Բաժիններ՝

Աշխարհի ամենաարագ տրանսպորտը շուտով կարող է իրականություն դառնալ

Պատկերացրեք, որ ապրանքները Չինաստանից Գերմանիա կարող են հասնել մեկ օրում։ Weforum.org կայքը գրում է, որ սա շուտով կարող է իրականություն դառնալ, եթե Ռուսաստանն իրագործի նոր, մեծ արագությամբ խողովակաշարը, որը կոչվում է՝ Hyperloop: Շուտով իրերը կարող են տեղափոխվել ժամում 760 մղոն արագությամբ։

Նախաձեռնության հեղինակ և մտահղացման սեփականատեր Իլոն Մասկը մշակել է տրանսպորտային այնպիսի նախագիծ, որը կարող է մարդկանց և բեռները Սան Ֆրանցիսկոյից Լոս Անջելես տեղափոխել 30 րոպեում։ Երկու ընկերություններ՝ Hyperloop One (նախկինում կոչվում էր Hyperloop Technologies) և Hyperloop Transportation Technologies (HTT), այժմ ուսումնասիրում են այս գաղափարը՝ պլանավորելով առաջին խողովակաշարը կառուցել 2020թ.։ Hyperloop One-ի պաշտոնյաների խոսքով՝ ուսումնասիրություններ են կատարվել ոչ միայն Ռուսաստանում, այլև Արաբական Միացյալ Էմիրություններում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։

Որոնք են առավելությունները

Օդային տրանսպորտն արագ է, բայց թանկ. դա է պատճառը, որ բեռների մեծ մասը տեղափոխվում է ծովով։ Ջրային ճանապահով Ասիայից Եվրոպա հասնելը կարող է տևել շուրջ 30 օր։ Երկաթուղային տրանսպորտի դեպքում այս ժամանակահատվածը կարող է կրճատվել։ Չինաստանի և Ռուսաստանի միջև հարավային երկաթգծով փոխադրումը տևում է 12 օր, հյուսիսային երկաթգծով՝ 16 օր։ Կարո՞ղ է Hyperloop-ն ապահովել ամենաարագ տեղափոխումը մատչելի գնով։ Կառուցման ծախսերը հաշվի առնելը շատ կարևոր է։ Hyperloop-ը կառուցելն ու գործարկելը գրեթե նույն ծախսերն է պահանջում, ինչ մեծ արագության երկաթգծի ենթակառուցվածքներ կառուցելն ու գործարկելը։

Չինաստանում գործող մեծ արագություն ունեցող Haikou-Sanya-ի և Իսպանիայում գործող Madrid-Albacete-ի յուրաքանչյուր մղոնի կառուցման ու գործարկման համար ծախսվել է 15 մլն դոլար։ Իլոն Մասկը ենթադրում էր, որ Սան Ֆրանցիսկոյից Լոս Անջելես Hyperloop-ի կառուցումը կարող է արժենալ 11.5 մլն դոլար՝ մեկ մղոնի համար։ Hyperloop One-ը նախատեսում է, որ խողովակաշարի կառուցումը կարող է արժենալ 5-20 մլն դոլար՝ կախված հեռավորությունից։ Իհարկե, գումարի չափը կարող է աճել՝ կախված նյութերից, որոնք կօգտագործվեն կառուցման ընթացքում։ Այս տարի ավելի վաղ Hyperloop Transportation Technologies-ը հայտարարել էր, որ աշխատում են որոշակի գործարքների վրա, որոնց արդյունքում գումարի չափը կարող է նվազել։

Մեծամասշտաբ ծրագիրը կարիք կունենա ֆինանսական և քաղաքական աջակցության Չինաստանի կողմից։ Հետաքրքրություն կարծես թե առկա է։ Չինական «CRRC Corp» ընկերությունը, ըստ Bloomberg-ի տվյալների, բանակցությունների մեջ է Hyperloop One-ի հետ՝ պոտենցիալ ներդրումների հետ կապված։ Կախված այս զարգացումներից՝ Hyperloop-ը շուտով կարող է կապել Ասիան և Եվրոպան։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս