Ուշադրություն. որոնվում է լուսանկարում պատկերված անձը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու ոսկյա մատանին հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Քաղաքացի Ա.Առուստամյանից ահազանգ է ստացվել առ այն, որ 2016թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, մի երիտասարդ, բջջային հեռախոսը վաճառելու պատրվակով, խաբեությամբ հափշտակել է իր ոսկյա մատանին:
Նախնական քննությամբ պարզվել է, որ տուժողն առերեւույթ հանցագործություն կատարած անձի հետ հանդիպել է Թամանյան 6 հասցեի մոտ՝ «iphone 5s» մոդելի բջջային հեռախոս գնելու նպատակով։ Ըստ պայմանավորվածության՝ հեռախոսի գումարը պոտենցիալ գնորդը պետք է վճարեր հետագայում, իսկ որպես երաշխիք երիտասարդը նրանից վերցրել է ոսկյա մատանին և հեռացել՝ առանց փոխանցելու հեռախոսը: Այդպիսով՝ քաղաքացու վստահությունը չարաշահելով՝ հափշտակվել է վերջինիս ոսկյա մատանին՝ պատճառելով զգալի չափերի վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են նշված տարածքում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում ՝լուսանկարներում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված՝ ջինսե տաբատով, սև շապիկով երիտասարդ տղային կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: