«Ես չեմ կարծում, որ լուրջ մտահոգվելու տեղ կա». Շավարշ Քոչարյանը՝ Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին

«Աշխարհի տարբեր ծայրերում այնքան տարբեր գնահատականներ կան իրարամերժ։ Անհրաժեշտ է, որ մենք տեսնենք, որ գործ ունենք մի կայուն համակարգի հետ՝ իր կայուն փորձագիտական դաշտով, իր կայուն նախապես առկա ծրագրերով, մոտեցումներով, և այն արտաքին քաղաքականությունը, որ կորդեգրի արդեն Սպիտակ տան ղեկավարությունը, իհարկե, մենք կտեսնենք։ Համենայն դեպս, ես չեմ կարծում, որ լուրջ մտահոգվելու տեղ կա, բայց աշխատելու տեղ միշտ էլ կա»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով ԱՄՆ նոր նախագահի ընտրության մասին։

Դիտարկմանը, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը տարիներ առաջ ասել էր, թե Ղարաբաղի մասին տեղյակ չէ, Շ.Քոչարյանը պատասխանեց, թե պարտադիր չէ, որ աշխարհի ամեն մի մասում տեղի ունեցած իրադարձությունների մասին թեկնածուն ամբողջությամբ տեղյակ լինի։

Անդրադառնալով Ադրբեջանում իրականացվող մեծածավալ զորավարժություններին՝ փոխնախարարը նշեց, որ Վիեննայից հետո նմանատիպ զորավարժությունների անցկացման համար պետք է դիմեն 40 oր առաջ, բայց դա չեն արել. «Այսինքն՝ Բաքուն շարունակում է տորպեդահարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կյանքի կոչելը»։

Շ. Քոչարյանը հավելեց, որ ամեն դեպքում այդ զորավարժություններն ընդամենն ուժի ցուցադրություն են, բայց մենք պետք է միշտ պատրաստ լինենք։

Կարդացեք նաև

 Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս