Ներկրվող շաքարը էժանացել է 14 տոկոսով, իսկ խանութներում այն թանկացել է 15 տոկոսով. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Մեր խանութներում սրընթաց թանկանում է շաքարավազը: Երեկվա դրությամբ «Երեւան Սիթիում» մեկ կիլոգրամ շաքարավազի գինը հասել էր 405 դրամի: Գործ ունենք, շատ մեղմ ասած, տարօրինակ երեւույթի հետ: Խնդիրն այն է, որ ինչպես շաքարը, այնպես էլ շաքարի հումքը վերջին ամիսներին աշխարհում թանկանում են:

Սակայն այն շաքարավազը, որը հիմա վաճառվում է մեր խանութներում, արտադրվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում: Իսկ այդ արտադրանքի հումքը ներկրվել է դեռ այս տարվա առաջին կեսին, երբ շաքարի համաշխարհային գները դեռ շատ ցածր էին: Համեմատության համար նշենք, որ այս տարի  ներկրված շաքարի մեկ կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 36 ցենտ, իսկ անցած տարի ներկրվածինը` 42 ցենտ:

Այսինքն, շաքարի ներկրման գինը նվազել է 14 տոկոսով: Անցած տարի այս ժամանակ շաքարի մեկ կիլոգրամը, համաձայն ԱՎԾ պաշտոնական տվյալների, վաճառվում էր 350 դրամով, հիմա` 405 դրամով:

Այսինքն թանկացել է 15 տոկոսով: Եվ ուրեմն, ներկրվող շաքարը էժանացել է 14 տոկոսով, խանութներում այն թանկացել է 15 տոկոսով: Շաքարի շուկան Հայաստանում մոնոպոլիզացված է, եւ շաքարի գնի նման պատկերը տեսականորեն ամբողջությամբ գտնվում է Արտակ Շաբոյանի ղեկավարած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի «տեսահորիզոնում»: Թե որքանով այդ հանձնաժողովը ուշադրություն կդարձնի գնային այս «բեսպրեդելին», դեռ հայտնի չէ»:

Մի ուշագրավ զուգադիպություն. ընդամենը մի քանի օր առաջ` ՀՀ կառավարության վերջին նիստում Արտակ Շաբոյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից ստացավ «քարտ բլանշ»: «Հանձնաժողովը օրենքով ստեղծված անկախ մարմին է, եւ կառավարությունն այստեղ ազդելու լծակներ չունի, բայց դա մեզ չի զրկում կարծիք արտահայտելու հնարավորությունից: Հորդորում ենք առաջին հերթին ուշադրություն դարձնել առաջնային սպառման ապրանքների շուկայում, որոնց վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգությունները շատ են: Դա շատ ավելի առաջնահերթ խնդիր է, քան գարեջրի բնագավառը, ուր կան տարբեր արտադրողներ, ներմուծողներ, լուրջ մրցակցություն, ուստի մաքսիմալ ուշադիր վերաբերվեք այս հարցերին»,-հայտարարեց վարչապետը: Իսկ շաքարը հենց այն «առաջնային սպառման» ապրանքներից է, որի մասին հայտարարել է վարչապետը: Հիմա տեսնենք, թե ով է ավելի հզոր ու ազդեցիկ` ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը եւ նրան «քարտ բլանշ» տված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը միասի՞ն, թե՞ Սամվել Ալեքսանյանը միայնակ: Մի տեսակ անհարմար, բայց շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս