարելու և տեղական արտադրության բժշկական երշիկների տեսականին (լրատվամիջոցի ընտրությամբ) փորձաքննության ենթարկելու առաջարկով:

Քանի որ պետական վերահսկողության ժամանակ սննդամթերքի անվտանգության մանրէաբանական ցուցանիշներով փորձաքննությունների մրցույթը շահել է «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան, նույն օրը նմուշառված երշիկները  ներկայացվել են հենց այդ լաբորատորիա: «Հետք»-ը, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նույն նմուշներն իր ընտրությամբ պետք է հանձներ հավատարմագրված մեկ այլ լաբորատորիա: Դիտարկման օրը, սակայն, «Հետք»-ը նմուշներ չի վերցրել և այլ լաբորատորիա չի ներկայացրել:

Փորձաքննության արդյունքներով՝ ամբողջական փաթեթավորված «Մարիլա» ՍՊԸ-ի 08.11.2016 թվականի արտադրության «Բարձր կարգի» բժշկական եփած երշիկը և  «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի 15.11.2016  թվականի արտադրության «Կլասիկ» բժշկական եփած երշիկը մանրէաբանական՝ ՄԱՖԱՄ, ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված նորմերին, որի հիման վրա Ծառայությունը համապատասխան գործողություններ կիրականացնի արտադրողների մոտ: Ծառայության պետի հրամանով՝ նշված ընկերություններում իրականացվում են  դիտարկումներ՝ ապահովելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները: Արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:

«Աթենք» ՍՊԸ-ի 11.11.2016 թվականի արտադրության «Բարձր կարգի» եփած բժշկական երշիկի, «Բեկոն» ՍՊԸ-ի 11.11.2016 թվականի արտադրության բժշկական  «Ընտանեկան»  երշիկի  և «Աթենք»  ՍՊԸ-ի 15.11.2016 թվականի արտադրության «Գանձասար» բժշկական եփած երշիկի նմուշներում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Հավելենք, որ նմուշառված կտորով երշիկները լաբորատոր հետազոտությունների համար հիմք չեն կարող հանդիսանալ, քանի որ դրանք նմուշառման ժամանակ արդեն ունեն երկրորդային աղտոտվածություն: Ծառայությունը հետագայում կանդրադառնա նաև այս խնդիրներին:

Տեսանյութեր

Լրահոս