Բաժիններ՝

«Թրամփի գլխավոր գերակայություններից մեկը կլինի ԻՊ-ի ոչնչացումը». Ռուդոլֆ Ջուլիանի

ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփն իր նախագահության վաղ փուլում արտաքին քաղաքականության ոլորտի գլխավոր գերակայություններից մեկը կդարձնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումը: Այս մասին հայտարարել Է Թրամփի հանգուցային խորհրդականներից մեկը՝ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին, ելույթ ունենալով The Wall Street Journal թերթի կողմից կազմակերպված խորհրդաժողովում:

Ինչպես նշում է հրատարակությունը, Ջուլիանին հայտարարել է, որ «Թրամփի արտաքին քաղաքական ռազմավարությունը, ամենայն հավանականությամբ, վաղ փուլում նպատակամղված կլինի ԻՊ-ի ոչնչացմանը», ընդ որում՝ մյուս հարցերի լուծումը, որոնք վերաբերում են ինչպես Մերձավոր Արեւելքին, այնպես էլ աշխարհի մյուս տարածաշրջաններին, հանրապետականը սկզբնական շրջանում կհետաձգի:

«ԻՊ-ն կարճաժամկետ հեռանկարում ամենամեծ վտանգն է ներկայացնում, եւ դա ոչ թե այն պատճառով, որ նա գործում է Իրաքում եւ Սիրիայում, այդ որովհետեւ ԻՊ-ն արեց այն, ինչը չհաջողվեց «Ալ Քաիդա»-ին, ԻՊ-ն կարողացավ տարածվել ամբողջ աշխարհում»,-նշել է Ջուլիանին:

Խոսելով Մերձավոր Արեւելքի իրադրության մասին՝ Ջուլիանին, որը, հրատարակության տվյալներով, Թրամփի ապագա վարչակազմում պետքարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկն է, նախազգուշացրել է, որ տարածաշրջանը կարող է ներքաշվել էլ ավելի ընդգրկուն հակամարտության մեջ, քան սիրիականն Է: Ընդսմին Թրամփի խորհրդականը չի ճշտել, թե ԱՄՆ-ի նախագահ ընտրված Թրամփն ինչպես է մտադիր լուծել այն հիմնախնդիրները, որոնց բախվել է Մերձավոր Արեւելքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս