Բաժիններ՝

«Ինչո՞ւ ենք մենք փորձում էլի սայլը ձիերից առաջ դնել, և ոչ թե՝ սայլը կապել ձիերի պոչին». Գագիկ Ջհանգիրյան

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են այս ծրագիրն անհետաձգելի ճանաչել.

«Երբ արդեն քրեական դատավարության ամբողջական օրենսգրքի նախագիծը մեծ օրակարգում է, և այսօր էլ ես ստացել եմ  կառավարության պատրաստած «լավաշը» հանձնաժողովի առաջարկությունների և դիտողությունների վերաբերյալ, ինչո՞ւ ենք մենք փորձում էլի տանել սայլը ձիերից առաջ դնել, և ոչ թե՝ սայլը կապել ձիերի պոչին»։

Ա. Ասատրյանը պարզաբանեց, որ նախագիծն անհետաձգելի ճանաչելը պայմանավորված է եղել գործնականում արդեն իսկ ծագած խնդիրները հրատապ լուծելու հետ. «Այսօր մի շարք խնդիրներ իրենց կարգավորմանն են սպասում։ Ինչ  վերաբերում է նոր Քրեական դատավարության օրենսգրքով դրանք կարգավորելուն՝ մեր կանխատեսումներով նոր Քրեական դատավարության օրենսգիրքը  շատ շուտ չի  ընդունվի՝ նկատի ունենալով դրա ծավալուն բնույթը և առկա մի շարք հարցեր, որոնք դեռ քննարկման փուլում են, ինչպես նաև՝ դրան զուգահեռ մշակվում  Քրեական դատավարության օրենսգրքի հետ կապված հարակից օրենքների փաթեթը, և, հետևաբար, այդ ժամանակահատվածը բաց չթողնելու համար և առկա գործնական խնդիրները կարգավորելու նպատակով՝ անհետաձգելի է ճանաչվել»։

Գ. Ջհանգիրյանն էլ արձագանքեց՝ ասելով, որ« եթե ներկայացված նախագիծն իսկապես այդքան արդիական է, գոնե վերցնեին այն նախագծից, որն արդեն մեծ օրակարգում է. «Այսինքն՝ այս ինստիտուտների շարադրանքը. խմբագրությունը  վերցնեինք ընդհանուր նախագծից, որի շուրջ իրավաբանները եկել են մեծ համաձայնության»։

Արդարադատության փոխնախարարն էլ ի պատասխան՝ ասաց՝ քանի որ ինստիտուցիոնալ առումով նոր քրեական դատավարության օրենսգիրքը  նախատեսում է այլ կարգավորումներ, և դրանց  ձևակերպումներն այստեղ ներմուծելու պարագայում ուղղակի ներքին հակասությունների խնդիր կառաջանար, զուտ այդ  պատճառով այդ ձևակերպումները չեն ներմուծվել այս նախագծի մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս