Հայկ Ալումյանը դիմում է վարչապետին. «Ձեր արդարադատության նախարարը ոչ մի քայլ չի ձեռնարկում այն քայլերից, որ պարտավոր է ձեռնարկել»
«Թող մեր հարգարժան վարչապետը հերթական անգամ չսկսի զարմանալ, թե ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունը գումարներ կորցնում Եվրոպական դատարանի վճիռների արդյունքում, որովհետև, հարգելի պարոն վարչապետ, ձեր արդարադատության նախարարը ոչ մի քայլ չի ձեռնարկում այն քայլերից, որ պարտավոր է ձեռնարկել, որպեսզի նախ՝ Վահան Շիրխանյանը չհասներ այս վիճակին, և երկրորդ՝ որ գոնե այսօրվա վիճակից մի ելք գտնի: Նա պարզապես ոչ մի ձևով չի արձագանքում մեր պահանջներին, նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանի որոշմանն էլ չի արձագանքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, դիմելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, նման հայտարարություն արեց ՊՆ նախկին փոխնախարար, նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ Շիրխանյանի գործով դիմելու են Եվրոպական դատարան, որը, ըստ նրա՝ կստիպի մեր կառավարությանը կատարել իր պարտականությունները:
«Ես հուսով եմ, որ գործը կստանա այնպիսի ընթացք, որ ստիպված չենք լինի մեր պետական ատյաններում պատշաճ վերաբերմունք աղերսել, այլ Եվրոպական դատարանն արդեն ուրիշ տոնով ու լծակներով մեր կառավարությանը կստիպի անել այն, ինչ պարտավոր էր անել»,- ընդգծեց նա՝ նկատելով, որ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ էլ՝ խախտվել է Վահան Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը, և առաջարկել էր անհապաղ նրան տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց:
«Նա պահանջել էր նաև, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն ՔԿՀ աշխատակիցները, ում մեղքով Շիրխանյանը հայտնվել է այս վիճակում: Նա պահանջեց, որպեսզի բացառվի, որ Շիրխանյանի առողջական վիճակով զբաղվեն նրա խցակիցները: Հարցը հասել է նրան, որ Շիրխանյանի առողջական վիճակով նրա խցակիցներն են զբաղվում: Այս ամենին արդարադատության նախարարը չի պատասխանել»,- պարզաբանեց նա:
Փաստաբանի խոսքով՝ պետք է օր առաջ միջոցներ ձեռնարկել Վահան Շիրխանյանի կյանքը փրկելու ուղղությամբ, որովհետև, ըստ նրա՝ նրա վիճակը գնալով ծանրանում է, ու հնարավոր է՝ նա մինչև դատական նիստը ողջ չմնա: