«Մեր ժողովուրդն ամեն ինչ արել է ու կանի իր բանակի համար, սակայն ժողովուրդը նաև արդարություն է պահանջում». Ստեփան Դեմիրճյան

«Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015 թվականին աղքատության մակարդակը չի նվազել 2008 թվականի աղքատության մակարդակից և կազմել է շուրջ 30 տոկոս»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարությունների ժամանակ հայտարարեց պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում աղքատ է համարվում 900 հազար մարդ, սակայն իրականում աղքատության մակարդակը շատ ավելի բարձր է, քանի որ, ըստ նույն պաշտոնական տվյալների, բնակչության 60 տոկոսը թերսնվում է։

«Աղքատության աճի մասին է խոսում նաև ապրանքաշրջանառության ծավալների անկումը։ Նվազել է թե՛ առաջին անհրաժեշտության ապրանքների, թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի սպառումը։ Միևնույն ժամանակ, կտրուկ աճել է երկրի պետական պարտքը և ներկայումս գերազանցում է  ՀՆԱ-ի 50 տոկոսը՝ մոտենալով 6 միլիարդ ԱՄՆ դոլարին։ Չի դադարում արտագաղթը։ Սա է այս վարչախմբի  գործունեության արդյունքը։ Իհարկե, իշխաությունները փորձում են այդ ամենը կապել արտաքին ոչ բարենպաստ գործոնների  և առաջին հերթին՝ Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացման հետ։ Մենք չենք էլ թերագնահատում արտաքին գործոնները, սակայն ակնհայտ է, որ երկրի այսօրվա աղետալի սոցիալ-տնտեսական վիճակն առաջին հերթին՝ պայմանավորված է վատ, ոչ ազնիվ կառավարմամբ։ Նման պատկեր չէր լինի, եթե իշխանությունը չծառայեցվեր մի խումբ մարդկաց հարստացմանը։ Ակնհայտ է ուղիղ կապը կոռուպցիայի և աղքատության միջև»,- նշեց Ս. Դեմիրճյանը։

Նա նշեց, որ աղքատության աճին զուգահեռ՝ աճել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների բարեկեցությունը, ավելանում է նրանց շքեղ դղյակների թիվը. «Պատահական չէ, որ այսօր բուռն քննարկման արժանացավ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրինագիծը։ Մեր ժողովուրդն ամեն ինչ արել է ու կանի իր բանակի համար, սակայն ժողովուրդը նաև արդարարություն է պահանջում։ Կա վստահության խնդիր»։

Տեսանյութեր

Լրահոս