Բաժիններ՝

«2017 թվականին կվերանայվի անապահովության գնահատման մեթոդաբանությունը». Սոցապ նախարար

«Սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված 409 միլիարդ դրամը ՀՆԱ-ի մեջ կազմում է 7.6 տոկոս, և պետական բյուջեով նախատեսված ծախսերի շուրջ 30 տոկոսը հատկացված է սոցիալական ոլորտին»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Նրա խոսքով՝ հիմնական ծախսային ուղղությունը կենսթոշակներն են։

Նախարարն ընդգծեց, որ նախարարության միջոցով իրականացվող 90 ծրագրերից 251 միլիարդը հատկացվում է կենսաթոշակներին.

«Մենք 7 տիպի նպաստներ ենք նաև տրամադրում՝ դա «Դրամական վճարներ» ծրագիրն է, և դրամական ծրագրերին ուղղվում է շուրջ 84 միլիարդ դրամ։ Պատվովճարների, պարգևավճարների ծրագրին տրվում է 12 միլիարդ, ավանդի դիմաց փոխհատուցմանը՝ 1.5 միլիարդ դրամ, և վճարման ծառայությունների իրականացման համար՝ շուրջ 351 միլիարդ դրամ»։

Ա. Ասատրյանը նշեց, որ, երբ խոսք է գնում որևէ ծրագրում ավելացումներ կատարելու մասին (կենսաթոշակներում, նպաստներում), պետք է նկատի ունենալ, որ մի փոքր ավելացումը բերում է լրացուցիչ մեծ գումարների անհրաժեշտության։

«Մեր հիմնական գերակայություններից է այս վճարների հասցեականության մեծացումը։ Մեր հիմնական խնդիրն է, որ այն ռեսուրսները, որ պետական բյուջեով նախատեսված են սոցիալական պաշտպանության ոլորտի համար, ուղղվեն ավելի հասցեական ու ապահովեն առաջին հերթին՝ աղքատության գծից ցածր գտնվող մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացմանը։

Նախատեսում ենք 2017 թվականին իրականացնել արմատական վերանայում անապահովության գնահատման մոտեցումների և մեթոդաբանության՝ հիմքում դնելով հետևյալ սկզբունքային մոտեցումը, որ աշխատունակ անձանց համար պետք է ապահովել զբաղվածության ապահովում, և սոցիալական ապահովման ծրագրերը բացառապես ուղղել անաշխատունակ շերտերին»,- հայտնեց նախարարը։ Նրա խոսքով՝ 2017 թվականի երկրորդ ուղղությունը հաշմանդամության մոդելի վերանայումն է։ Ա. Ասատրյանի դիտարկմամբ՝ դրա ուղղությամբ վերջին երեք տարիներին իրականացվել են համապատասխան աշխատանքներ, և նախատեսում են 2017 թվականին անցում կատարել մի համակարգի, որի ներքո գնահատված կարիքի համապատասխան ծառայությունների ապահովում կտրամադրվի.

«Գատնիք չէ, որ այսօր մեր քաղաքացիները հաշմանդամություն ձեռք բերելու համար դիմում են համապատասխան մարմնին, որպեսզի նաև կարողանան օգտվել այլ ծառայություններից, հիմա մենք նախատեսում ենք իրականացնել կարիքի գնահատման աշխատանքներ և անկախ հաշմանդամություն սահմանելու հանգամանքից՝ առաջարկել այդ համապատասխան ծառայությունները կամ ապահովել դրանց մատչելիությունը։ Սրա հիմնական նպատակը մեր ունեցած հիմնական ռեսուրսների՝ ավելի հասցեական ու մատչելի տրամադրումն է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս