Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը որոշել է զբոսաշրջիկներից 5 եվրո գանձել ԵՄ անայցագիր մուտքի համար

Եվրամիությունը մտադիր է էլեկտրոնային այցագրերի համակարգ սահմանել Շենգենյան գոտի մտնող բոլոր այն անձանց համար, ովքեր ԵՄ-ի քաղաքացիներ չեն: Այս համակարգը ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմի համաձայնագիր ունեցող բոլոր երկրների քաղաքացիներին կպարտավորեցնի ծանուցել ուղեւորության մասին եւ վճարել դրա համար: Այս մասին գրում է Die Welt թերթը՝ վկայակոչելով խմբագրությունում ստացված փաստաթուղթը, որի հեղինակը ԵՄ-ի ներքին գործերի, ներգաղթի եւ քաղաքացիության հարցերի կոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսն է:

«Եվրամիության սահմաններին գրանցման եւ հաշվառման առաջադրվող համակարգը (ETIAS-EU travel information and authorisation system) կդառնա այցագրերի կարիք չունեցող երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանի հատումը վերահսկելու միջոցառումներից մեկը:

Համակարգը թույլ կտա որոշել՝ ԵՄ-ի պետությունների տարածքում այս կամ այն անձի ներկայությունն սպառնալիք  ներկայացնում է արդյոք անօրինական միգրացիայի, անվտանգության կամ հանրային առողջության պահպանման համար»,-ասված է փաստաթղթում: Ըստ Ավրամոպուլոսի պլանների, ETIAS-ը պետք է դառնա «ԵՄ-ի արտաքին սահմանների նկատմամբ հսկողության խճանկարի պակասող տարրը, քանի որ այն կմիավորի միության անվտանգության քաղաքականությունը եւ միգրացիոն քաղաքականությունը»:

Համապատասխան թույլտվությունը կարժենա 5 եվրո, այն կտրվի 18-ից բարձր տարիքի անձանց եւ կգործի մինչեւ հինգ տարի:

Թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշումը կընդունեն առանձին երկրների միգրացիոն գերատեսչությունները, այլ ոչ թե ԵՄ-ի մարմինները:

Պլանի համաձայն, փաստաթղթի ստանալը չպետք է տասը րոպեից ավելի տեւի: Բացի սովորական անձնական տվյալներից եւ բնակության վայրի վերաբերյալ տեղեկատվությունից, հարցումներ կարվեն առողջական վիճակի, դատվածությունների, վտարումների եւ ռազմական գործողությունների գոտիներում գտնվելու մասին: Այդ տվյալները մշակելիս գերատեսչությունները պետք էեվրոպական գերատեսչությունների, օրինակ՝ Եվրոպոլի, տվյալների բազմաթիվ բազաներից օգտվելու թույլտվություն ունենան, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս