«Ղարաբաղյան նոր պատերազմի վերսկսումը չափազանց իրատեսական է». Կոլերով

Նոյեմբերի 11-ից սկսած ադրբեջանական կողմը սրել է իրավիճակը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ արկակոծելով առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա)  ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվել Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը: Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի սանձազերծած լարվածության նոր ալիքի շուրջ 168.am-ը զրուցել է «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, Ռուսաստանի առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ։

Պարոն Կոլերով,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից հետո  հաճախակիացան  ադրբեջանական սադրանքները ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում։ Ներկայումս որքանո՞վ եք հավանական համարում լայնածավալ գործողությունների վերսկսումը։

– Այն ամբողջ ընթացքում, որն ընկած էր Ղարաբաղյան  ապրիլյան պատերազմից հետո, ես՝ ի տարբերություն իմ բազում գործընկերների, կարծել եմ և  համարում եմ ռազմական գործողությունների վերսկսումը չափազանց իրատեսական։ Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց ապրիլյան պատերազմում հաղթողներ են համարում, թեև նրանք  նաև մոռացել են, որ հենց Ադրբեջանն էր ռազմական գործողությունների դադարեցումը նախաձեռնած կողմը։ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում իրականացնել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովի ժամանակ։

Այս իրավիճակում ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկել համանախագահները վտանգը վերացնելու նպատակով։ Համանախագահները գործում են իրենց ավանդական ռիթմով, որը կարծես չի զգոնացնում ադրբեջանական կողմին։

Համանախագահները պետք է մաքսիմալ պահանջկոտ և վճռական լինեն, քանի որ  Ադրբեջանի ներկայիս գործողություններն արժեզրկում են, անիմաստ են դարձնում համանախագահների ջանքերը, ավելին, «ապտակում են» և՛ ԱՄՆ-ին, և՛ Ֆրանսիային, և՛ Ռուսաստանին։ Միակ հարցը հետևյալն է՝ այս բոլոր  երկրները պետք է համարժեք կերպով  ընկալեն Ադրբեջանի այս քայլերը։

– Դուք նշեցիք, որ Ադրբեջանը չի ցանկանում իրականացնել իր ստանձնած պարտավորությունները։ Այնուամենայնիվ ապրիլյան պատերազմից հետո  Վիեննայում սկսված, Սանկտ Պետերբուրգում շարունակված բանակցություններն ընդհատվեցին, ըստ մի շարք կարծիքների՝ այն պատճառով, որ , բացի այն ամենից, ինչ հանրությանն է հայտնի, այդ հանդիպումների ժամանակ կարգավորման բովանդակային հարցեր են քննարկվել, և կրկին կողմերը համաձայնության չեն եկել, որի հետևանքով՝ գործընթացը հայտնվել է փակուղում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ընդհատվեց ապրիլյան պատերազմից հետո սկսված ակտիվ բանակցային գործընթացը։

– Ես կարծում եմ՝ բոլորիս հայտնի է՝ ինչի շուրջ էին ընթանում բանակցությունները, այդ մասին շատ է գրվել։ Իսկ իմ համոզմամբ, բանակցությունները փակուղում են, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում կատարել իր պարտավորությունները՝ համաձայնել հետաքննությունների մեխանիզմին, մոնիտորինգին, դիտորդների թվաքանակի ավելացմանն ու  միջադեպերի դադարեցմանը շփման գծում։ Այդ փուլում, կարծում եմ, այլ հարցեր չեն քննարկվել, խնդիրն այլ տեղ պետք չէ փնտրել։

Օրերս Ադրբեջանի նախագահը մի հարցազրույցում ուշագրավ հայտարարություն էր արել՝ չբացառելով Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, ինչը հայաստանյան փորձագիտական հանրության կողմից դիտարկվում է՝ որպես գործարքի առաջարկ՝ ուղղված Ռուսաստանին։ Այս կարծիքներն ուղեկցվում են «Լավրովի ծրագրի» համադրումներով և պնդումներով, որ Ադրբեջանն իր այդ քայլն առաջարկում է տարածքների կամ Ղարաբաղի դիմաց։ Ռուսաստանը որքանո՞վ է հետաքրքրված այս գործարքով ներկայումս։

– «Լավրովի ծրագրի» վերաբերյալ խոսակցություններին բազմիցս եմ անդրադարձել ոչ միայն ես, այլև ՌԴ ԱԳ նախարարությունը։ Ալիևի հայտարարության վերաբերյալ կասեմ հետևյալը՝ առաջին հերթին՝ Ալիևն ապատեղեկատվություն է տարածում բոլորին, ովքեր  կարդացել կամ լսել են այդ հարցազրույցը, քանի որ  ԵՏՄ-ին անդամակցությունն առանց  Հայաստանի թույլտվության չի կարող տեղի ունենալ։ Երկրորդ՝ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում հավասար է  ԵՏՄ մյուս բոլոր անդամների դիրքորոշումներին, այդ թվում՝ Հայաստանի։ Ուստի  գործարքի մասին խոսակցությունը՝ ԵՏՄ անդամակցություն՝ ինչ-որ բանի դիմաց, բացարձակապես տեղին չէ։

Տեսանյութեր

Լրահոս