Հայ-ռուսական միացյալ զորամիավորման պայմանագրի փոփոխությունը շատ ավելի լայն գործընթացի մաս է. Սկակով

«Նոր պայմանագրում բեկումնային փոփոխություններ չեն լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ռուս-հայկական համատեղ զորամիավորման շուրջ առկա տեսակետներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հավանություն է տվել ՀՀ և ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրին։

Ըստ այդմ, ՌԴ ՊՆ-ն ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ կվարի հայկական կողմի հետ և համաձայնագիր կստորագրի Ռուսաստանի անունից։ Ի դեպ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորմանը՝ մասնավորապես, նշելով, որ զորամիավորումը նորություն չէ և ստեղծվել է դեռևս 1990-ականների սկզբին։

«Գոյություն ունի հրամանատարություն, կան ուժեր և միջոցներ։ Մենք, իհարկե, մանրամասն կուսումնասիրենք այն նորությունները, որոնք ՌԴ նախագահի հրամանագրով կներառվեն համաձայնագրերում»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Հարցին, թե ինչու ռուսական կողմը որոշեց փոփոխություններ մտցնել համաձայնագրում, որից, ըստ էության, հայկական կողմն ամենաբարձր մակարդակով հայտարարեց, որ տեղյակ չէ, Ալեքսանդր Սկակովը պատասխանեց, որ վերջին տարիներին Ռուսաստանը, պայմանավորված իր ազդեցության գոտիներում առկա լարված իրավիճակներով, այդ թվում՝ սիրիական և ուկրաինական հակամարտություններով, ամրապնդում է իր ռազմական ներկայությունը այն գոտիներում, որտեղ ավանդաբար ունեցել է նման ներկայություն: Ըստ նրա՝ այս քաղաքականությունը հիմնականում նկատելի է Հարավային օկրուգում: Ուստի, Սկակովի դիտարկմամբ, սպառվել էր հայ-ռուսական միացյալ զորամիավորման պայմանագրի ժամկետը, և պայմանագրի վերաստորագրումը կարող է տեղի ունենալ թարմացումներով:

«Այսինքն՝ սա ռուսական ռազմական ընդհանուր քաղաքականության արտացոլումն է նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի պայմանագրերում: Կարծում եմ, որ բեկումնային փոփոխություններ չեն գրանցվի:

Ըստ իս՝ կարող են ընդլայնվել գործառույթները, թարմացվել ուժերը, իհարկե, մենք ծանոթ չենք համաձայնագրի մանրամասներին: Այնուամենայնիվ, իմ համոզմամբ՝ չի կնքվի որևէ համաձայնագիր, որը դեմ կլինի Հայաստանի ռազմավարական շահերին, քանի որ կողմերը շատ լավ ծանոթ են այն սահմաններին, որոնք չպետք է հատեն: Ուստի Հայաստանում առկա անհանգստությունները տեղին և արդարացված չեն»,- ասաց Ալեքսանդր Սկակովը:

Վերջինս նշեց, որ այդ զորամիավորման գործառույթները թափանցիկ չեն, բայց հայտնի է, որ այդ զորամիավորումը վերահսկում է հայ-թուրքական սահմանը և Հայաստանի տարածքը թուրքական ոտնձգություններից: «Կարծում եմ՝ ռուս-թուրքական հակամարտությունից հետո այս ուղղությունը չափազանց կարևորվում է՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի ընթացքում թուրքական կողմի հայտարարությունները»,- ասաց Ալեքսանդր Սկակովը:

Տեսանյութեր

Լրահոս