Բաժիններ՝

Ջերմաստիճանը կրկին կնվազի

Նոյեմբերի 21-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Հաշվետու ժամանակահատվածում փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են 70 դեպքի. ինչպես նաև՝ նոյեմբերի 14-18-ը Երևան քաղաքում իրականացվել են քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր ստուգումներ:

Անդրադառնալով նախարարի՝ գազալցակայաններում և բենզալցակայաններում իրականացվող ստուգումների հանձնարարականին՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց Երևան քաղաքի բենզալցակայանների ստուգումների արդյունքների մասին: Ներկայացնելով ամփոփ տվյալները՝ Ա. Մկրտչյանը հավելեց, որ արդեն 97 բենզալցակայանում իրականացվել են ստուգումներ և կազմվել են համապատասխան արձանագրություններ. հիմնական խախտումները քաղաքաշինության նորմերի պահպանման ոլորտում են:

Նախարարը հանձնարարեց շարունակել ստուգումները և խախտումներ արձանագրելու դեպքում անմիջապես զեկուցել:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանն անդրադարձավ եղանակային կանխատեսումներին: Տնօրենի փոխանցմամբ՝ այսօր և վաղը ամպամածությունը կպահպանվի, մարզերում հնարավոր են թույլ տեղումներ, իսկ ջերմաստիճանը կրկին կնվազի: Նոյեմբերի 26-ից հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ճանապարհների անցանելիության և ուսումնական վարժանքների կազմակերպման մասին։

Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանն իր զեկույցում կրկին անդրադարձավ հոկտեմբերի 31-ին Սևանա լճում անհետացած երիտասարդներից մեկի որոնողական աշխատանքներին: ՄՓՎ պետի փոխանցմամբ՝ արդեն 22-րդ օրն է շարունակվում են երիտասարդի որոնողական աշխատանքները: Ամեն օր որոնողական աշխատանքներն ընդլայնվում են 500 մետրով, մոտորանավակներով փրկարարները շրջում են ափամերձ տարածքներում: Նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ՝ ջրափրկարարական գույքը համալրվել է ստորջրյա սկուտերով, որն աշխատում է մինչև 40 մ խորությամբ և կարող է 75 րոպե մնալ ջրում: Սկուտերը հնարավորություն կտա ջրասուզակին արագ և առավել լայն շառավղով իրականացնել որոնողական աշխատանքները, ինչպես նաև՝ խնայել ուժերը: ՄՓՎ պետը նշեց նաև, որ խստորեն հետևում են նախարարի հանձնարարականին՝ ըստ որի որոնողական աշխատանքերը չեն դադարի և կշարունակվեն այնքան, որքան եղանակային պայմանները թույլ կտան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս