«Փաստը, որ կնքվելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիր, արդեն իսկ հաջողություն է, ազդակ, որ ՀՀ կառավարությունը հղում է ԵՄ-ին». Մաթիաս Քիսլեր
«ՀՀ-ԵՄ բանակցությունները հաջող կերպով են ընթանում»,- այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը՝ անդրադառնալով ԵՄ-Հայաստան բանակցություններին: Դեսպան Քիսլերը նշեց, որ վերջին շրջանում ՀՀ-ԵՄ բանակցությունները հաջող կերպով են ընթանում, բանակցային հերթական հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերին:
Նրա գնահատմամբ՝ առհասարակ այն փաստը, որ կնքվելու է այսպիսի համաձայնագիր, արդեն իսկ հաջողություն է, ազդակ, որ ՀՀ կառավարությունը հղում է թե Եվրոպային, թե Գերմանիային, և թե ԵՄ անդամ մյուս պետություններին, ազդակ, որ ՀՀ-ն ցանկանում է գնալ արդիականացման, բարեփոխումների ճանապարհով, ազդակ, որ այդ ճանապարհին իր համար ԵՄ-ն կարևոր գործընկեր է:
«Համոզված եմ, որ ԵՄ-ն, ԵՄ առանձին անդամ պետությունները շատ ավելի շահագրգռված են նորանոր ազդակներ հաղորդելու այս համագործակցությանը, կնքվելիք համաձայնագրին: Այսպիսի լուրերն են, որ կարող են խթանել եվրոպացի գործարարներին՝ այստեղ իրականացնելու իրենց տնտեսական ծրագրերը, սրանք շատ դրական նորություններ կարող են լինել այս ոլորտի զարգացման համար»,- ասաց Քիսլերը:
Վերջինիս փոխանցմամբ՝ բանակցությունների ամառային փուլից հետո նկատելի է զգալի առաջընթաց հատկապես նոյեմբերին տեղի ունեցած բանակցային փուլից հետո: Դեսպանն ասաց, որ չի կարող ասել, թե երբ կյանքի կկոչվի կամ կորոշակիանա համաձայնագրի ստորագրումը:
«ՀՀ կառավարության կողմից ազդանշան կա, որ համաձայնագիրը կստորագրվի եկող տարվա գարնանը: Վիզայի դյուրացման կետը ես կառանձնացնեի ԵՄ-ի հետ կնքվելիք համաձայնագրից, ես կիսում եմ ՀՀ քաղաքացիների մեծ ցանկությունը՝ դյուրացված ընթացակարգով դեպի Եվրոպա ճամփորդելու հետ կապված:
Սակայն դեռևս պարզ չէ, թե երբ կմեկնարկի երկխոսությունը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների դյուրացման վերաբերյալ: Նախքան պաշտոնապես բանակցությունները սկսելը յուրաքանչյուր երկիր կարող է իրականացնել որոշակի քայլեր այդ ուղղությամբ, սա մեծապես կդյուրացնի դեպի պաշտոնական փուլ անցնելու ճանապարհը»,- ասաց դեսպանը: