Բաժիններ՝

1 մլն 636 հազար դոլար հափշտակած Գագիկ Մարկոսյանի պատիժը պայմանականորեն չի կիրառվել. սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձել էր` «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի («ՀԱԷԿ» ՓԲԸ) գլխավոր տնօրենի և գործով մյուս ամբաստանյալների դատավճռին։

Պատգամավորը նշել էր, որ նրանց նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժները չեն կիրառվել, սահմանվել է փորձաշրջան. «Ասենք՝ տոնածառ դնելու համար Հայաստանում մարդիկ այս պահին ազատազրկման մեջ են, բայց 783 միլիոն դրամ հափշտակելը նորմալ է»,- հայտարարել էր Էդմոն Մարուքյանը։

Քրեական գործը, որի մասին խոսել էր պատգամավորը, հարուցվել էր դեռ 2014թ. նոյեմբերի 19-ին։ Բավական երկար ժամանակ գործով նախաքննություն էր կատարվել, և 2016թ. հուլիսի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ Գագիկ Մարկոսյանին, ով մինչև 2014թ. դեկտեմբերի 2-ն աշխատել է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր տնօրեն, Ռուբիկ Մովսեսյանին, ով մինչև 2014թ. ապրիլ ամիսն աշխատել է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն, Էդիկ Ղազարյանին, ով աշխատում է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի ուսումնավարժական կենտրոնում՝ որպես վերանորոգման գծով հրահանգիչ։

168.am-ն ուսումնասիրել է գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատավճիռը, որը հրապարակվել է Datalex դատական տեղեկատվական համակարգում։

Պարզվում է՝ այս գործը դատարանը քննել է արագացված կարգով. ամբաստանյալները նման միջնորդություն են ներկայացրել՝ համաձայնելով մեղադրանքների հետ։ Ըստ դատական ակտի՝ նախաքննության ընթացքում նրանք ամբողջությամբ վերականգնել են հանցագործությունների հետևանքով պատճառված նյութական վնասը։

Արդյունքում,  Գագիկ Մարկոսյանի  նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 5 տարի 9 ամիս 7 օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման։ Նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել. սահմանվել է փորձաշրջան 3 տարի ժամկետով։

Ռուբիկ Մովսեսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 տարի 1 ամիս 7 օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման։ Նրա նկատմամբ ևս նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 3 տարի ժամկետով փորձաշրջան։

Էդիկ Ղազարյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 4 տարի 9 ամիս 7 օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման։ Նրա դեպքում ևս նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 3 տարի ժամկետով փորձաշրջան։

Գործի նախապատմությունը

Նշված քրեական գործը հարուցվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչության պետի տեղակալի կողմից 2014թ. նոյեմբերի 19-ին։ Քրեական գործի շրջանակներում 2014թ. նոյեմբերի 25-ին Ռուբիկ Մովսեսյանը՝  «ՀԱԷԿ» ՓԲԸ նախկին կոմերցիոն տնօրենը, ձերբակալվել է։ Երկու օր անց նրան մեղադրանք է առաջադրվել, դատարանի նույն օրվա որոշմամբ՝ Ռուբիկ Մովսեսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

2015թ. հոկտեմբերի 9-ին արդեն Ռուբիկ Մովսեսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել, և դատախազի որոշմամբ՝ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, փոփոխվել է, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

2015թ. հոկտեմբերի 8-ին մեղադրանք է առաջադրվել Գագիկ Մարկոսյանին և Էդիկ Ղազարյանին։ Նույն օրը նրանց նկատմամբ խափանման միջոցներ են ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունները։ Արդեն 2016թ. հունվարի 25-ին Գագիկ Մարկոսյանին և Էդիկ Ղազարյանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են։ Դատարանի 2016թ. հունվարի 25-ի որոշումներով՝ Գագիկ Մարկոսյանի և Էդիկ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոցներ են ընտրվել կալանավորումները։

Դատախազի՝ 2016թ. ապրիլի 18-ի որոշումներով՝ Գագիկ Մարկոսյանի և Էդիկ Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները` կալանավորումները, փոփոխվել են, և նրանց նկատմամբ խափանման միջոցներ են ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունները։ 2016թ. մայիսի 19-ի որոշմամբ՝ Ռուբիկ Մովսեսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է։

Ինչո՞ւմ են մեղադրվել ամբաստանյալները

Գագիկ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով, իսկ Ռուբիկ Մովսեսյանին և Էդիկ Ղազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ հետևյալ արարքների համար։

