Ինչո՞ւ Մհեր Սեդրակյանը տևական ժամանակ չի մասնակցում ԱԺ աշխատանքներին
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) բավական տևական ժամանակ է՝ չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս հանգամանքը բացատրեց Սեդրակյանի առողջական վիճակով: «Առողջական խնդիր ունի, ես տեղյակ եմ: Նա ստուգումների է գնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վ. Բաղդասարյանը:
Նա հերքեց, որ սեպտեմբերին Մհեր Սեդրակյանի տուն դիմակավորված անձանց ներխուժումից հետո, երբ հետախուզվող անձի են որոնել, ՀՀԿ-ական պատգամավորը դիմել է Սերժ Սարգսյանին, սակայն սառը վերաբերմունքի է արժանացել:
«Բնականաբար, եթե որևէ մեկը երկարաժամկետ կամ կարճաժամկետ բացակայում է, նրա անվան շուրջ հորինվածքներ են սկսում տարածել: Նա առողջական խնդիրներ ունի, և ես սիստեմատիկ կապի մեջ եմ նրա հետ»,- ասաց նա:
Անդրադառնալով քաղաքականությունից Սեդրակյանի հեռանալու մասին լուրերին՝ Վ. Բաղդասարյանը նշեց, թե նման հարց չեն քննարկել. «Անկեղծ ասած, ինձ թվում է՝ մարդուն հիմա ավելի շատ հետաքրքրում է իր առողջությունը»: