«Կարեն Կարապետյանի մոր հետ միասին մենք դասավանդել ենք. մակարդակով ընտանիք են». Վարդան Բոստանջյան

«Մեր կառավարման համակարգն այնպիսին է, որ համոզված եմ՝ այսպես շարունակելու պարագայում 1000 դրամից հետո նոր 1000 դրամ կստեղծվի: Մեզ մոտ քաղհասարակություն չկա, ընդդիմություն չկա, ու տեսեք՝ ինչքան հետաքրքիր թակարդում ենք հայտնվում. սկսում ենք խոսել 1000 դրամի մասին ու չենք ասում, որ երկիրը սոցիալ-տնտեսական առումով գոյություն չունի, վխտում է կոռուպցիան: Այս պայմաններում մենք հետևողականորեն խոսում ենք 1000 դրամի մասին: 1000 դրամը մի կողմ շպրտվի. ես մտածում եմ՝ մենք երկիր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԵՊՀ դասախոս, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը՝ առաջարկելով դրա փոխարեն պայքարել ամբողջական փոփոխությունների համար:

«Պետք է ասել՝ թողեք հեռացեք մեր երկրից, էնպիսի մարդիկ թող գան, որ կսիրեն մեր երկիրը: Գան մարդիկ, որ չեն բռնաբարի ու թալանի մեր երկիրը ու երկիրը երկիր կդարձնեն: Թե չէ՝ 1000 դրամ կտաք, չեք տա, Կոլումբիայից հայ մարդ կգտնեք, որը երկու կոպեկ ավելի կտա… այնպիսի հարցեր են, որոնց մասին չարժե անգամ խոսել»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակմանը, նա ասաց. «ՌԴ նախագահ Պուտինը երևի ասել է. «Գնացեք՝ ձեր երկիրը պահեք, ես անգամ իմ երկիրը չեմ կարողանում պահել»: Կարեն Կարապետյանը լավ տնտեսագետ է, ես իրեն վաղուց եմ ճանաչում: Մոր հետ միասին մենք դասավանդել ենք, մակարդակով ընտանիք են: Այս պարագայում կարող եք չկասկածել, որ տնտեսական հարաբերությունների դաշտին տիրապետում է, և հասարակության այս ոգևորությունը դրանով է պայմանավորված: Եթե իրեն թույլ տան, հնարավորություն ունենա, ապա նա պետք է աշխատի երկիրը դուրս բերել այս տխուր վիճակից»:

Տեսանյութեր

Լրահոս