Ըստ մեղադրանքի՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, ամբաստանյալ Գագիկ Մարկոսյանը, ղեկավարելով կազմակերպված խումբը և առևտրային կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2010-2014թթ. ժամանակահատվածում կազմակերպված խմբի անդամներ, ամբաստանյալ Ռուբիկ Մովսեսյանի, Մովսես Մովսիսյանի և ամբաստանյալ Էդիկ Ղազարյանի հետ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 759.221.500 դրամ, իսկ 2008-2013թթ. ժամանակահատվածում` 24.364.500 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար։ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն, ամբաստանյալ Ռուբիկ Մովսեսյանը մեղադրվել է այն բանում, որ գործելով կազմակերպված խմբի կազմում և առևտրային կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2010-2014թթ. ժամանակահատվածում, կազմակերպված խմբի անդամների հետ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 759.221.500 դրամ գումար։

«ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, ամբաստանյալ Էդիկ Ղազարյանը մեղադրվել է այն բանում, որ գործելով կազմակերպված խմբի կազմում և առևտրային կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2011-2014թթ. ժամանակահատվածում, կազմակերպված խմբի անդամների հետ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 751.790.800 դրամ գումար։

Արագացված քննություն

Դատարանում գործը քննվել է արագացված կարգով։ Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալներ Գագիկ Մարկոսյանը, Ռուբիկ Մովսեսյանն ու Էդիկ Ղազարյանը միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանների հետ, գիտակցում են արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքներն իրենց պարզ են, համաձայն են մեղադրանքների հետ, ու դատարանից խնդրել են իրենց նկատմամբ նշանակել հնարավոր մեղմ պատիժներ։ Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննությունն անցկացնելու մասին։

Նշենք, որ դատարանն արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում: Ուսումնասիրվում են ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Արագացված կարգով քննության պարագայում կայացվում է բացառապես մեղադրական դատավճիռ. արագացված կարգով դատական քննության արդյունքում դատավճիռ կայացնելիս դատարանը նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը։

Դատարանը որպես պատասխանատվությունը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքներ է դիտարկել այն, որ ամբաստանյալներ Գագիկ Մարկոսյանը, Ռուբիկ Մովսեսյանն ու Էդիկ Ղազարյանն իրենց լիովին մեղավոր են ճանաչել, անկեղծորեն զղջացել են կատարած հանցանքների համար և ակտիվորեն աջակցել հանցագործությունները բացահայտելուն, բնութագրվում են դրականորեն, նախկինում արատավորված չեն եղել, նախաքննության ընթացքում ամբաստանյալներ Գագիկ Մարկոսյանն ու Ռուբիկ Մովսեսյանը կամովին և ամբողջությամբ վերականգնել են հանցագործությունների հետևանքով պատճառված նյութական վնասը, և այլն։

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ դատարանը գտել է, որ հնարավոր է ամբաստանյալների հետագա ուղղումն ու վերադաստիարակումը՝ առանց հասարակությունից մեկուսացնելու, և նպատակահարմար չէ, որ վերջիններս ազատազրկման ձևով պատիժներ կրեն, ուստի նրանց նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառել։

Հայաստանում ընտրովի մոտեցման մասին վաղուց են խոսում. դրանց օրինակները տեսնում ենք ցանկացած քայլափոխի։ Փաստաբաններն ու իրավաբանները պարբերաբար խոսում են, օրինակ, այն մասին, որ Հայաստանում չի աշխատում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը, սակայն որոշ ներկա կամ նախկինում պաշտոնյաների որդիների դեպքում այն բավական հաջող կիրառվում է։ Պատժաչափի ընտրության հարցում ևս դատավորների փաստարկները հաճախ չեն համոզում։

Հիշենք 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում Երևանի Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի հարևանությամբ, տեղի ունեցած դեպքը. երկու անձի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, երեքի առողջությանը՝ միջին ծանրության վնաս։ Արդյունքում՝ անձը դատարապտվեց 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Համեմատության համար հիշեցնենք Հայկ Կյուրեղյանի նկատմամբ նշանակված պատժաչափը. վերջինս մեղադրվում էր այն բանի համար, որ 2014թ. հունիսի 12-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընղհանուր իրավասության դատարանի շենքի առջև բարձրացել է դատարանի շենքի առջևի ավտոկայանատեղիում կայանված ավտոմեքենայի տանիքին, քայլել է մեքենայի տանիքի վրայով և դիտավորությամբ վնասել այն՝ պատճառելով 284.000 դրամի գույքային վնաս, աղմկել է ու բռնություն գործադրել՝ որպես զենք օգտագործվող առարկայով՝ իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել տարածքում ծառայություն իրականացնող՝ Ոստիկանության ծառայողների  ուղղությամբ, և դիտավորությամբ նրանց առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ. ըստ մեղադրանքի՝ ոստիկաններից մեկի առողջությանը պատճառվել էր թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։ Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատարկման։ Որպես խափանման միջոց կիրառվող կալանավորման մասին խոսելը հավանաբար ավելորդ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս