Նոր մանրամասներ Վանաձորում 21-ամյա երիտասարդի սպանությունից. դեպքը տեղի է ունեցել աղջկա պատճառով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վանաձորում 21-ամյա տղայի սպանությունը, նախնական տեղեկություններով, տեղի է ունեցել անանձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության հետևանքով: Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին` ժամը 22.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 88 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի մոտ հայտնաբերվել է 1995 թվականի ծնված, Վանաձոր քաղաքի բնակիչ Հարություն Աղաջանյանի դիակը՝ ծակած-կտրած վերքերով:
Սպանված երիտասարդը ստացել է դանակի 6 հարված մարմնի տարբեր մասերում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով: Կատարվածից ժամեր անց սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Սպանությունից հետո սպանության գործիք հանդիսացող դանակը հանցագործը նետել է հարակից տանձուտ գետը, որի տեղն ավելի ուշ ցույց է տվել իրավապահներին:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սպանված երիտասարդը ընտանիքի միակ երեխան էր, ապրում էր մոր ու տատիկի հետ, բանակից ամռանն էր վերադարձել:
Ըստ մեր աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել աղջկա պատճառով: Մեր զրուցակիցը պատմեց, որ սպանված երիտասարդը ընկերուհի է ունեցել, ում հետ նոր-նոր էր սկսել շփվել: Աղջկա եղբայրն էլ, ով կասկածվում է տղայի սպանության մեջ, հանդիպել է վերջինիս հետ ու պահանջել, որ այլևս չանհանգստացնի քրոջը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: