ՄԱԿ-ի զեկուցողը դատապարտել է Թուրքիայում ընդդիմադիրների դեմ բռնությունները
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հատուկ զեկուցող Դևիդ Քայեն Անկարայում խստորեն դատապարտել է Թուրքիայում ռազմական ձախողված հեղաշրջումից հետո ընդդիմադիր ձայների նկատմամբ պետական քաղաքականությունը: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle գործակալությունը:
Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Քայեն նշել է, որ Թուրքիայում մութ միջավայր է: Նա նախազգուշացրել է, որ գիտնականների նկատմամբ ճնշումները երկարաժամկետ արդյունքներ կարող են ունենալ: «Եթե այս ամենը շարունակվի, մարդիկ, քանի դեռ անձնագիր ունեն, կլքեն երկիրը և այլ երկրում կդասավանդեն: Որքան շատ գիտնական լքի երկիրը, այնքան ապագա սերունդն ավելի վատ կրթություն կստանա»,- նշել է ՄԱԿ-ի զեկուցողը:
Նա հանդիպումներ է ունեցել մի շարք ձերբակալված լրագրողների հետ: Թուրքիա կատարած այցի արդյունքներով Քայեն պատրաստելու է զեկույց, որը ներկայացվելու է 2017 թվականի գարնանը: