«Մենք կապ էինք պահպանում Թրամփի թիմի հետ». ՌԴ ԱԳՆ
Ռուսական իշխանությունները կապեր էին պահպանում Դոնալդ Թրամփի թիմի հետ ԱՄՆ նախընտրական քարոզարշավի ժամանակ և դրանք մինչ օրս պահպանում են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Շփումներ եղել են։ Դա աշխատանքային պահ է և այս կամ այն գործողությունների հաջորդականությունը կախված է իրավիճակից և այն հարցերից, որոնք ծառացած են նրանց առաջ։ Սակայն մենք շարունակում ենք այդ աշխատանքը, բնականաբար, նաև ընտրություններից հետո»,- ասել է ռուս դիվանագետը։
«Հասկանալի է, որ նրա մերձավոր շրջապատի մարդիկ մեծ մասամբ մեզ հայտնի են։ Դրանք մարդիկ են, որոնք ԱՄՆ-ում միշտ աչքի են ընկել, զբաղեցրել են շատ պատասխանատու պաշտոններ։ Չեմ ասի, թե ոչ բոլորը, սակայն նրանց մի մասը շփումներ պահպանել է ռուս ներկայացուցիչների հետ»,- ասել է Ռյաբկովը։