«Կոմպլեմենտարիզմը՝ որպես արտաքին քաղաքականության հենք, պետք է ետ վերադարձվի». Վարդան Օսկանյան

«Համախմբում» կուսակցության նախագահ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով ԼՂՀ խնդրին՝ հայտարարեց, թե Հայաստանին իսկապես շատ բարդ բանակցություններ են սպասվում, առկա են լուրջ, մտահոգիչ խնդիրներ։

«Այսօր մեր հիմնական խնդիրը պետք է լինի՝ արդեն բանակցային փաստաթղթում ամրագրված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից անցնել շատ ավելի գործնական, արդեն 25 տարի այս իրավունքի կիրառված լինելու փաստի քննարկմանը։ Սա հնարավոր է անել ճիշտ դիվանագիտության կիրառման դեպքում։ Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը  կամ միջնորդները փորձեն շեղել քննարկումների թեման և տանեն դեպի տարածքների վերադարձ։ Սա շատ վտանգավոր ճանապարհ է լինելու»,- ասաց Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ շեշտադրումների պարտադրումը և խնդրի լուծման բանալին գտնվում են միայն և միայն Երևանում և Ստեփանակերտում, մենք ինքներս պետք է որոշենք մեր հայրենիքի սահմանները։

Տարածաշրջանային խնդիրների մասին խոսելով՝ Վարդան Օսկանյանն ասաց, որ Հարավային Կովկասում այսօր շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենում, սակայն ակնհայտ է, որ մենք իսպառ բացակայում ենք այդ ամենից։ Կոմպլեմենտարիզմը՝ որպես արտաքին քաղաքականության հենք, պետք է ետ վերադարձվի, առաջնային պետք է դարձվի Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը, ընդհուպ՝ մինչև ինտեգրացիոն գործընթացների սկիզբ։

Նա հայտարարեց, որ «Համախմբում» կուսակցությունը քաղաքական ուժերին կոչ է անում արդեն այսօրվանից սկսել խոսել այս թեմաների շուրջ։ «Մենք անելու ենք ամեն ինչ, մեր բոլոր ջանքերը դնելու ենք, որպեսզի Հայաստաում ձևավորվի համախոհ կուսակցությունների քաղաքական բևեռ»,- ասաց նա։  Եթե այնպես պատահի, որ «Համախմբում» կուսակցությունն ընտրությունների գնա առանձին, ցուցակն ինքն է գլխավորելու։

 

Տեսանյութեր

Լրահոս