Թթու կաղամբ վրացական ձևով. վիտամինային ռումբ ձմեռային ճաշացանկի համար
Այս մթերքի վրացական անվանումը «Մժավե կոմբոստո» է: Վրաստանի յուրաքանչյուր շրջանում այն յուրովի են պատրաստում: Բայց բոլորի մոտ կա միևնույն բնորոշ առանձնահատկությունը. մթերքը պատրաստելիս անպայման ավելացվում է բազուկ:
Կաղամբ վրացական ձևով
Բաղադրիչները.
1. Կաղամբ – 3 կգ
2. Բազուկ – 1.5 կգ
3. Կծու կարմիր պղպեղ – 3 հատ (եթե շատ կծու չեք սիրում, կարող եք օգտագործել 1 հատ)
4. Սխտոր – 2 հատ
5. Նեխուր – 2 փունջ
6. Աղ – 3 ճ/գ
7. Ջուր – 2 լ
8. Հատիկ սև պղպեղ՝ ըստ ճաշակի
9. Հատիկ բուրավետ պղպեղ – 10 հատ
10. Դափնու տերև, մեխակ – 3 ծաղկաբույլ
Պատրաստման եղանակը.
1. Այս բաղադրատոմսում օգտագործվում է սառը աղաջուր, ուստի պետք է այն պատրաստել նախօրոք: Կաթսայի մեջ ջուր եռացնել և լցնել աղը, ավելացնել պղպեղը, մեխակը, դափնու տերևը: Աղի քանակը կարող է փոխվել ըստ Ձեր ճաշակի: Թողնել աղաջուրը, որպեսզի սառչի:
2. Կաղամբը կտրատել մեծ կտորների: Բազուկը կտրատել բարակ կլորների:
3. Մաքրած սխտորը կտրատել երկարությամբ, իսկ պղպեղը՝ օղակներով:
4. Խորը կաթսայի մեջ շարքով շարել մթերքը: Հատակին բազուկ, հետո կաղամբ, նորից բազուկ, հետո սխտոր և պղպեղ. դա ծածկել նեխուրով (մի քանի ճյուղ): Այդպես շարել ամբողջ կաթսան: Վերևի շարքը՝ բազուկ:
5. Լցնել սառը աղաջուրն այնպես, որպեսզի այն ամբողջությամբ ծածկի մթերքը: Վրան դնել ափսե, ափսեի վրա՝ ծանրություն: Մոռանալ կաղամբի մասին 3 օր, թող խմորումը կատարվի հենց խոհանոցում: Եթե անհրաժեշտություն լինի, ավելացնել աղը:
6. 3 օր հետո կաղամբը կաթսայով դնել սառնարանի մեջ: Իսկ 5-րդ օրը թթուն ամբողջովին պատրաստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը