«Պետք չէ անընդհատ լացել` մենք պատերազմի մեջ ենք». Վահրամ Բաղդասարյան

«Ես չեմ կարծում, որ մենք պետք է չներկայացնենք ընդհանուր առմամբ մեր հնարավորությունները: Մեր զորահանդեսը բավականին հարցերի պատասխաններ տվեց, և այդտեղ էլ էինք բավականին ծախս արել, բայց հանրության մոտ եղած անհանգստությունը, որ համապատասխան զենք-զինամթերք չունենք, չենք կարողանալու պատասխան տալ, դրա պատասխանը տրվեց զորահանդեսի ժամանակ: Եվ, ընդհանուր առմամբ, եթե մենք կատարում ենք մի գործ, դա չի նշանակում, որ պետք է տոնակատարություններ չանենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով հարցը, որ հանրության վրդովմունքին արժանացած «1000 դրամների» նախագծի ֆոնի վրա տոնական համերգների համար տասնյակ-միլիոնների ծախսը չի ընկալվում:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հիշեցնենք, ԱԺ նիստում հայտարարեց, որ 50 մլն դրամ հատկացվում է ոչ թե՝ հաջորդ տարվա հունվարի 28-ին բանակի տոնական համերգի համար, այլ դա 2016 թվականի համերգի գինն է: Նախարարը նաև նշեց, որ հաջորդ տարի` բանակի ստեղծման 25-ամյակին, կրկին լինելու է տոնական համերգ:

Ըստ Վ.Բաղդասարյանի, իհարկե, ամեն ինչ պետք է արվի համեստ, հնարավորությունների սահմաններում, իսկ զոհված կամ հաշմված զինծառայողների փոխհատուցման համար ստեղծվող հիմնադրամը կծառայի նաև այլ ներդրումներ ներգրավելու համար: Նա նկատեց, որ կատարվող լավ գործին չպետք է քաղաքական երանգներ տալ. «Այստեղ որևէ քաղաքական երանգ, քաղաքական միտում չկա: 1-2 տարի հետո դուք կհամոզվեք, որ սրա վրա կլինի այնպիսի վերահսկողություն, և ամեն իմաստով կծառայի իր նպատակներին, և այս գումարներից չէ, որ պետք է տալ համերգի կամ այլ նպատակի»:

Վ. Բաղդասարյանի կարծիքով` ճիշտ չի լինի Բանակի 25-ամյակը չնշելը: Նա միաժամանակ չբացառեց, որ համերգն էլ կարող է բարեգործական լինել, թեև դա չի կարող ընդհանրապես ծախսերից զերծ մնալ: Ըստ նրա` եթե համերգ չլինի, մեղադրանքներ կհնչեն, որ համակերպվել են, ոչ մի բան չեն կազմակերպում:

Կարդացեք նաև

«Ինձ թվում է` այս տոնակատարությունները միշտ պետք է նշվեն: Ժողովուրդը շատ լավ է ընդունում, և պետք չէ անընդհատ լացել` մենք պատերազմի մեջ ենք, պետք է նաև ոգևորություն լինի: Բայց պետք է անենք մեր հնարավորությունների սահմանում, ոչ թե պատռվենք, հնարավորություններից դուրս գանք»,- ասաց Վ. Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս