ՏՏ ոլորտի ներկայացուցիչները դիմել են Կարեն Կարապետյանին՝ դեսպանատներում ներկայացուցիչներ ունենալու առաջարկով
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցելու նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում նոր հանձնարարական տվեց Արտաքին գործերի նախարարությանը: Վարչապետի խոսքով՝ շաբաթական մեկ օր ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկում են, թե ինչ պայմաններ ստեղծեն, որպեսզի իրենց համար բարենպաստ պայմաններ լինեն և «թռիչք ապահովեն»:
«Իրենք դիմել են հետևյալ խնդրանքով. 15 երկրների ՀՀ դեսպանատներում այդ հարթակը օգտագործելով՝ իրենք ուզում են ունենալ ներկայացուցչություններ: Դա լրացուցիչ ծախս չէ դիվանագիտական կորպուսի համար, ծախսը հոգալու են ՏՏ ոլորտի բիզնեսի ներկայացուցիչները: Խնդրում ենք աջակցել»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նա դիմեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներին, մտածել, որ գուցե նման հարթակ ստեղծեն նաև իրենք. «Գուցե նման հարթակներ նաև իրենց պետք լինեն, որպեսզի իրենք էլ չստեղծեն առանձին առևտրային ներկայացուցչություններ»: